Վերլուծություն

Գերմանիայում տնտեսական հանցագործությունների կեսը բացահայտվում Է պատահականորեն

4 րոպեի ընթերցում

Գերմանիայում տնտեսական հանցագործությունների կեսը բացահայտվում Է պատահականորեն

ԲԵՌԼԻՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ընկերությունների ղեկավարները իրենց ֆիրմայի դրական վարկի պահպանման, հասարակայնության ուշադրությունը չգրավալու նպատակով հաճախ պատրաստ են հանդուրժելու կառավարիչների կողմից կատարվող տնտեսական հանցագործությունները, պաշտոնեական դիրքի չարաշահումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տեսակետը հայտնել են Գերմանիայի KPGM հաշվեստուգիչ ֆիրմայի փորձագետները: Բեռլինում տեղի Է ունեցել նրանց այն հետազոտության շնորհանդեսը, որը կատարվել Է երկրի արդյունաբերության մի շարք ճյուղերի ֆիրմաների 300 ղեկավարների հարցումների հիման վրա:

Ապօրինի արարքների հրապարակման դեպքում չարագործներից տուժած ձեռնարկությունը կարող Է հրաժեշտ տալ գործընկեր, արտադրակից ձեռնարկություններին, մատակարարներին: Յուրաքանչյուր երկրորդ դեպքում տնտեսական հանցագործությունների բացահայտումը տեղի Է ունենում զուտ պատահականորեն:

Յուրաքանչյուր երկրորդ հանցագործը տուժած ֆիրմայի աշխատակից Է՝ այնտեղ աշխատանքի ավելի քան 10 տարվա ստաժով: Յուրաքանչյուր երրորդը ղեկավար պաշտոն Է զբաղեցնում: Բարձրաստիճան կառավարիչներին պատասխանատվության են ենթարկում սոսկ յուրաքանչյուր երրորդ, շարքային աշխատողներին՝ յուրաքանչյուր երկրորդ դեպքում: Յուրաքանչյուր հինգերորդ վատ կառավարչի համար նրա ապօրինի արարքները ոչ մի իրավաբանական հետեւանքների չեն հանգեցնում: Գերմանիայում տուգանված բարձրաստիճան կառավարիչներին, սովորաբար, պաշտոնից արձակում են՝ դատի չտալով:

Յուրաքանչյուր չորրորդ հանցագործության մասին ընկերության ղեկավարությանը տեղեկացնում են աչալուրջ աշխատակիցները: Սակայն «տագնապալի ահազանգերի» մեծ մասը պետերը մատնում են անուշադրության: Դա ցույց Է տալիս ներկորպորատիվ վերահսկողության անարդյունավետությունը:

Անցյալ տարի Գերմանիայում տնտեսական հանցագործություններից նյութական վնասը հասել Է 4,7 միլիարդ եվրոյի: Այս մասին հաղորդել Է քրեական գործերի համերկրային գերատեսչությունը: Դա 1,2 միլիարդ եվրոյով ավելի Է, քան մեկ տարի առաջ: 2010 թվականին տնտեսական ոլորտում գրանցվել Է 124 հազար իրավախախտում՝ 22 տոկոսով ավելի, քան 2009 թվականին: Իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ ֆինանսական մեքենայությունների շատ զոհեր չեն համարձակվում դրանց մասին հայտարարել՝ երկյուղ կրելով իրենց վարկը փչացնելու վտանգից:

Փոքր եւ միջին գործարարության ձեռնարկությունների երկու երրորդը թերագնահատում Է սպառնալիքը եւ հարկ չի համարում միջոցներ ծախսելու արտադրական գաղտնիքի պաշտպանության համար: Դա հեշտացնում Է անբարեխիղճ, ձեռքից անմաքուր աշխատակիցների խնդիրը:

Գերմանիայում տնտեսական չարաշահումների շարքին են դասում սակարանային մեքենայությունները, ավանդատուներին եւ ներդրողներին խաբելը, սնանկության ձգձգումը, մրցակցության կանոնների անտեսումը, գողությունը, վատնումը, վստահության չարաշահումը, փողերի լվացումը, տարեկան հաշվետվությունների կեղծումը, արժեթղթերով գործառնությունների եւ բաժնեհաս մասնակցությունների ժամանակ կատարվող խախտումները, շինծու սնանկությունները: Հանցագործությունների ընդհանուր զանգվածում տնտեսական իրավախախտումների բաժինը փոքր-ինչ բարձր Է 1,5 տոկոսից: Սակայն դրանց հետեւանքով վնասները կազմում են բոլոր քրեական հանցագործությունների վնասի կեսը:

Ընկերություններն ամենամեծ կորուստը կրում են կարտելային նախահամաձայնություններից, կոռուպցիայից, փողերի լվացումից ֆիրմայի ունեցվածքի ապօրինի յուրացումից, գաղտնի տեղեկատվության հափշտակումից, արդյունաբերական տնտեսահենությունից եւ լրտեսությունից: Կարտելային նախահամաձանությունների բաժինը հասնում Է բոլոր հանցագործությունների 40 տոկոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում