Վերլուծություն

Իտալացիների ռեկորդային մեծամասնությունը աջակցում է Մոնտիի կառավարությանը. La Repubblica

2 րոպեի ընթերցում

Իտալացիների ռեկորդային մեծամասնությունը աջակցում է Մոնտիի կառավարությանը. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցված իտալացիների գրեթե 80 տոկոսն աջակցում է Սիլվիո Բեռլուսկոնիին փոխարինելու եկած Մարիո Մոնտիի կառավարությանը: Ինչպես հաղորդել է AFP գործակալությունը, վկայակոչելով La Repubblica թերթի կիրակնօրյա համարում բերված հարցման տվյալները, Իտալիայի նոր կառավարությունը վայելում է բնակչության ռեկորդային մեծամասնության աջակցությունը: Հարցվածների 79 տոկոսը դրական է գնահատում նոր կառավարության գործունեությունը: Նրա ղեկավարը' վարչապետ Մարիո Մոնտին, արժանացել է հարցման մասնակիցների գրեթե 84 տոկոսի դրական գնահատականին: Հարցմանը մասնակցել է Իտալիայի 2400 քաղաքացի:

«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հասարակության տրամադրությունը դեպրեսիայից կտրուկ թռիչք է կատարել դեպի էյֆորիա»,- հարցման տվյալները մեկնաբանում է Demos սոցիոլոգիական ինստիտուտը: Ըստ սոցիոլոգների տվյալների' բնակչության կողմից կառավարության նման աջակցություն առաջին անգամ է դիտվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակվանից ի վեր: Ժողովրդականության ցուցանիշով Մարիո Մոնտիից հետո երկրորդ տեղում է Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին (48 տոկոս): Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող է ակնկալել հարցվածների 29 տոկոսի աջակցությունը:

Մինչդեռ Բեռլուսկոնին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մարիո Մոնտին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ներկայությամբ խոստացել է իր թեկնածությունը չառաջադրել հաջորդ ընտրություններում: Մոնտիի կառավարությունը, որը վայելում է հանգուցային կուսակցությունների աջակցությունը, բացառությամբ «Հյուսիսի լիգայի», պետք է աշխատի մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որոնք լրանում են 2013 թվականին, նշել է Բեռլուսկոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում