Deutsche Welle. «Եվրոպա. նոր ռազմավարություն Ռուսաստանի նկատմամբ»
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարություն մշակելու կոչով Եվրամիությանն են դիմել Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Գիդո Վեստերվելեն եւ Ռադոսլավ Սիկորսին: Նրանք կոչ են արել հաղթահարելու տնտեսական եւ քաղաքական լեթարգիան Մոսկվայի հետ հարաբերություններում:
Գերմանիան եւ Լեհաստանը հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարություն մշակելու կոչով: «Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ պաշտոնների՝ պլանավորված փոխանակումը հույս չի ներշնչում, մենք պետք Է հետեւենք այն ուղեգծին, որը նպատակամղված Է Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանը եւ քաղաքական եւ տնտեսական լեթարգիաների հաղթահարմանը»,- գրել են Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Գիդո Վեստերվելեն եւ Ռադոսլավ Սիկորսկին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին հղած համատեղ ուղերձում, որից մեջբերումներ Է արել «Զյուդդոյչե Ցայտունգ» թերթը:
Վեստերվելեի եւ Սիկորսկու կարծիքով՝ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը պետք Է կառուցի համատեղ շահերի եւ նպատակների հիման վրա: Նրանք առաջարկել են Մոսկվայի հետ հարաբերությունները դարձնել Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ շուտով կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեման:
Նամակում հաղորդված Է, որ Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների պլանավորման շտաբները մշակել են Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության հայեցակարգ, որի նպատակն Է «Ռուսաստանի համար «պատշաճ տեղ» ապահովել ազատության եւ բարգավաճման ժողովրդավարական Եվրոպայում»: Եվրամիությունը պետք Է այսուհետեւ եւս Ռուսաստանին աջակցություն ցույց տա Էկոնոմիկայի եւ սոցիալական ու քաղաքական համակարգի արդիականացման գործում: Ի պատասխան' Եվրամիությունն ակնկալում Է, որ Ռուսաստանը «հուսալի գործընկեր» կլինի «Եվրոպայի քաղաքական եւ տնտեսական ասպարեզում», ռազմական ոլորտում կհրաժարվի սպառնալիքներից եւ կհարգի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի հիմնական սկզբունքները,- ասված Է Վեստերվելեի եւ Սիկորսկու ուղերձում:
Նախարարները խոստովանել են, որ «Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ պահպանվում են տարաձայնությունները», եւ նշել են ՌԴ-ի հետ հարաբերություններում եվրոպական արժեքների անտեսման, ինչպես նաեւ այդ երկրում ժողովրդավարացման եւ իրավական համակարգի ամրապնդման կոչերի կասեցման անթույլատրելիությունը: Միեւնույն ժամանակ ուղերձի հեղինակները վստահ են, որ այդ տարաձայնությունները չպետք Է խոչընդոտեն կողմերի համագործակցությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համաշխարհային քաղաքականությունը եւ Էներգետիկան:
«Զյուդդոյչե Ցայտունգ» թերթը նշում Է, որ այս ոլորտում Գերմանիայի եւ Լեհաստանի համատեղ նախաձեռնությունը շատ ուշագրավ Է, եթե հաշվի առնենք, որ տակավին մի քանի տարի առաջ Ռուսաստանի նկատմամբ այս երկրների տեսակետները բացարձակապես տարբեր Էին: Եթե Գերմանիան Եվրամիությունում ավանադաբար Ռուսաստանի փաստաբանի համբավ ուներ, ապա Լեհաստանը հաճախ նախազգուշացնում Էր Մոսկվայի հետ հարաբերություններում պարզամտությունից: