Վերլուծություն

Եվրոն փրկելու նպատակով Եվրոպայի երկրների գործողությունները «չափազանց ուշացած են»

5 րոպեի ընթերցում

Եվրոն փրկելու նպատակով Եվրոպայի երկրների գործողությունները «չափազանց ուշացած են»

ԼՈՆԴՈՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոն փրկելու նպատակով եվրագոտու 17 երկրների կողմից ներկայում ձեռնարկվող գործողությունները ուշացած են ու անբավարար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է միասնական եվրոպական արժույթի գլխավոր ճարտարապետներից մեկը' Ժակ Դելորը, որը 1985-1995 թվականներին զբաղեցնում էր Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Էկոնոմիկայի հարցերում անվանի փորձագետի կարծիքով' ներկայիս ճգնաժամը, որը մի շարք վերլուծաբանների գնահատականների համաձայն, կարող է հանգեցնել եվրոյի գոտու փլուզման, այն մի շարք լուրջ վրիպումների արդյունքն Է, որոնք Եվրամիությունը թույլ է տվել միասնական արժույթի նախագծի իրագործման ընթացքում: Ինչպես նշել է Դելորը, Եվրոպայի երկրների ղեկավարները ուշադրություն չէին դարձնում անդամ մի քանի երկրների էկոնոմիկաների օբյեկտիվորեն թույլ կողմերի վրա' դրանով իսկ խարխլելով տնտեսական միության հիմքերը: «Ֆինանսների նախարարները պարզապես աչք էին փակում այն խնդրահարույց երեւույթների վրա, որոնք անհրաժեշտ էր կարգավորել»,- ասել է Դելորը: Իսկ Եվրոպայի ղեկավարների ներկայիս սերնդին առայժմ չի հաջողվել լուծել այն խնդիրները, որոնց բախվել Է եվրոն:

Դելորը նշել է, որ 1999 թվականին միասնական արժույթը շրջանառության մեջ դնելու որոշումը հապճեպորեն էր ընդունվել' կարգավորիչ ուժեղ եվրոպական մարմինների բացակայությամբ, որոնք կարող էին պարտքային պարտավորությունների ճգնաժամ թույլ չտալ Եվրամիության մի շարք երկրներում: Սակայն, Դելորի խոսքով, ներկա իրադրության համար պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Հունաստանի եւ Իտալիայի, այլ Եվրոպայի բոլոր երկրների վրա: Ըստ որում նա հատկապես նշել է Գերմանիայի դերը, որի կառավարությունը հնարավոր գնաճի պատճառով ձգտում է թույլ չտալ, որ Եվրոպայի կենտրոնական բանկը օգնություն ցուցաբերի պարտապան երկրներին եւ անզիջում պաշտպանում է իր դիրքորոշումը: Դժվարությունները, որոնց բախվել է եվրոյի գոտին, Դելորի խոսքով, «պայմանավորված են նախ եւ առաջ նրանով, որ ԳՖՀ-ն կառչած Է մնում արժութային խիստ կարգավորման գաղափարին, իսկ Եվրամիության մյուս անդամները գործողությունների ընդհանուր ծրագիր չունեն»:

Դելորի գնահատականների համաձայն' ներկայիս ճգնաժամի մասշտաբներն այնպիսին են, որ նույնիսկ Գերմանիայի համար չափազանց դժվար կլինի ընդունելի լուծում գտնել: Իրադարձությունների զարգացման բազմաթիվ տարբերակների առկայությամբ զգալի դժվարություններ են սպասում նաեւ Եվրամիության այն երկրներին, որոնք եվրոյի գոտու մեջ չեն մտնում: «Շուկան մնում է շուկա, իսկ այժմ ներդրողները բացարձակապես ոչ մի վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ»,- նշել է Դելորը:

Իր հերթին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն «Պասաուեր նոյե պրեսե» գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ի եվրոգոտու յուրաքանչյուր երկիր պետք է ստեղծի պետական պարտատոմսերի ազգային շուկայի աջակցման իր սեփական ապահովագրական հիմնադրամը: Ըստ որում այդ հիմնադրամի ակտիվները պետք է հասնեն նշված պետության ՀՆԱ-ի 60 տոկոսին:

«Եվրոգոտու պետություններից յուրաքանչյուրին նման հիմնադրամ է հարկավոր»,- ասել է Շոյբլեն: Գերմանիան այդ հիմնադրամին կհատկացնի 500 մլրդ եվրո: Շոյբլեն նշել է, որ այս նախաձեռնությունը ներկայացվելու է դեկտեմբերի 8-ին Բրյուսելում բացվող Եվրամիության երկօրյա գագաթնաժողովում:

Գերմանիայի ֆինանսների նախարարը նաեւ մերժել է ներկայիս ֆինանսական ճգնաժամն արագորեն հաղթահարելու նպատակով Եվրագոտուց Հունաստանի բացառման գաղափարը: «Մենք պարզապես չենք կարող դժվարություններ կրող երկրին դուռը ցույց տալ,- ընդգծել է նա:- Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել եվրագոտուց մեկ կամ մի խումբ երկրների դուրս գալու հետեւանքները: Իրադարձությունների նման զարգացումը վատթարագույն լուծումը կլիներ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում