Վերլուծություն

Ուկրաինացիները հոռետեսությամբ են նայում ապագային. DW-Trend

3 րոպեի ընթերցում

Ուկրաինացիները հոռետեսությամբ են նայում ապագային. DW-Trend

ԿԻԵՎ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացիներին ամենից ավելի մտահոգում է երկրի տնտեսական իրադրությունը եւ իրենց ֆինանսական հեռանկարները: Նրանց համար նաեւ ավելի հրատապ է դարձել իրենց իրավունքների պաշտպանության խնդիրը: Ուկրաինացիների մեծ մասն սպասում է, որ հինգ տարի անց երկրում կենսապայմանները կվատանան: Այսպիսին են DW-Trend-ի հարցման արդյունքները, որը Շուկայի եւ հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ IFAK Ukraine-ի կողմից 2011 թվականի հոկտեմբերին անցկացվել է Deutsche Welle-ի ուկրաինական խմբագրության պատվերով: Ուկրաինայի բնակիչների միայն 22 տոկոսն է ենթադրում, որ հինգ տարի անց երկրում կենսապայմանները կբարելավվեն, 41 տոկոսը, հարցման տվյալների համաձայն, կենսապայմանների վատացում է սպասում: Հարցվածների մնացած 37 տոկոսը գտնում է, որ ամեն ինչ կմնա անփոփոխ:

Տնտեսությունը գլխավոր հիմնախնդիրն է մնում ուկրաինացիների համար

Ուկրաինացիների տեսակետից երկրի տնտեսական իրադրությունը մնում է ամենամեծ հիմնախնդիրը. այդ կարծիքին է հոկտեմբերին հարցվածների 71 տոկոսը: 2010 թվականի դեկտեմբերին դրանում վստահ էր գրեթե 80 տոկոսը: Ինչպես եւ մեկ տարի առաջ առավել կարեւոր հիմնախնդիրների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է կոռուպցիան (57 տոկոս): Երրորդ տեղում չինովնիկների եւ ոստիկանության կամայականություններն են: Եթե մեկ տարի առաջ փաստորեն յուրաքանչյուր երրորդ ուկրաինացին (34 տոկոս) իշխանությունների կամայականությունները դասում էր ամենակարեւոր հիմնախնդիրների թվին, ապա այժմ այդ կարծիքին է արդեն 43 տոկոսը:

Հարցվածների 31 տոկոսը մարդու իրավունքների խախտումները համարել է երկրի ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը: Տակավին մեկ տարի առաջ իրավապաշտպան թեմատիկան հարցման ընթացքում հիշատակել էր դրա մասնակիցների միայն 24 տոկոսը: Ուկրաինայում ահաբեկչության հիմնախնդիրը հրատապ է համարում հարցվածների ընդամենը 12 տոկոսը:

Հարկ է նշել, որ DW-Trend-ի հարցումն Ուկրաինայում անցկացվել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ կայացված դատավճռից անմիջապես հետո, որին մեղադրել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Հարցման տվյալներով պարզվել է, որ այդ պրոցեսի ընթացքում դատական իշխանության գործողություններն անվստահություն են առաջացնում բնակչության մեջ: Հարցվածներից գրեթե յուրաքանչյուր երկրորդը (52 տոկոս) գտնում Է, որ Տիմոշենկոյի քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ միայն 31 տոկոսն է այն օրինական համարում:

Ուկրաինայի բարդ տնտեսական իրավիճակը երկրի բնակիչներին ստիպում է հոռետեսությամբ գնահատել իրենց հեռանկարները: Հարցման համաձայն` միայն 18 տոկոսն է գտնում, որ իրենց ֆինանսական վիճակն առաջիկա մեկ տարվա ընթացքում կբարելավվի: 22 տոկոսը վատացում է սպասում, իսկ մեծամասնությունը` 60 տոկոսը, կարծում է, որ իրենց համար ոչինչ չի փոխվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում