ԱՀԿ-ին անդամակցումը ազդակ կհաղորդի Ռուսաստանի արդիականացմանը
5 րոպեի ընթերցում

("Deutsche Welle", Գերմանիա) Անդրեյ Գուրկով
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի առաջիկա անդամակցումը, գերմանացի փորձագետների կարծիքով, կմեծացնի ռուսաստանցի եւ օտարերկրյա ներդրողների իրավական պաշտպանվածությունը, նրանց զերծ կպահի խտրականությունից եւ կարագացնի Եվրամիության հետ նոր հիմնարար համաձայնագրի նախապատրաստումը:
ԱՀԿ-ն հանգուցային դեր չի խաղում էներգետիկայի ոլորտում, որը սկզբունքորեն կարեւոր Է Ռուսաստանի համար: Բացի այդ, ԱՀԿ-ն այժմ հերթական ճգնաժամն Է ապրում՝ կապված բանակցությունների Դոհայի փուլի տեղապտույտի հետ: Իսկ ի՞նչն Է հարկադրում Մոսկվային 18 տարվա բանակցություններից հետո ձգտել անդամակցելու այդ կազմակերպությանը, որը չի վայելում շատ ռուսաստանցիների համակրանքը, ըստ որում' այժմ երկու ընտրարշավների նախաշեմին: Տնտեսական նպատակահարմարություն, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական հեղինակության նկատառումները: ՉԷ որ Ռուսաստանը մնում Է տնտեսապես կարեւոր այն ոչ շատ երկրներից մեկը, որոնք մինչ օրս ձայնի իրավունք չունեն մի կազմակերպությունում, որն արդեն միավորում է աշխարհի 153 երկրների, այդ թվում նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասին:
«Ռուսաստանը ձգում Է ԱՀԿ-ին անդամակցել ոչ միայն քաղաքական հեղինակության նկատառումներով: Դա կարեւոր է նաեւ տնտեսական տեսակետից: Այս կազմակերպությանն անդամագրվելը եւս մեկ քայլ կդառնա համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու ճանապարհին եւ կնվազեցնի Ռուսաստանի մարգինալացման վտանգը»,- ընդգծել Է Բեռլինի «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Սյուզան Ստյուարտը:
Նա այն կարծիքին Է, որ տնտեսական մարգինալացման սպառնալիքը, երբ երկիրը մեկուսանում Է համաշխարհային շուկայից եւ սահմանափակվում Է հումքի մատակարարի դերով, բավականաչափ մեծ Է, չէ՞ որ Ռուսաստանում արդիականացումը ակնհայտորեն կանգ Է առել: ԱՀԿ-ին անդամակցելը նոր ազդակ կհաղորդի երկիրը զարգացման նորարարական ուղի փոխադրելու գործընթացին, քանի որ շատ ձեռնարկությունների եւ տնտեսության ամբողջ ճյուղերի, առանձնապես վերամշակող արդյունաբերության բնագավառում, երկիրը կհարկադվրի լրջորեն ձեռնամուխ լինելու իր մրցունակության մեծացմանը:
Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) փոխնախագահ Ռոլֆ Լանգհամերի կարծիքով՝ ԱՀԿ Ռուսաստանի ընդունումը կարեւոր ազդանշան կդառնա միջազգային ներդրողների համար: «Հետագայում նրանք կկարողանան հույս ունենալ, որ Ռուսաստանի շուկայում իրենց, ինչպես եւ իրենց մտավոր սեփականության համար ապահովված կլինի ավելի բարձր մակարդակի իրավական պաշտպանվածություն»,- նշել Է պրոֆեսոր Լանգհամերը եւ ընդգծել, որ հենց արտասահմանյան ներդրումների ներհոսքն Է Ռուսաստանի արդիականացման կարեւոր նախադրյալը: Ըստ որում' նա առանձնահատուկ դեր Է հատկացնում սպասարկման ոլորտին՝ նկատի ունենալով, ամենից առաջ, լայն սպեկտրի արդի ծառայությունների մատուցումն արդյունաբերական ձեռնարկություններին:
IfW-ի փոխնախագահը համաձայն չԷ Ռուսաստանում տարածված այն թեզին, թե ԱՀԿ-ին նրա անդամակցումից հետո երկրի գործարարության առաջ իբր կծառանա արտասահմանյան մրցակցության ծանր խնդիրը: Ըստ նրա՝ «հարկ չկա Առեւտրի համաշխարհային կազմակարպեությունը շփոթել ազատ առեւտրի գոտու հետ: ԱՀԿ-ին անդամակցումը բնավ չի նշանակում, թե Ռուսաստանն այժմ լիովին կբացի իր շուկաները»: Երկկողմ առեւտարական համաձայնագրերից Ռուսաստանի անցումը բազմակողմ համաձայնագրերի, ինչը ԱՀԿ-ին անդամակցության էությունն Է, ավելի բարձր մակարդակի իրավական պաշտպանվածություն կապահովի նաեւ ռուսական ընկերությունների համար, որոնք ձգտում են ամրապնդվել համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ մեծ չափով կպաշտպանի նրանց հնարավոր ճնշումից:
«Ռուսաստանը կստանա Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում վեճերի լուծման հստակ մեխանիզմից օգտվելու հնարավորություն, այնպես որ հակադեմպինգային ընթացակարգերի թիվն, անշուշտ, զգալիորեն կկրճատվի: Բացի դրանից, Ռուսաստանի ներկայացուցիչներն այսուհետեւ կնստեն բանակցությունների սեղանի շուրջը, երբ սահմանվեն միջազգային առեւտրի նոր կանոններ, եւ կկարողանան ստեղծել միություններ՝ պաշտպանելով իրենց շահերը»,- պարզաբանել Է Սյուզան Ստյուարտը: