Վերլուծություն

Der Spiegel. Բեռլինը պատրաստվում է եվրոգոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուն

3 րոպեի ընթերցում

Der Spiegel. Բեռլինը պատրաստվում է եվրոգոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆինանսների նախարարությունում եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու զանազան տարբերակներ են պատրաստում այն դեպքում, եթե Աթենքը չկատարի խոստումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հաղորդել է գերմանական Der Spiegel պարբերականի օնլայն հրատարակությունը: Մասնավորապես, բազային տարբերակը ենթադրում է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը նախ կբերի որոշ անկայունացման, բայց երկարաժամկետ հեռանկարում ավելի կամրապնդի արժութային միությունը:

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Աթենքից պահանջել են «ամբողջ ծավալով» կատարել բոլոր պարտավորությունները: Ինչպես նոյեմբերի 13-ին հաղորդել է AFP գործակալությունը, նրանք նախօրյակին հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել Հունաստանի անցումային կառավարության ղեկավար Լուկաս Պապադեմոսի հետ: Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Աթենքի կողմից ֆինանսական օգնության հերթական բաժնի ստացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները «վճռական քայլեր ձեռնարկեն» իրենց ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

ԳՖՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն այն համոզմունքն է հայտնել, որ Հունաստանին չի հաջողվի արագորեն հաղթահարել ճգնաժամի հետեւանքները: «Հույներից տասը տարի կպահանջվի, դա իմ խորը համոզմունքն է»,- հայտարարել է նա: Գերմանացի քաղաքական գործչի կարծիքով` ճգնաժամից դուրս գալու համար բավարար չի լինի Աթենքի կողմից պետական պարտքի պարզ կրճատումը, անհրաժեշտ են կառուցվածքային վերափոխումներ: Շոյբլեն հույս է հայտնել, որ դա գիտակցում է նաեւ Հունաստանի կառավարությունը, քանի որ, ի վերջո, ամեն մի երկիր ինքնուրույն պետք է լուծի իր հիմնախնդիրները:

Շոյբլեն հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկատվությունը, թե իր գերատեսչությունում պատրաստվում են եվրոգոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուն: Սակայն, նրա խոսքով, Բեռլինում դիտարկում են իրադրության զարգացման բոլոր տարբերակները:

Միունույն ժամանակ, ինչպես հաղորդել է DPA-ն, Վոլֆգանգ Շոյբլեն կոչ է արել Եվրամիության երկրներին առավել սերտ համագործակցություն հաստատել պարտքի խնդիրների լուծման համար: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է, որ ազգային կառավարությունները Եվրամիությանը փոխանցեն ֆինանսական ոլորտում իրենց լիազորությունների մի մասը: Բրյուսելը պետք է միջամտելու հնարավորություն ունենա բյուջետային կանոնների խախտման դեպքում, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում