Վերլուծություն

Conference Board. Չինաստանի էկոնոմիկան ԱՄՆ-ին կհասնի 2015 թվականին

5 րոպեի ընթերցում

Conference Board. Չինաստանի էկոնոմիկան ԱՄՆ-ին կհասնի 2015 թվականին

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի էկոնոմիկան ԱՄՆ-ին կհասնի 2015 թվականին եւ համախառն ներքին արդյունքի ծավալով կդառնա խոշորագույնն աշխարհում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է Conference Board անկախ վերլուծական կազմակերպության` նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում:

Այդ գործընթացը տեղի կունենա` չնայած այն բանին, որ Չինաստանի ՀՆԱ-ի աճը եկող տարվա համար կանխատեսվող 8,7 տոկոսից հաջորդ չորս տարիներին կնվազի մոտավորապես մինչեւ 6,6 տոկոս: Սակայն, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, արդեն 2017-2025 թվականներին չինական էկոնոմիկայի աճը կդանդաղի տարեկան մինչեւ 3,5 տոկոս` կապված դրա վերակառուցման անհրաժեշտության եւ աշխատանքային ռեսուրսների կրճատման հետ:

«Չինաստանին հարկ կլինի արտահանմանը միտված էկոնոմիկայի մոդելից անցնել ներքին սպառողական պահանջարկի բավարարմանը»,- ասված է զեկույցում:

Չինաստանում արտադրության ծավալի կրճատումը բացասաբար կազդի գլոբալ էկոնոմիկայի վրա եւ կբերի աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների աննշան աճի, ինչը սպառնում է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած էկոնոմիկաների տնտեսական կայունությանը:

Ի դեպ, ամերիկացի տնտեսագետները զեկույցի վերաբերյալ առաջին մեկնաբանություններում նշում են, որ Չինաստանի կողմից «համաշխարհային արտադրամասի» կարգավիճակի հնարավոր կորուստը բիզնեսի համար հնարավորություններ կբացի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որտեղ բնակչությունը հազիվ թե մտադիր է կրճատել սպառումը: Իսկ թերահավատները մատնանշում են այն, որ ՉԺՀ-ի էկոնոմիկան կարող է անտեսել վերակառուցման անհրաժեշտությունը:

Արեւմուտքը վերստին կդառնա աշխարհի լոկոմոտիվը

Ազդեցիկ վերլուծական կենտրոնի տնտեսագետները հնգամյա հեռանկարում կանխատեսում են, որ ԱՄՆ-ը եւ եվրոգոտու երկրները կհաղթահարեն ճգնաժամը եւ կսկսեն կայուն աճ դրսեւորել՝ ինչպես որ «մեծ ռեցեսիայից» առաջ էր:

Եկող տարին ուրախալի հեռանկարներ չի խոստանում, զարգացած էկոնոմիկաների ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կանխատեսվող 1,6 տոկոսից կդանդաղի մինչեւ 1,3 տոկոս, սակայն միջնաժամկետ հեռանկարում` 2013-2016 թվականներին, զարգացած էկոնոմիկաների աճը կվերադառնա սովորական մակարդակ եւ կկազմի տարեկան 2 տոկոսից փոքր-ինչ ավելի:

Զարգացող շուկաները, որոնք վերջին տարիներին համաշխարհային շուկայի լոկոմոտիվն էին, կկորցնեն այդ կարգավիճակը, նրանց աճը կդանդաղի: Conference Board-ի փորձագետների կարծիքով` զարգացող շուկաների, ներառյալ Հնդկաստանը եւ Չինաստանը, ընդհանուր աճը, 2017 թվականին կկայունանա տարեկան 3,4 տոկոս մակարդակի վրա:

Ռուսաստանին եւ ԱՊՀ-ի երկրներին եկող տարի ՀՆԱ-ի աճի ավելացում է սպասում` հաջորդ երեք տարիներին աճի որոշ արագացմամբ: Սակայն կտրուկ նվազում է կանխատեսվում 2017-2025 թվականներին: Ամենալավատեսական սցենարով` այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի էկոնոմիկայի աճը կկազմի 1,1 տոկոս, իսկ ըստ ամենահոռետեսական սցենարի` աճը զրոյական կլինի: Սա նշված ժամանակահատվածի համար ամենավատ ցուցանիշն է ներկայացված կանխատեսման մնացած բոլոր ֆիգուրանտների թվում:

Շատերը հարկադրված կլինեն ձգել գոտիները

Բոլոր երկրների համար ամենահիվանդագին մարտահրավերը կդառնա զբաղվածության եւ աշխատանքի արտադրողականության մակարդակի հավասարակշռվածության եւ, համապատասխանաբար, եկամուտների խնդիրը, որոնք զարգացած երկրներում արդեն սկսում են նվազել:

«Ներկա հարյուրամյակի սկզբից բնակչության մեկ շնչի հաշվով գլոբալ աճը կազմում էր մոտավորապես 2,4 տոկոս, սակայն 2017-2025 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում այդ ցուցանիշը կնվազի մինչեւ 2 տոկոս: Ի տարբերություն նախորդ հարյուրամյակի երկրորդ կեսի, գործընթացը կուղեկցվի բնակչության աճի նվազմամբ»,- հաղորդում է Conference Board-ը:

ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում դա կբարդացնի բժշկական ու կենսաթոշակային հիմնադրամների ֆինանսավորումը, իսկ զարգացող էկոնոմիկաներում եկամուտների աճը կսահմանափակի տարեկան 1 տոկոսով, ինչն ակնհայտորեն բավարար չէ կենսամակարդակը բարձրացնելու համար:

Ընդհանուր առմամբ Conference Board-ի վերլուծաբանները ենթադրում են, որ համաշխարհային էկոնոմիկան հաջորդ տարի կաճի 3,2 տոկոսով, իսկ այնուհետեւ կաճի տարեկան 3,5 տոկոսով` ընդհուպ մինչեւ 2017 թվականը: Դա 0,1 տոկոսային կետով պակաս է, քան 1996-2005 թվականներին արձանագրված 3,6 տոկոս տարեկան աճի միջին ցուցանիշը: 2017-2025 թվականներին վերլուծաբաններն սպասում են, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կդանդաղի տարեկան միջինը մինչեւ 2,7 տոկոս:

Տնտեսական կանխատեսումը կատարվել է աշխարհի հիսուն խոշորագույն էկոնմոիկաների վերլուծության հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում