Վերլուծություն

Թոնի Բլերն աղետ է կանխագուշակում եվրոյից հրաժարվելու դեպքում

3 րոպեի ընթերցում

Թոնի Բլերն աղետ է կանխագուշակում եվրոյից հրաժարվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլերը նոյեմբերի 13-ին կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ աշխարհում ստեղծված տնտեսական իրադրությունը Եվրամիության ղեկավարությանը դրել է չափազանց դժվարին ընտրության առջեւ, քանի որ եվրոն կայունացնելու համար անհրաժեշտ որոշումները դյուրին չեն լինելու եւ ժողովրդականություն չեն վայելելու:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, միասնական արժույթից հրաժարվելը աղետալի հետեւանքներ կունենա շատ երկրների համար: «Վերջապես պսակազերծվեց վերջին տասը տարվա այն առասպելը, թե, օրինակ' Գերմանիայի եւ Իտալիայի էկոնոմիկան հավասար նշանակություն ունեն»,- ասել է Բլերը' ընդգծելով, որ Եվրամիության կազմակերպման հիմնարար սկզբունքները վերանայման կարիք ունեն, քանի որ այդ կառույցին անհրաժեշտ են նոր կարգավորիչներ, որոնք կոչված կլինեն ապահովելու որոշակի հաշվեկշռի պահպանումը Եվրամիության անդամ երկրների էկոնոմիկաների գործակցության ընթացքում:

«Եվրամիությունն արմատական բարենորոգման կարիք ունի: Առանձին պետությունների մակարդակով նույնպես անհրաժեշտ է շատ բան անել: Իտալիայի եւ Հունաստանի կառավարությունների ղեկավարների պաշտոնաթողությունը ցույց տվեց, որ մարդկանց համար այլեւս կարեւոր չէ' իշխանության գլուխ «աջերն» են գտնվում, թե «ձախերը»: Նրանց համար կարեւոր է միայն այն, որ նոր ղեկավարությունը պատասխան գտնի այն հարցին, թե ինչպես պետք Է դուրս գալ ստեղծված իրադրությունից: Բոլոր որոշումներն էլ չափազանց դժվարին ու շատ հիվանդագին կլինեն: Եվրոն կայունացնելու համար անհրաժեշտ միջոցառումները ծանր սոցիալական հետեւանքներ կունենան, սակայն եվրոգոտու փլուզման դեպքում հետեւանքները պարզապես աղետալի կլինեն»,- ընդգծել է Բլերը:

Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, Եվրոպայի երկրների ղեկավարները դանդաղելու իրավունք չունեն եւ անհրաժեշտ է շտապ կարգով գործողություններ ձեռնարկել եվրոգոտու տնտեսական իրադրությունը կայունացնելու համար: Նախ եւ առաջ Եվրամիության երկրների գործակցությունը պետք է ուժեղացնել ֆինանսական որոշումների ընդունման եւ ֆիսկալ քաղաքականության իրականացման բնագավառում:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը, պատասխանելով լրագրողների հարցերին, համանման կարծիք է հայտնել, հայտարարելով, որ եվրոգոտու երկրներին մոտ ապագայում հարկ կլինի շատ ավելի սերտորեն կոորդինացնել իրենց հարկային քաղաքականությունը եւ համաձայնեցնել զգալի բյուջետային ծախսերի վերաբերյալ որոշումները: «Զգալիորեն ավելի խորն ինտեգրացումը երկարաժամկետ պատասխան է այժմ եվրոգոտու առջեւ ծառացած հարցերին,- հայտարարել է Օսբոռնը:- Դա հենց այն է, ինչին միշտ էլ ընդդիմացել է Մեծ Բրիտանիան, եւ այն բանի պատճառներից մեկը, թե ինչու մենք ժամանակին հրաժարվեցինք երկրում միասնական արժույթ մտցնելուց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում