Հասարակական

ՀՀ Նախագահը հանդիպեց մտավորականների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հանդիպեց մտավորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին այցելեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, որը նոր է վերանորոգվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նույն տեղում Նախագահը նաև հանդիպում ունեցավ մտավորականության ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանը, թատրոնը,կարծես, մի ջերմ օջախ է, որ հյուրընկալում է դերասաններին և իր հանդիսատեսին: «Վերանորոգումը մեր թատրոնին հնարավորություն կտա գործելու առավել քաղաքակիրթ պայմաններում, սակայն դրա մասին մեր հանդիսատեսը չի զգացել, իսկ այժմ մեզ համար սկսվում է խիստ պատասխանատու շրջան»,- նշեց Նարինե Մալյանը՝ հավելելով, որ թատրոնի վերանորոգումը տևել է 3-4 ամիս: Թատրոնը վերանորոգվել է կինոմատոգրաֆիստների միության և անհատ բարերարների օժանդակությամբ:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքով՝ մշակութային գործիչները մշտապես զգում են պետության ուշադրությունն իրենց հանդեպ: Որպես դրա օրինակ, Վարդազարյանը նշեց ՀՀ Նախագահի օժանդակությամբ էստրադային նվագախմբի նվագարանների թարմացման խնդիրը, որն ամբողջությամբ լուծված է:

Դերասան Ազատ Գասպարյանն էլ հուսով է, որ 2012 թ-ի ընթացքում պետության շարունակական օժանդակությունը մշակութի հանդեպ չի դադարի, իսկ մշակութային գործիչները կզարգացնեն իրենց ազգօգուտ գործը:

Իր ստեղծման պահից մինչ օրս թատրոն-ստուդիան գործել է կինոյի տան փոքր դահլիճում, և չէր վերանորոգվել արդեն շուրջ 30 տարի: Վերանորոգումից հետո դահլիճը սարքավորվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան, կառուցվել են նոր հանդերձարաններ, դիմահարդարման սենյակներ, փորձասենյակներ և այլն:

Նախագահը շրջեց վերանորոգված շենքում, որից հետո ներկայացվեցին Հ.Մալյանի հայտնի ֆիլմերից, և թատրոնի ներկայացումներից հատվածներ: Այնուհետև մտավորականները հնարավորություն ունեցան շփվել երկրի ղեկավարի հետ անմիջական միջավայրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում