Միասնական տնտեսական տարածության շրջանակներում կարող է ստեղծվել արժութային միություն Russia Today
5 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածության շրջանակներում, որի մասին օրերս համաձայնության են եկել երեք երկրների նախագահները, կարող է ստեղծվել արժութային միություն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն, որն առաջադրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Նա նշել Է, որ այդ մասին որոշումը կարող է ընդունվել 2015 թվականին, երբ, ըստ պլանների, պետք է ինտեգրացման բավարար մակարդակ ձեռք բերվի:
«Խնդիրն այն է, որ երեք տարվա ընթացքում' մինչեւ 2015 թվականը, այդ ուղղություններում ինտեգրացման, կոորդինացիայի մակարդակը հասնի այնպիսի խորության եւ իմաստավորման, որը թույլ կտա 2015 թվականին, որոշում ընդունելով Եվրասիական տնտեսական միության մասին, պարզել, թե մենք ինչ կարող ենք մեզ թույլ տալ հետագայում' գնում ենք արդյոք դեպի արժութային միություն, շարժվում ենք արդյոք այդ ուղղությամբ, եւ դրան արժութային, դրամավարկային եւ ֆինանսական քաղաքականության կոորդինացման ինչ մակարդակ պետք է համապատասխանի»,- ասել է Խրիստենկոն Russia Today-ին տված հարցազրույցում:
Խրիստենկոն հիշեցրել է, որ «2012 թվականի հունվարի 1-ից երեք երկրների տարածքում ուժի մեջ է մտնում 17 համաձայնագրերից բաղկացած այն փաթեթը, որը ձեւավորում է Միասնական ֆինանսական տարածությունը»: «Եվ արդեն այն բանից հետո, երբ կունենանք մաքսային-սակագնային քաղաքականություն, մաքսային կարգավորում, ընդհանուր արտաքին սահմաններ, կհայտնվեն նոր ուղղություններ, ներառյալ մրցակցային քաղաքականությունը, սակագնային քաղաքականությունը, բնական մենաշնորհատիրությունները, արժութային եւ դրամավարկային կոորդինացումը եւ այլն»,- ասել է նախարարը:
Եվրասիական տնտեսական միությունը բաց կլինի մյուս երկրների միանալու համար, դրան անդամագրվելու առավել հավանական հավակնորդներն են Տաջիկստանը եւ Ղրղզստանը, հայտարարել է Վիկտոր Խրիստենկոն:
«Անդամակցումը կենթադրի որոշակի գործընթաց' կապված հավակնորդ երկրների էկոնոմիկան պատշաճ վիճակի բերելու հետ: Նրանց ներքին օրենսդրությունը եւ նորմատիվային բազան պետք է ճշգրիտ համապատասխանեն այն բանին, ինչ տեղի է ունենում մեր երեք երկրներում»,- ասել է նա: Խրիստենկոն հիշեցրել է, որ «Եվրասիական տնտեսական հանրակցության մեջ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին մտնում են նաեւ Տաջիկստանը եւ Ղրղզստանը»: Եվ նրանք, ովքեր առաջինն են հասել ավելի բարձր մակարդակի, չեն պատրաստվում լքել իրենց գործընկերներին, հավաստիացրել է Խրիստենկոն:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այն կարծիքին է, որ որոշ ժամանակ անց Եվրասիական տնտեսական միությունում, որն ստեղծում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, պետք է սահմանվի միասնական եւ ընդսմին նոր արժույթ:
«Կարծում եմ, որ ոչ մի ազգային արժույթ, ներառյալ, իհարկե, հզոր ռուբլին, պիտանի չի լինի: Պետք է լինի այլ անվանում, այլ արժույթ»,- Մոսկվայում հայտարարել է Նազարբաեւը «Ինտերֆաքս» եւ ՌԻԱ «Նովոստի» գործակալություններին տված հարցազրույցում: Նազարբաեւն, ի տարբերություն Խրիստենկոյի, կոնկրետ ժամկետներ չի նշել: «Դա ապագայի գործ է»,- ասել է նա: «Մենք այդ մասին այժմ չենք խոսել: Ընդհանրապես ինտեգրացիոն միավորումն սկսվում է այսպես' սկզբում ստեղծվում է ազատ առեւտրի գոտի, հետո մաքսային միություն, ապա Միասնական տնտեսական տարածություն, այնուհետեւ տնտեսական միություն եւ դրանից հետո' հաշվարկային միավոր: Հիշո՞ւմ եք՝ Եվրամիությունում էքյուն էր»,- հավելել է Նազարբաեւը:
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը կխուսափի այն հիմնախնդիրներից, որոնց բախվել է Եվրամիությունը: «Նախ մենք դրան գնում ենք գիտակցաբար եւ հասկանում ենք' ով է ինտեգրվում մեր Եվրասիական տնտեսական միությանը եւ ներկայիս տնտեսական տարածությանը,- հայտարարել է նա:- Դա տարանջատ ու մեկուսի երկրների կոնգլոմերատ չէ»: «Առայժմ երեք երկրներ են, որոնք ունեցել են ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ եւ որոնք զարգանում են համանման սցենարով, որովհետեւ մենք նոր էկոնոմիկա ենք ստեղծում»,- ասել է Մեդվեդեւը: