Վերլուծություն

Spiegel. Իրանը մտադիր չէ զիջել իր միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտության մեջ

2 րոպեի ընթերցում

Spiegel. Իրանը մտադիր չէ զիջել իր միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը անիմաստ Է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության մեջ փոխզիջման գնալը: «Միջուկային հիմնախնդիրը, սոսկ, պատրվակ է մեզ բոլոր միջոցներով թուլացնելու համար: Ըստ իս՝ լրացուցիչ զիջումներ անելն այլեւս իմաստ չունի»,- հայատարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին Spiegel ամսագրին տված հարցազրույցում:

Նա քննադատության է ենթարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության այն զեկույցը, որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին: Նրա խոսքով' այդ կազմակերպությունը կորցրել է «երբեմնի անաչառությունը» եւ կարող է կորցնել իր հաշվետվությունների հավաստիությունը, քանի որ նրա այն պնդումները, թե Թեհրանն իբր ատոմային զենք է մշակում, «ոչնչով արդարացված չեն» եւ ամեն տեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս:

Ալի Աքբար Սալեհին այն կարծիքին է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի համար ծանր ժամանակներ են վրա հասել: «Մենք նրանից եւ կազմակերպությունից հաշվետվություն կպահանջենք նման եզրակացությունների կապակցությամբ,- նախազգուշացրել է Իրանի արտգործնախարարը:- Մենք չենք վախենում ՄԱԳԱՏԷ-ում այդ փաստաթղթի շուրջ քննարկումներ անցկացնելուց»:

Մինչդեռ ԳՖՀ-ի կառավարությունը մտադիր է նոր սահմանափակումներ մտցնել Իրանի հետ առեւտրում: Այդ մասին Spiegel-ին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Գերմանիան ակտիվորեն կմասնակցի Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը»,- ընդգծել է նա: Հրատարակության տվյալների համաձայն' ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն Եվրամիության երկրների իր պաշտոնակիցների հետ նոյեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մտադիր է քննարկել Թեհրանի նկատմամբ ձեռնարկվելիք կոնկրետ միջոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում