Հայկական ոչ մի ձեռագիր ռեստավրացիայի համար չի ուղարկվում արտերկիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափազանց կարեւոր է հայ ժողովրդի անգնահատելի հարստության` հայերեն հին ձեռագրերի պահպանումն ու վերականգնումը: Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտում ռեստավրացիոն գործընթացի կարեւորության ու դրա հետ կապված բարդությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի հետ:

-Տիկին Էլիազյան, հետաքրքիր է, թե ինչպես են ընտրվում այն ձեռագրերը, փաստաթղթերը, որոնք պետք է ենթարկվեն ռեստավրացիայի:

-Վերականգնողական գործընթացներում ստույգ ժամկետների մասին խոսելը սխալ կլինի, որովհետեւ Մատենադարանում պահվում են ձեռագրեր` սկսած 5-րդ դարից: Ամեն մի ձեռագիր յուահատուկ է եւ առաջնահերթության ընտությունը կատարվում է անձնակազմի միացյալ ուժերով: Սկզբում ընտրվում է նյութը, բերվում է բաժին վերականգնելու եւ կոնսերվացնելու:

Մեզ համար կարեւոր է գիտական վերականգնումը: Միջնադարում վերականգնողական աշխատանքներն իրականացրել են անգիտակ մարդիկ, որոնց նպատակը հիմնականում եղել է նյութի ֆիզիկական վիճակի փրկությունը եւ դրանով սահմանափակվել է խնդիրը: Այժմ հարցերն ավելի լուրջ ու խորն են: Կոնսերվացումը դարձել է շատ լուրջ ու խորը գիտություն, որին հարկավոր է անպայման տիրապետել, իսկ եթե ոչ` ավելի մեծ վնաս կհասցվի նյութին: Այստեղ պետք է ընդունված կանոններին հետեւել եւ ոչ թե ինքնագործունեությամբ զբաղվել:

-Կա՞ն Հայաստանում ոլորտի համապատասխան մասնագետներ:

-Մենք այս ոլորտում ունենք մի մեծ առավելություն` 52 տարվա փորձ` չնայած գիտակ մասնագետների կարիք միշտ կա: Մեր իրականացրած աշխատանքներն ամբողջությամբ մրցունակ են`չնայած նրան, որ մենք չունենք համապատասխան ռեստավրացիոն դպրոց կամ համալսարան:

-Ի՞նչ կասեք Մատենադարանի տեխնիկական հագեցվածության մասին:

-Նախկինում այդ առումով մեր վիճակը շատ տխուր էր, բայց բարեբախտաբար, իրավիճակը փոխվեց, երբ Ճապոնիայի կառավարությունը 2002 թ-ին Մատենադարանին տրամադրեց բավական լուրջ սարքեր: Դրանք այն ժամանակ արդիական էին, սակայն այժմ համալրման կարիք կա: Այս պահին մենք պատրաստվում ենք պայմանագրեր կնքել մի շարք հայտնի ընկերությունների հետ:

-Եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ ձեռագիրը վերականգնման համար ուղարկվել է արտերկիր:

-Նման որեւէ դեպք չի եղել: Մենք միշտ աշխատում ենք մեր ուժերով կատարել նորոգումները, որովհետեւ կան մի շարք հիմնարկներ, որոնք շատ հաճախ չեն վերցնում պատասխանատվությունն իրենց վրա: Եվ չի եղել մի դեպք, երբ մենք վնասել ենք այն:

-Մատենադարանում պահվող ձեռագրերից քանի՞սն այժմ ունեն վերականգնման կարիք:

-Մատենադարանը միայն թանգարան չէ, այլ գիտահետազոտական ինստիտուտ: Մեր բոլոր ձեռագրերն ուսումնասիրվում են, գնում են ընթերցասրահներ, թերթվում են, նկարահանվում եւ թվայնացնում: Այնպես, որ կա ձեռագրերի մի մաս, որոնք միշտ կարիք ունեն նորոգման կամ բուժման: Ռեստավրացիան անընդհատ պրոցես է:

-Որքա՞ն ժամանակահատված է միջինում հարկավոր ձեռագիրը վերականգնելու համար:

-Դրա մասին էլ է դժվար խոսել: Մենք նոր ենք ավարտել հայտնի 1057 թ-ի Մելիտենեի մագաղաթյա ավետարանը: Դրա վրա աշխատել են 4 մասնագետներ եւ աշխատանքները տեւել են 3 տարի: Լինում են նաեւ դեպքեր, որոնք ավելի արագ են ստացվում: Դա կախված է ձեռագրի նյութից, վնասվածության աստիճանից, չափերից, սնկային հիվանդություններից, վարակվածությունից:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա