Հանդբոլի «Վարչապետի գավաթը»` Ռուսաստանի թիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությում Հայաստանի հանդբոլի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ 41:33 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ: Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցած խաղին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Կրասնոդարի մարզի «Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի» թիմը, որն իր վերջին խաղում 65:23 հաշվով պարտության է մատնել Վրաստանի հավաքականին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցաշարի հաղթող թիմին հաղթական գավաթը հանձնել են Տիգրան Սարգսյանը և հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցաշարի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նրանց Հայաստանում կազմակերպված հանդբոլային գեղեցիկ տոնի մասնակիցը դառնալու համար: «Հույս ունենք, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարը մեծապես կնպաստի Հայաստանում հանդբոլի զարգացմանը և մասսայականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ:

Հայերեն English