Վերլուծություն

Բաշար Ասադից հետո հերթն Իլհամ Ալիեւինն է. թուրք գրող

3 րոպեի ընթերցում

Բաշար Ասադից հետո հերթն Իլհամ Ալիեւինն է. թուրք գրող

ԱՆԿԱՐԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: Թուրք ճանաչված գրող Ջահիթ Քըլըչը զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «haberx.com» լրատվական կայքում հրապարակած հոդվածում թուրք գրողն ընդգծել է, որ նրանք երկուսն էլ իշխանությունը ժառանգել են իրենց հայրերից:

«Սիրիան հորից' Հաֆիզ բին Ասադից ստացած Բաշար բին Հաֆիզ բին Ասադը, իհարկե, երկիրը տեսնում է որպես իր հոր ունեցվածքը եւ այդպես էլ ղեկավարում է: Ադրբեջանը հորից' Հեյդար բին Ալիից ստացած Իլհամ բին Հեյդար բին Ալին էլ երկիրը տեսնում է որպես իր հոր կալվածքը եւ այդպես էլ ղեկավարում է», -գրում է Ջ.Քըլըչը' ընդգծելով, որ ի տարբերություն Ասադի ազգությամբ արաբ ընտանիքի, Ալիեւները ազգությամբ քուրդ են:

«Երկու երկրներում էլ խորհրդարանները ձեւական բնույթ են կրում, երկրները ղեկավարվում են մեկ անձի կողմից: Երկու առաջնորդներն էլ իրենց հայրերից ժառանգություն ստացած ուսուցիչներ ունեն: Սիրիայում դա 70-ամյա Վալիդ Մուալիմն է, իսկ Ադրբեջանում' 73-ամյա Ռամիզ Մուալիմը (նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը): Երկու երկրում էլ մեծ արդյունաբերութուն չկա: Մնացած ամեն ինչն, այդ թվում արդյունաբերական ապրանքների ներմուծումն ու գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ղեկավարում են առաջնորդների մերձավորները: Երկրներում եղած բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները, ազգային բնական ռեսուրսներից ձեռք բերվող եկամուտների մեծ մասը առաջնորդների եւ նրանց շրջապատի ձեռքում են: Երկու երկրներում էլ ժողովրդի մեծ մասը բաժին չունի ազգային եկամուտից: Երկու երկրներում էլ բանակը, անվտանգության մարմինները եւ ոստիկանությունը ազգային լինելուց դուրս են եւ անցել են առաջնորդների հրամանատարությանը: Երկու երկրներում էլ խոսք չկա դեմոկրատիայի մասին, ընդդիմությունը խեղդվում եւ բռնաճնշումներ է ենթարկվում: Երկու երկրներում էլ դատարանը կորցրել է անկողմնակալությունը, վերացվել արդարության հասկացողությունը, մարդիկ դատապարտվում են հրամաններով եւ հրահանգներով: Երկու երկրների բանտերը լիքն են ընդդիմադիր քաղաքական գործիչներով, մտավորականներով եւ լրագրողներով: «Արաբական գարուն»-ը հարվածեց խիստ նման այդ երկու առաջնորդներից մեկին, այժմ հերթը մյուսինն է», -հոդվածում նշում է Ջ.Քըլըչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում