Վերլուծություն

Միայն ամերիկացիները կարող են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը. Haaretz

4 րոպեի ընթերցում

Միայն ամերիկացիները կարող են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը.  Haaretz

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ, եթե ԱՄՆ-ն հարված չհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, այաթոլլաների ռեժիմը ատոմային զենք կունենա արդեն ամենամոտ ժամանակներս: Իրանական միջուկային նախագծի վերաբերյալ տվյալները, որոնք ներկայացված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հատուկ հաշվետվության մեջ, ոչ մի նոր տեղեկատվություն չավելացրին: Այդ ամենն ավելի վաղ էլ հայտնի էր: Այդ փաստաթղթի կարեւորությունն այն է, որ առաջին անգամ ազդեցիկ միջազգային ատյանի կողմից պաշտոնապես հավաստվեց ռազմական նպատակներով իրանական միջուկային նախագծի գոյության փաստը:

Սակայն, չնայած հրապարակված տվյալների ողջ լրջությանը, Թեհրանի հասցեին Ատոմային գործակալության աշխատակիցների կայացրած մեղադրական եզրակացությունը չի փոխի Ռուսաստանի եւ Չինաստանի' ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «ցինիկ դիրքորոշումը»: Այդ երկրներն արդեն հայտնել են, որ իրենք մտադիր չեն խստացնել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները:

Այդպիսով, նույնիսկ եթե ԱՄՆ-ն եւ Եվրոպայի երկրները, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խստացնեն հակաիրանական պատժամիջոցները, իրանցիներն առանց Էական խոչընդոտների կշարունակեն միջուկային մրցավազքը: Թեհրանի ռեժիմը հաստատակամ է ատոմային ռումբի ստեղծումն ավարտելու իր ձգտման մեջ, եւ արեւմտյան պատժամիջոցները, որոնց Իրանը, դատելով ըստ ամենայնի, կկարողանա հարաբերականորեն բարեհաջող դիմակայել, նրան չեն կանգնեցնի:

Իրադրությունը փոխելու միակ հնարավորությունն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն է: Միայն ԱՄՆ-ն ունի իրանական միջուկային ծրագիրը կանգնեցնելու ընդունակ ռազմական հզորություն: Իրադարձությունների ռազմական զարգացման ամերիկյան եւ իսրայելական տարբերակների միջեւ տարբերությունը կապված է երկու ասպեկտների' ռազմական ուժի եւ զորաշարժի ազատության հետ: Ամերիկյան ռազմաօդային ուժերն ունեն հազարավոր ռմբակոծիչներ, հազարավոր թեւավոր հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել մի քանի մետրի ճշտությամբ: Ամերիկյան նավատորմն ունի մեծ քանակությամբ ավիակիրներ: Ամերիկացիները ավիացիոն ռազմակայաններ ունեն Իրանի անմիջական մերձակայքում գտնվող երկրներում: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թիվը շատ ավելի փոքր է, էլ չասած մնացած վերը թվարկված առավելությունների մասին, որ ունեն ամերիկյան զինուժերը:

Ինչ վերաբերում է զորաշարժի ազատությանը, ապա այստեղ էլ ամերիկացիների հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են: Այն ժամանակահատվածում, որի ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը կկարողանան իրականացնել 2-3 մարտական թռիչք, ամերիկացիները կարող են հսկողության տակ առնել Իրանի օդային տարածությունը եւ գործել մի քանի շաբաթ' չերկյուղելով միջազգային հանրության ճնշումից:

Իհարկե, ԱՄՆ-ի ռազմական գործողության դեպքում ամերիկյան բանակի առջեւ կծառանան մի շարք բարդագույն խնդիրներ, որոնք գրեթե անհնարին կլինի հաղթահարել: Օրինակ' խորը գետնի տակ գտնվող միջուկային օբյեկտների ոչնչացումը: Բայց, եթե Իսրայելի ռազմաօդային ուժերին չհաջողվի մեկ կամ երկու մարտական թռիչքի միջոցով ոչնչացնել առավել կարեւոր օբյեկտները, իրանական միջուկային նախագիծը կկանգնեցվի միայն կարճ ժամանակով: Իսկ եթե ամերիկացիները չկարողանան լուծել այդ խնդիրը, նրանց ինքնաթիռները կշարունակեն հսկողության տակ պահել Իրանի օդային տարածությունը եւ օդից հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ իրանցիները հարկադրված չեն լինի կապիտուլյացվել եւ խոստանալ վերջ դնելու միջուկային մրցավազքին:

Խնդիրը, սակայն, այն է, որ ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունը Օբամայի վարչակազմին չի մոտեցնում ռազմական գործողության իրականացմանը: Դժվար է հավատալ, որ Օբաման, որի բանակը երկու պատերազմ է մղում Մերձավոր Արեւելքում (Իրաքում եւ Աֆղանստանում), իր երկիրը կներքաշի երրորդ պատերազմի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում