Քաղաքականություն

Գերմանիան պահանջում է Ադրբեջանից հարգել մարդու իրավունքները

3 րոպեի ընթերցում

Գերմանիան պահանջում է Ադրբեջանից հարգել մարդու իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովը նոյեմբերի 9-ին բանաձեւ է ընդունել` պահանջելով Ադրբեջանից հավատարիմ մնալ Եվրախորհրդի առջեւ իր ունեցած պարտավորություններին: Այս բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը, Ազատ ժողովրդավարական կուսակցությունը, Գերմանիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչները, իսկ Ձախերը ձեռնպահ են մնացել: Ոորոշման մեջ նշվում է. «Ադրբեջանը 2001թ-ից Եվրախորհրդի անդամ է եւ 2002թ. ապրիլին ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այդ պարտավորությունները Ադրբեջանն ինքն է ստանձնել եւ պարտավոր է կատարել դրանք: 2009թ. մարտին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Քրիստոֆ Շթրեսերին այդ երկրում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող է նշանակել, ինչը նշանակում է, որ նա ազատ մուտք պետք է ունենար Ադրբեջանի կալանավայրեր: Չնայած բազմաթիվ պահանջներին` այդ երկիրը հրաժարվում է նրան մուտքի արտոնագիր տրամադրել: Միաժամանակ քաղբանտարկյալների վիճակն այդ պետությունում մտահոգության տեղիք է տալիս: Ընդդիմադիրները, լրագրողները եւ բլոգերները ահաբեկման են ենթարկվում եւ բանտարկվում: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրախորհուրդն իր զեկուցողի միջոցով պատկերացում կազմի, թե ինչքանով են պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներն Ադրբեջանում: Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից ակնկալում է ընդունած պարտավորությունների կատարում, այդ թվում` համագործակցություն լիազորված զեկուցողների հետ, պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Շթրեսերին մուտք գործել իր երկիր, պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս որպես Եվրախորհրդի անդամ կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները եւ միջոցներ ձեռնարկի պաշտպանելու եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ողջունում է Գերմանիայի կառավարության ջանքերը` որոնք ուղղված են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում