Եվրոպան գուշակում Է, թե եվրոն կկործանվի արդյոք մինչեւ Ծննդյան տոները
3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտում պարտային ճգնաժամը սաստկանում Է: Գոտու մեջ մտնող պետությունների ընդհանուր պարտքը կազմում Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 89 տոկոսը՝ ըստ Մաաստրիխտի համաձայնագրերի՝ ՀՆԱ-ի անհրաժեշտ 60 տոկոսի դեպքում: Թույլատրելի սահմանը գերազանցում են ոչ միայն ծայրամասային Էկոնոմիկաները (Հունաստանի պետական պարտքը կազմում Է ՀՆԱ-ի 166 տոկոսը, Պորտուգալիայինը՝ 106 տոկոսը), այլեւ տարածաշրջանի խոշորագույն Էկոնոմիկաները (Գերմանիայի պետական պարտքը կազմում Է ՀՆԱ-ի 83 տոկոսը, Ֆրանսիայինը՝ 87 տոկոսը, Իսպանիայինը՝ 67 տոկոսը):
Փորձագետները շարունակում են թաղել եվրոն: Ըստ ֆրանսիացի հեղինակավոր տնտեսագետ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախկին ղեկավար Ժակ Ատալիի վերջին կանխատեսման՝ եվրոն կապրի մինչեւ կաթոլիկական Ծննդյան տոները: Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ չարժե կորորեն հավատալ կանխատեսումներին, բայց Ռուսաստանը, միեւնույն Է, պետք Է վերապահովագրվի ի դեպս եվրոյի կործանման: «Զագոլովկի.ru» կայքը ներկայացնում Է այս թեմայով փորձագիտական կարծիքների տեսությունը:
Մասնավորապես, Ժակ Ատալին՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական (ՎԶԵԲ) բանկի նախկին ղեկավարը, խաղասեղանին Է դրել միասնական եվրոպական արժույթի ապագան: Բելգիայի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա եվրոյին երկու շանսից մեկն Է տվել, որ այն կպահպանվի կաթոլիկական Ծննդյան տոներից (դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը) հետո կամ, առնվազն, «չի լինի կործանման գործընթացում»:
«Այժմ հարցն այն Է, թե եվրոն նախկինի պես գոյություն կունենա արդյոք Ծննդյան տոներից հետո: Մնում Է երկու շանսից սոսկ մեկը, որ միասնական արժույթը կպահպանվի մինչեւ այդ ժամանակը կամ որ այն առնվազն չի լինի կործանման գործընթացում»,- հայտարարել Է ֆրանսիացի հայտնի տնտեսագետը:
Ատալիի կարծիքով՝ եվրոպական արժույթը փրկել կարող են միայն Եվրամիության մակարդակով անհետաձգելի միջոցառումները: Դրա համար անհրաժեշտ Է Եվրոպայի կենտրոնական բանկին թույլատրել գնել եվրոգոտու այն երկրների պետական պարտատոմսերը, որոնք ճգնաժամ են ապրում, սահմանել դրանց բյուջների վերազգային վերահսկողություն՝ այդ երկրներին զրկելով ֆինանսական ինքնիշխանության մի մասից: Վերջապես, հարկավոր Է մի շարք փոփոխություններ մտցնել Եվրամիության օրենսդրության մեջ: