5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան ավարտվեց այսօր` ժամեր առաջ: Այցի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվել են համագործակցությանն առնչվող մի շարք կարեւորագույն փաստաթղթեր, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա: Հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Վրաստանի նախագահի հայազգի խորհրդական Վան Բայբուրդի հետ:
-Պարո’ն Բայբուրդ, ժամեր առաջ ավարտվեց Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցի Վրաստան: Ո՞րն էր այդ այցի հիմնական նշանակությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար:
-Ասեմ, որ այցից տպավորությունները շատ դրական էին: Այս վերջին 20 տարիների ընթացքում ներկա եմ եղել հայ-վրացական բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումներին, կարծես դարձել եմ այդ հանդիպումների յուրահատուկ վիճակագիրը:
Հայաստանի եւ Վրաստանի անկախացումից ի վեր մեր հարաբերությունները եղել են շատ նորմալ եւ լավ, այս տարիների ընթացքում այդ հարաբերությունները եղել են շատ բարձր մակարդակի վրա` սկսած 1991թ.: Սակայն, այն, ինչ ես տեսնում եմ վերջին 2-3 տարվա ընթացքում, հարաբերությունների` շատ դինամիկ եւ բարձր տեմպերով զարգացումն է: Այդ հարաբերությունները դարձել են շատ անկեղծ եւ վստահելի: Այս մակարդակի վրա մեր նորանկախ պետությունների հարաբերություններն առաջին անգամ են: Սա շատ բանի մասին է խոսում:
Մեր երկու պետությունների ղեկավարությունների տված դինամիկան չի սահմանափակվում միայն նախագահների, կառավարությունների, խորհրդարանների մակարդակով, այն դրսեւորվում է նաեւ ժողովուրդների վստահելի հարաբերություններում: Այսպիսի հարաբերություններ միգուցե ունեցել ենք, երբ Հայաստանը եւ Վրաստանն անկախ թագավորություններ էին միջնադարում: Հիմա վերադառնում ենք մեր ակունքներին:
-Հայաստանի Նախագահը նաեւ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ: Ի՞նչ մթնոլորտում անցավ հանդիպումը: Արդյո՞ք համայնքի ներկայացուցիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
-Համայնքի հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր: Հայաստանի Նախագահը հենց առաջին րոպեից շատ լավ առաջարկ արեց, ասաց. «Եկե’ք` ես չխոսեմ, դո’ւք պատմեք հիմնախնդիրների մասին»: Ինչ հարցի մասին էլ խոսվեց, այդ ամենից Հայաստանի Նախագահը չտեսնված լավ տեղեկացված էր` նույնիսկ յուրահատուկ նրբություններով, եւ բոլոր հարցերին տալիս էր խելամիտ պատասխաններ:
Կարծում եմ` համայնքը բավարարված էր հանդիպումով: Նույնիսկ այնքան չէր խոսվում հիմնախնդիրների մասին, որքան տարբեր հարցերի շուրջ ցանկանում էին իմանալ Նախագահի կարծիքը: Խոսեցին եւ հարցեր տվեցին նաեւ Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչները: Կցանկանայի ընդգծել, որ հիմա այլեւս չեն հնչում բողոքի հայտարարություններ, այլ ընթանում էր արդյունավետ քննարկում: Խոսվեց նաեւ Թբիլիսիի հայկական դպրոցների աշակերտների քանակի քչացման մասին:
- Այցի ընթացքում մեծ անդրադարձ է եղել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններին: Ձեռք բերվածներից ո՞ր պայմանավորվածություններն եք համարում առավել էական:
- Գիտեք, որ տեղի ունեցավ հայ-վրացական գործարար համաժողով, որին մասնակցեցին նաեւ երկու երկրների նախագահները: Արդեն նշեցի անկեղծ հարաբերությունների մասին, դրանցից մի օրինակ էլ դրսեւորվեց այդ ժամանակ. ՀՀ Նախագահը նշեց, որ հայկական կողմը դրական նախանձով է նայում Վրաստանի զարգացմանը, այս առումով նաեւ նշեց, որ չի կարող արգելել հայ գործարարներին գալ եւ ներդրումներ անել Վրաստանում: Վրաստանի Նախագահն էլ ասաց, որ շատ հարցերում էլ Վրաստանը պետք է ընդօրինակի Հայաստանից:
Շատ կարեւոր էին նաեւ ստորագրված փաստաթղթերը, որոնցով մեր սահմանները հատելը շատ հեշտանում է: Հույս հայտնվեց նաեւ, որ մեր սահամնները թափանցիկ կլինեն, ինչպես այսօր Եվրոպայում: Մեր երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը շատ դինամիկ է:
-Ապագայում ինչպե՞ս եք պատկերացնում հայ-վրացական հարաբերությունների զարգացման ընթացքը:
-Իմ հարցազրույցներից մեկում հայ-վրացական հարաբերությունները համեմատել էի երկնաքերի հետ: Իրոք, մեր հարաբերություններն այդպիսին են, եւ այսօր մի մեծ աղյուս դրվեց: Ուստի, եթե խորհրդանշական առումով նշեմ, ապա այդ երկնաքերը չի սահմանափակվում 40 կամ 50 հարկով, այլ շարունակում է բարձրանալ: Սա արդեն կանեն մեր հաջորդ սերունդները: Այդ «շենքի շինարարությունը» հատկապես արագացել է վերջին երկու-երեք տարում:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի