PricewaterhouseCoopers. Ռուսաստանն արտադրության համար առավել հեռանկարային երկիրն է Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից հետո
5 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արտադրության համար առավել հեռանկարային երկիրն է Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը տեղ է գտել այն տեսության մեջ, որը PricewaterhouseCoopers (PwC) ընկերությունը պատրաստել է 26 երկրների, ներառյալ ԱԽՏՀ-ի (Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողով' Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր կազմակերպություն) մասնակից 21 երկրների ընկերությունների 320-ից ավելի ղեկավարների հարցման հիման վրա:
«Ռուսաստանը շարունակում է կարեւոր դեր խաղալ ԱԽՏՀ-ի երկրների թվում: Ըստ PwC-ի կանխատեսումների' մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում Ռուսաստանը կդառնա օտարերկրյա ուղղակի ներդրումներ ստացող հանգուցային երկրներից մեկը, բացի այդ երկրում էականորեն կաճի անձնական սպառումը: PwC-ի կողմից հարցված ընկերությունների ղեկավարների կարծիքով' Ռուսաստանը ԱԽՏՀ-ի առավել հեռանկարային երկրներից մեկն է արտադրության տեղաբաշխման համար՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Վիետնամին: Դա վկայում է Ռուսաստանի մեծ ներուժի մասին»,- նշել է Ռուսաստանում PwC-ի կառավարիչ գործընկեր Դեւիդ Գրեյը:
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընկերությունների ղեկավարների կեսից ավելին «բացարձակապես վստահ է», որ առաջիկա 3-5 տարվա ընթացքում իրենց ընկերությունների հասույթը կաճի: Հարցված ղեկավարների ավելի քան 40 տոկոսը հույսեր է կապում առաջին հերթին ասիական տարածաշրջանի, մասնավորապես, Չինաստանի բնակչության գնողունակության աճի հետ:
Աճը խթանելու նպատակով ընկերությունները ծրագրում են ընդլայնել իրենց ներկայությունն արագ աճող ասիական սպառողական շուկայում եւ ավելացնել իրենց բաժինը ծառայությունների զարգացող շուկայում: Ներդրումների ավելի քան 40 տոկոսը (ինչպես չինական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների) ծրագրվում է ուղղորդել Չինաստան:
Հարցմանը մասնակցած ղեկավարների կարծիքով' Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի էկոնոմիկան կշարունակի բարգավաճել, չնայած ԱՄՆ-ի տնտեսական աճի ցածր տեմպերին, Եվրոպայի ֆինանսական անկայունությանը, ինչպես նաեւ գարնանը Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիին ու երկրաշարժին:
Այդուամենայնիվ, հարցվածների մեկ երրորդը նշել է, որ ԱՄՆ-ի էկոնոմիկայի դանդաղ վերականգնումը «հսկայական» ազդեցություն է գործել իրենց ընկերությունների գործունեության վրա, իսկ ղեկավարների 17 տոկոսը գտնում է, որ իրենց բիզնեսը լրջորեն տուժել է Եվրոպայի տնտեսական իրադրությունից:
«Այն հնարավորությունները, որ ընթացիկ տասնամյակում կարող են բացվել ԱԽՏՀ-ի երկրների ընկերությունների առջեւ, կտարբերվեն նախորդ տասը տարվա զարգացումներից: Ապագայում ասիական տարածաշրջանի էկոնոմիկայի աճի հիմնական լծակը կդառնան զարգացող տարածաշրջանային շուկաները, այլ ոչ թե էժան արդյունաբերական ապրանքների արտահանությունը զարգացած էկոնոմիկայով երկրներ»,- նշել է PwC ֆիրմաների միջազգային ցանցի նախագահ Դենիս Նելլին:
Հարցմանը մասնակցած ղեկավարների երկու երրորդի կարծիքով' գլխավոր խնդիրը տարածաշրջանում ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումն է: Դա առավել հրատապ խնդիրն է ԱԽՏՀ-ի երկրների ընկերությունների ղեկավարների համար:
Միջտարածաշրջանային առեւտրական համաձայնագրերը կդառնան ԱԽՏՀ-ի երկրների էկոնոմիկայի աճի հանգուցային գործոնը: Հարցվածների 64 տոկոսի կարծիքով' իրենց ընկերությունների համար առավել կարեւոր դեր կխաղան երկկողմ ու տարածաշրջանային առեւտրական համաձայնագրերը, այլ ոչ թե երկկողմ պայմանագրերը:
Ընկերությունները փոխում են իրենց մոտեցումը ինովացիաների նկատմամբ: Հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսը հայտնել է, որ ծրագրում է ավելի լայնորեն կիրառել նորագույն տեխնոլոգիաները: ԱԽՏՀ-ի երկրները նաեւ մտադիր են նվազեցնել իրենց կախվածությունն ավանդական էներգառեսուրսներից: Հարցված ընկերությունների հինգերորդ մասը լրջորեն տրամադրված է կիրառել էկոլոգիապես անվտանգ արտադրական գործընթացներ եւ թողարկել էկոլոգիապես մաքուր արտադրանք:
PwC-ի տեսությունը պատրաստվել է ԱԽՏՀ-ի երկրների ընկերությունների ղեկավարների հանդիպման կապակցությամբ, որն այս տարի նոյեմբերի 10-12-ը տեղի է ունենում ԱՄՆ-ի Գոնոլուլու քաղաքում: