Վերլուծություն

Քադաֆիի տապալումը տասնյակ միլիարդավոր դոլար է նստել Ռուսաստանի վրա

5 րոպեի ընթերցում

Քադաֆիի տապալումը տասնյակ միլիարդավոր դոլար է նստել Ռուսաստանի վրա

(Reuters, Մեծ Բրիտանիա) Ալեքսեյ Անիշչուկ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալման հետեւանքով տասնյակ միլիարդավոր դոլարի պոտենցիալ եկամուտներ է կորցրել զենքի մատակարարումների գործարքներից, հայտարարել է ռուսաստանցի մի պաշտոնյա, որը պատասխանատու է զենքի արտահանման համար:

Ռուսաստանը, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում զենքի արտահանության բնագավառում, քանիցս հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում լիբիական պարտավորագրերի կորուստը իր վրա նստել է 4 մլրդ դոլար:

«4 մլրդ դոլար թիվը սոսկ անվանական է, կորցրած իրական հասույթը կարող է չափվել տասնյակ միլիարդավոր դոլարով»,- նշում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրիեւը:

«Կորուստներ, անկասկած, եղել են... Մենք Լիբիայի նոր իշխանությունների հետ չենք շփվում պաշտպանության բնագավառում»,- հայտարարել է նա լրագրողներին Սանկտ Պետերբուրգում:

Դիվանագետներից ոմանք քննադատում են Կրեմլին լիբիական ճգնաժամի ժամանակ երկակի դիրք բռնելու համար: Մոսկվան Քադաֆիի դեմ Արեւմուտքի աջակցությունն ստացած ապստամբության կողմնակիցը չէր, բայց պաշտպանեց Լիբիայի առաջնորդի դեմ սահմանված պատժամիջոցները եւ Արեւմուտքին թույլ տվեց ռազմական գործողություն սկսել:

Ռուսաստանյան ընտրախավի ներսում Լիբիայի հարցի շուրջ տարաձայնություններն այնքան էին խորացել, որ նույնիսկ հրապարակվեցին վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ առկա տարակարծությունները:

Ռուսաստանյան ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլար են ներդրել Լիբիայում նավթի եւ գազի հետախուզման բնագավառում: «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ն 2,2 մլրդ եվրո գումարի պարտավորագրով երկաթուղի է կառուցել այդ երկրում:

Քադաֆիի կառավարման օրոք պաշտպանության բնագավառում ստորագրված պարտավորագրերը 2010 թվականին կազմում էին ռուսաստանյան զենքի արտահանության ծավալի 12 տոկոսը, որն ընդհանուր առմամբ հասել էր 10 մլրդ դոլարի: Փետրվարին զենքի մատակարարման բռնարգելքի սահմանումը Ռուսաստանին ստիպեց հրաժարվել 4 մլրդ դոլար գումարի նոր պարտավորագրերից:

Մոսկվան զենք ու հրթիռներ էր մատակարարում Քադաֆիին, որոնք նա ապարդյուն օգտագործում էր կառավարող ժամանակավոր խորհուրդ կազմած ապստամբների ուժերի դեմ: Այն բանից հետո, երբ Քադաֆին անցած ամսին բռնվեց ու սպանվեց, այդ խորհուրդը հսկողության տակ առավ երկիրը:

Ռուսաստանը պաշտպանեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի սկզբնական բանաձեւը, որը պատժամիջոցներ էր սահմանում Քադաֆիի ու նրա կառավարության դեմ, բայց ձեռնպահ մնաց մարտյան բանաձեւ քվեարկության ժամանակ, որը ռազմական միջամտություն էր արտոնում:

Ռուսաստանյան նավթընկերություններն իրենց շահերն ունեն Լիբիայում' իտալական ENI-ի եւ «Գազպրոմ» գազի պետական ընկերության նավթի ստորաբաժանման միջեւ ակտիվների փոխանակման խոշոր գործարքից մինչեւ անմշակ նավթի մատակարարման վերաբերյալ Լիբիայի ու միջերկրածովյան նավթավերամշակման մեծ գործարանի միջեւ կնքված համաձայնագիրը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է ռուսաստանյան ԼՈՒԿՕՅԼ ընկերությանը:

Աֆրիկայում Մեդվեդեւի ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը նախօրյակին հայտարարել է, որ «Գազպրոմ նեֆտ»-ը եւ ENI-ն վերսկսել են համատեղ աշխատանքը Լիբիայում, եւ որ ինքը մնացած խոշոր պարտավորագրերի վերանայման պատճառներ չի տեսնում:

«Ես Լիբիայի նոր ղեկավարության կողմից ռուսաստանյան ընկերությունների հետ կնքված պարտավորագրերի վերանայման պատճառներ չեմ տեսնում: Դրանք շահույթ են բերում թե մեզ, թե նրան: Վստահ եմ, որ մենք չենք կորցնի ոչ նավթի, ոչ էլ ենթակառուցվածքի նախագծերը»,- ընդգծել է նա:

Այդուհանդերձ, անցած ուրբաթ օրը «Գազպրոմ նեֆտ»-ի ղեկավար Ալեքսանդր Դյուկովը լրագրողներին հայտարարել է, որ մինչ այժմ չի ավարտվել Ռուսաստանում գազի ակտիվների փոխարեն «Գազպրոմ»-ին լիբիական Elephant նախագծի փոխանցման շուրջ գործարքի ֆորս-մաժորային փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում