Nabucco-ն կորցնում է Եվրամիության քաղաքական աջակցությունը. Deutsche Welle
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nabucco նախագծի իրացման հնարավորությունը, որն ավելի վաղ խթանվում էր Եվրամիության կողմից, փոքրանում է: Դրան կարող է փոխարինել ավելի էժան գազամուղ: Ինչպես երեւում է՝ Եվրահանձնաժողովում պրագմատիկ նկատառումները գերակշռող են դարձել քաղաքականի նկատմամբ:
Nabucco գազամուղի նախագծի հեռանկարները, հնարավոր է' դեռ երբեք այսչափ մշուշոտ չեն եղել, ինչպես այսօր: 2004 թվականին նախագծի ստեղծման պահից դրա նախաձեռնողները պետք է լուծեին մի շարք ոչ դյուրին խնդիրներ: Ընկերությունների' ավստրիական OMV-ի, գերմանական RWE-ի, հունգարական MOL-ի, բուլղարական BEH-ի, ռումինական Transgaz-ի եւ թուրքական BOTAS-ի կոնսորցիումի կողմից ծրագրված գազամուղը ռեսուրսային բազա չուներ, կային ֆինանսավորման հետ կապված դժվարություններ: Դրա կառուցման ժամկետները շարունակ հետաձգվում էին: Բայց այժմ Nabucco-ն կորցնում է ամենագլխավորը' Եվրամիության քաղաքական աջակցությունը:
Օրերս Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները փաստորեն խոստովանել են, որ Եվրամիության համար առանձին նախագծերից շատ ավելի կարեւոր է առավել մասշտաբային ծրագրի իրացումը' «Հարավային փոխադրամիջանցք»-ի բացումը, այսինքն' կասպիական տարածաշրջանից Եվրոպա գազի ռեսուրսների փոխադրումը Ռուսաստանի շրջանցմամբ: Nabucco նախագիծը այդ ծրագրի իրացման հնարավոր տարբերակներից մեկն է, ըստ որում՝ թանկ տարբերակը: Կոնսորցիումի մասնակիցները հարկադրված են վերանայել նախագծի՝ ավելի վաղ հայտարարված 7,9 մլրդ եվրո արժեքը: Եվրամիության էներգետիկայի հարցերի հանձնակատար Գյունտեր Էթինգերը ելնում է այն բանից, որ Nabucco-ն կարող է արժենալ «10 միլիարդից մինչեւ 14 մլրդ եվրո»:
Քաղաքական լոբբիի թուլացման պայմաններում շարունակում է նվազել Nabucco-ի ռեսուրսային բազան: Այսպես, Թուրքմենստանը' նախագծի համար գազի կարեւորագույն ենթադրվող մատակարարներից մեկը, հայտարարել է պայմանագրի ստորագրման մասին, որը Չինաստանին գազի մատակարարման զգալի ավելացում է ենթադրում' մոտ հեռանկարում տարեկան մինչեւ 65 մլրդ խորանարդ մետր: Չարժե խոսել այն մասին, որ մոտ ժամանակներս Nabucco-ին, Ադրբեջանից բացի, կմասնակցեն հնարավոր այլ մատակարարներ' Իրաքը, Իրանը կամ, օրինակ, Ղազախստանը:
Nabucco-ն իր գոյությունը կարող է արդարացնել միայն այն դեպքում, եթե հաջողվի խողովակաշարի գոնե կեսը լցնել ադրբեջանական գազի հաշվին: Խոսքը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազի մասին է, որից 6 մլրդ խորանարդ մետրը, Բաքվի եւ Անկարայի պայմանավորվածության համաձայն, կմնա Թուրքիայում, իսկ 10 մլրդ խորանարդ մետրը կփոխադրվի Եվրոպա: բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի փոխադրման իրավունքի համար պայքարում են միանգամից մի քանի նախագծեր' TAP-ը, ITGI-ն, ինչպես նաեւ BP ընկերության նոր նախագիծը: Դրանք բոլորն էլ ցանկանում են օգտագործել Ադրբեջանում եւ Թուրքիայում արդեն գոյություն ունեցող խողովակաշարերը' միայն արդիականացնելով դրանք: Եվ միայն Nabucco-ն է ենթադրում Թուրքիայի տարածքում նոր խողովակաշարի՝ թանկ գնահատվող շինարարություն:
Գյունտեր Էթինգերը շարունակ պնդում էր, որ, չնայած բոլոր դժվարություններին, Nabucco-ի իրացման հնարավորությունները մեծ են: Բայց այս տարվա նոյեմբերի վերջին նա ասել է, որ «նախ եւ առաջ «Շահ Դենիզ»-ը շահագործող կոնսորցիումի գործն է, թե նա ում կվաճառի իր գազը»: Իսկ Էթինգերի օգնականուհի Մառլենե Հոլցները Deutsche Welle-ի թղթակցի հետ զրուցելիս չի բացառել, որ Nabucco-ից՝ դրա ներկայիս տեսքով, ընդհանրապես կհրաժարվեն: «Ես չգիտեմ' արդյունքում որ նախագիծը կիրացվի: Դա կարող է լինել նաեւ ոչ Nabucco-ն, ոչ էլ TAP-ը, այլ այդ երկու նախագծերը միավորող որեւէ լուծում»,- ճշտել է եվրահանձնակատարի օգնականուհին:
Եթե «Շահ Դենիզ»-ից գազը Եվրոպա փոխադրվի արդեն գոյություն ունեցող ցանցով, ապա, ինչպես հասնականալ է տվել Հոլցները, Եվրամիությունում մտադիր չեն պնդել նաեւ Անդրկասպյան գազամուղի կառուցումը, որի շուրջ Եվրամիության, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն սկսվել են 2011 թվականի աշնանը: Այդ գազամուղն, ըստ մտահղացման, Կասպից ծովի հատակով պետք է միացնի Թուրքմենստանը եւ Ադրբեջանը:
Այդ խողովակաշարը կարող էր դառնալ Nabucco-ի բնական շարունակությունը: Թեեւ, Հոլցների խոսքով, Անդրկասպյան գազամուղը եւ Nabucco-ն չեն մտահղացվել որպես մեկ ամբողջի բաղկացուցիչ մասեր, բայց դրանցից առաջինն, այնուամենայնիվ, «պետք է դառնա ավելի խոշոր խողովակաշարի բաղադրիչը»: «Այնպես որ, եթե Ադրբեջանը որոշում ընդունի այն մասին, որ օգտվելու է նվազ թողունակությամբ խողովակաշարից, որը թույլ կտա տարեկան Եվրոպա պոմպամղել միայն 10 մլրդ խորանարդ մետր գազ, ապա մենք պետք է մտածենք՝ ինչպես վարվել Անդրկասպյան գազամուղի հետ: Գուցեեւ դրա կառուցումը հարկավոր չլինի էլ»,- հավելել է Հոլցները: