Վերլուծություն

Իտալիայի ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ աշխարհը. Corriere della Sera

3 րոպեի ընթերցում

Իտալիայի ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ աշխարհը. Corriere della Sera

ՀՌՈՄ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի պետական պարտքի սպասարկման հետ կապված ներկայիս սուր ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ աշխարհը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է իտալական խոշոր բիզնեսի սյուներից մեկը' Կառլո դե Բենեդետին, որը քսան տարի գլխավորում էր Olivetti կոնցեռնը: Հարցազրույցում, որը հինգշաբթի օրը հրապարակել է Միլանի Corriere della Sera թերթը, նա ներկայացրել է այժմ Իտալիայում եւ ամբողջ Եվրոպայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները:

«Անցած շաբաթ ես անցկացրել եմ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի միջեւ եւ բացահայտել, որ Իտալիան այժմ կարեւոր է ավելի, քան երբեւԷ: Նրա պարտային ճգնաժամը կարող է ապակայունացնել ամբողջ աշխարհը' սկսած Ֆրանսիայից: պատահական չէ, որ Բարաք Օբաման հանդես եկավ Հունաստանի եւ Իտալիայի համար տեխնոկրատական լուծման աջակցությամբ: Խոշորագույն բանկիրներից մեկն ինձ խոստովանել է, որ չի կարողանում գիշերը քնել իրեն համակած վատ մտքերի պատճառով' կապված նախ եւ առաջ Եվրոպայի հետ: Այդ պահին ես ինձ հաշիվ տվեցի, որ մենք անդունդն ենք գլորվում: Քաղաքական ժամացույցները չեն համընկնում շուկաների ժամացույցների հետ, ուստիեւ մեծ արագացում պահանջվեց»,- հայտարարել է արդյունաբերողը:

Դե Բենեդետիի կարծիքով' նման քաղաքական արագացում է դարձել Իտալիայի նոր տեխնոկրատական կառավարության ձեւավորումը հայտնի տնտեսագետ Մարիո Մոնտիի գլխավորությամբ: «Ըստ իս դա փորձառու պրոֆեսիոնալների թիմ է: Այժմ կարեւոր է, որ նրանց աշխատելու հնարավորություն տան, քանի որ նրանց, հիրավի, դրամատիկ խնդիրների լուծում է սպասում»,- ասել է նա:

Դե Բենեդետին խիստ բացասական գնահատական է տվել իր վաղեմի մրցակցի' նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի քաղաքական գործունեությանը: «Շոուն ավարտվեց, Բեռլուսկոնին եղել ու մնում է չափազանց ձգձգված հեռուստատեսային սերիալ: Ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ, բարոյապես քայքայված, տնտեսապես ուժասպառ երկիրը ֆինանսական առումով հայտնվել է սնանկացման եզրին»,- ասել է նա:

Գործարարն ընդգծել է, որ Բեռլուսկոնիի երկարատեւ կառավարումից հետո ստեղծված պայմաններում Իտալիան կկարողանա ծանրագույն ճգնաժամը հաղթահարել միայն միջնաժամկետ եւ երկարաժամեկտ հեռանկարում, սակայն մոտ ժամանակներս երկրին խորը ռեցեսիա է սպասում:

«Մոնտին կարող է միայն սկսել այն աշխատանքը, որը շատ երկար կշարունակվի: Վերջին քսան տարվա սխալները շտկելու համար կպահանջվի հինգ, գուցե նաեւ տասը տարի»,- հավելել է Կառլո դե Բենեդետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում