Վերլուծություն

Եվրահանձնաժողովն առաջարկել Է նոր եվրակարգ

5 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն առաջարկել Է նոր եվրակարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն եւ արժութային ու ֆինանսական հարցերի եվրակոմիսար Օլի Ռենը ներկայացրել են Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային առաջարկությունների նոր փաթեթը: Եթե մի կողմ նետենք բազմաթիվ տեխնիկական տերմինները, որոնցով առատ Էին նրանց ելույթները, դրանցում կարելի Է առանձնացնել երեք գլխավոր դրույթներ. տնտեսական կարգապահության արմատական խստացում, եվրապարտատոմսերի թողարկման միջոցով վարկային պատասխանատվության միավորում, ազգային կառավարությունների նկատմամբ Բրյուսելի տնտեսական վերահսկողության բազմակի ուժեղացում:

Այս պլանն սկզբունքորեն ոչ մի նոր բան չի բովանդակում. դրա մեջ մտնող բոլոր միջոցառումները քննարկվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում: Նորը միայն այն արմատական խստությունն Է, որով այդ առաջարկությունները ձեւակերպված են:

«Այս գաղափարները նոր չեն,- խոստովանել Է Բառոզուն:- Սակայն այժմ մեզ անհրաժեշտ են ոչ թե նոր գաղափարներ, այլ վճռականություն եւ քաղաքական կամք իրագործելու ակնհայտ եւ անհրաժեշտ տնտեսական միջոցները»:

Նոր տնտեսական կարգը նախատեսում Է Եվրահանձնաժողովի վերահսկողության հետագա խստացում ազգային պետությունների բյուջեների ձեւավորման նկատմամբ: Եվրոյի գոտու յուրաքանչյուր երկիր պետք Է համաձայնեցման համար ամեն տարի մինչեւ հոտեմբերի 15-ը Եվրահանձնաժողով եւ Եվրախումբ (եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհուրդ) ներկայացնի հաջորդ տարվա ազգային բյուջեի նախագիծը: Եթե բյուջեն չի կատարում Կայունության եւ աճի դաշնագրի պահանջները, եւ դրա պակասուրդը գերազանցում Է 3 տոկոսը, «Եվրահանձնաժողովը կարող Է հայտնել իր կարծիքը եւ պահանջել փոփոխություններ», նշել Է Բառոզուն:

«Անշուշտ, վերջին խոսքը կպատկանի ազգային խորհրդարաններին»,- փորձել Է դեղահատը քաղցրացնել Բառոզուն:

Գործնականում դա նշանակում Է, որ Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ ազգային պետությունները կարող են կորցնել լիակատար վերահսկողությունը սեփական բյուջեների նկատմամբ: Եվ սա հսկողության ամենամեղմ ձեւն Է, որին կենթարկվեն եվրոյի գոտու սոսկ հարաբերականորեն բարեհաջող պետությունները:

Այն երկրների համար, որոնք արդեն ստացել են կայունացման օգնություն, այսօրվա դրությամբ դրանք են Հունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան, եւ ճգնաժամային մեծ ռիսկերով պետությունների համար (Իտալիա, Իսպանիա) Եվրահանձնաժողովը պատրաստում Է շատ ավելի խիստ պայմաններ. դրանք պետք Է կանոնավոր հիման վրա Եվրահանձնաժողովի առջեւ հաշիվ տան ճգնաժամային միտումների վերացման, բյուջների պակասուրդների կրճատման եւ Էկոնոմիկայում ու ֆինանսական հատվածում այլ շեղվածքների շտկման վերաբերյալ, այսինքն՝ այն միջոցների վերաբերյալ, որոնք գործնականում երաշխավորված հանգեցնում են բնակչության կենսամակարդակի իջեցման: Կարելի Է առանց չափազանցության ասել, որ այդ երկրները հայտնվում են արտաքին կառավարման ներքո:

Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ գոյատեւելու համար եվրոգոտին պետք Է ամորֆ միությունից վերածվի խիստ ինտեգրացված կառույցի:

Տնտեսական եւ ֆինանսական ինքնիշխանության կրճատման փոխարեն Եվրահանձնաժողովը եվրոյի գոտու երկրներին առաջարկում Է նրանց վարկային պատասխանատվության միավորում եվրապարտատոմսերի կիրառման միջոցով: Այս գաղափարի Էությունն այն Է, որ Եվրոպայի երկրների Էկոնոմիկաներում առկա լրացուցիչ միջոցները կներգրավվեն ոչ թե ազգային (սուվերեն), այլ եվրոպական պարտատոմսերի թողարկմամբ, որոնք երաշխավորված կլինեն եվրոյի գոտու Էկոնոմիկայի ամբողջ հզորությամբ, որի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), չնայած ճգնաժամին, մոտենում Է 8,5 տրիլիոն եվրոյի՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 14 տոկոսը:

Բացի այս երկու բազային առաջարկություններից, Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային փաթեթը ներառում Է մի ամբողջ շարք բաժիններ, մասնավորապես, հակային համակարգի միօրինակացման եւ մատչելի ու ոչ ռիսկային վարկավորման միջոցով փոքր եւ միջին գործարարության օժանդակման, զբաղվածության մեծացման եւ ավելորդ սոցիալական վճարումների կրճատման վերաբերյալ, որոնք առաձին դեպքերում խրախուսում են գործազրկությունը: Դրանք բոլորը, սակայն, ստորադաս նշանակություն ունեն եւ արդյունք չեն տա առանց ֆինանսական կարգապահության ամրապնդման եւ եվրոյի գոտու կոլեկտիվ վարկային պատախանատվության սահմանման:

Եվրահանձնաժողովի առաջարկությունները վերաբերում են ոչ թե Եվրամիության 27 երկրներին, այլ սոսկ եվրոյի գոտու 17 պետություններին: Այսպիսով, Եվրահանձնաժողովը նոր քայլ Է անում «երկու արագությունների» Եվրոպայի ուղղությամբ: Եվրոյի գոտու մեջ չմտնող պետությորւնների առջեւ ծառանում Է ընտրությունը՝ միանալ միության տնտեսական միջուկին եւ ենթարկվել նոր կանոններին կամ Էլ հայտնվել եվրոպական ինտեգրացման հետնամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում