Վերլուծություն

Համացանցը` արեւելյան կոլորիտով

5 րոպեի ընթերցում

Համացանցը` արեւելյան կոլորիտով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում պետությունների ներկայացուցիչների վերջերս կայացած խորհրդաժողովում քննարկվել է թվային դիվանագիտությանը վերաբերող թեման: WikiLeaks-ի գործը, արաբական գարունը եւ «Մեծ ությակի» շրջանակներում կատարվող աշխատանքը Ֆրանսիայի արտգործնախարարությանը ստիպել են գիտակցելու հետեւյալ փաստը. թվային տարածությունը դառնում է աշխարհի կառավարման համակարգի հանգուցային բաղադրիչներից մեկը: Այն հարկավոր է ընկալել միջազգային հարաբերությունների եւ միջպետական կապերի սոցիոլոգիայի տեսանկյունից, քանի որ ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու սոցիոմշակութային ասպեկտները միախառնվում են կիբեռտարածության մեջ:

Հաշվի առնելով միջազգային իրադրությունը եւ Ռուսաստանի ու Չինաստանի քաղաքական կշիռը' այս երկու երկրներն արժանի են միանգամայն հատուկ ուշադրության, մանավանդ որ համացանցի չինական ու ռուսաստանյան սեգմենտները ներկայում այնպիսի փոփոխություններ են կրում, որոնք անխուսափելիորեն կազդեն աշխարհի կառավարման համակարգի վրա: Այստեղ, ինչպես եւ այլ բնագավառներում, Չինաստանը եւ Ռուսաստանը մտադիր են իրենց դրսեւորել որպես հավակնոտ ինքնիշխան տերություններ, որոնք պաշտպանում են սեփական թվային տարածությունը եւ փորձում են ազդել մյուս երկրների տարածության վրա: Այդ կապակցությամբ արդեն այժմ կարելի է նշել երեք բնորոշ գիծ:

Առաջին հերթին համացանցը արագ եւ խորքային փոփոխություններ է առաջացնում պետական իշխանության եւ քաղաքացիական հասարակության գործակցության մեջ: Այն մարտահրավեր է կրում գոյություն ունեցող իշխանությունների համար, որոնք զգուշանում են բնակչության բողոքների մոբիլիզացման համար նրա ընձեռած հնարավորություններից:

Երկրորդ, համաշխարհային սարդոստայնն իր դերն է խաղում երկու պետությունների դիվանագիտության մեջ: Պեկինը եւ Մոսկվան, յուրաքանչյուրը յուրովի, փորձում են իրենց տեսակետը պարտադրել Համացանցի ղեկավարման կանոններին: Նման քաղաքականությունը, մասնավորապես, բերում է դոմենների' ռուսերենով եւ չինարենով անվանումների հայտնվելուն: Համացանցում գոյություն ունի բաժանում ըստ գործածվող լեզուների, որը փորձում են խորացնել այս երկու երկրների իշխանությունները:

Եվս մեկ չափազանց զգայուն հարց վերաբերում է կիբեռանվտանգությանը: Թեեւ այդ հիմնախնդիրը հիանալի ներհյուսվում է ռուս-ամերիկյան վերաբեռնման գործընթացին, այն միեւնույն ժամանակ լարվածության լուրջ աղբյուր է ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում:

Երրորդ, Համացանցը աճի հզոր աղբյուր է ծառայում Չինաստանի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի համար: 2009 թվականից Չինաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բաժինը գերազանցում է 10 տոկոսը: Ինչպես ենթադրվում է, Ռուսաստանի ՀՆԱ-ում Համացանցի բաժինը 2009 թվականի 2,1 տոկոսից 2015 թվականին կհասնի 5 տոկոսի: Ինչ վերաբերում է Չինաստանում եւ Ռուսաստանում Համացանցի օգտատերերին, 2006-ից մինչեւ 2009 թվականը նրանց թիվն աճել է համապատասխանաբար 41 տոկոսով եւ 20 տոկոսով: Բացի այդ, չի կարելի չնշել ազգային խմբերի ազդեցության աճը, որոնք այսօր միանգամայն ի զորու են պաշտպանելու իրենց շուկաները: Վերջերս սեկտորում տեղի ունեցող կապիտալիստական շարժումները ցույց են տալիս, որ պետության ձեռքը ներկա է խոշոր միավորումների ճնշող մեծամասնության մեջ: Այս երեք բնորոշ գծերը մեզ բերում են հետեւյալ եզրակացության' թվային տարածության կառավարման եւ էկոնոմիկայի հիմնախնդիրների քննարկումը չի վերաբերում մեն միայն Ատլանտիկային: Այսպես, «Բայդու» խոշորագույն չինական որոնողական համակարգը Ընդերկնյայում գրեթե նույնքան օգտատերեր ունի, որքան Googleն ամբողջ աշխարհում: Չինաստանը եւ Ռուսաստանը մտադիր են դառնալ առաջին պլանի թվային տերություններ: Կասկած չկա, որ երկու երկրների' իշխանությունների աջակցությունն ստացած ընկերությունները միջոցներ կձեռնարկեն նվաճելու նոր շուկաներ, եւ դա անխուսափելիորեն կանդրադառնա համաշխարհային սարդոստայնի ընդհանուր նկարագրի վրա:

Հիշեք չինական Tencent հեռահաղորդակցական ընկերության մասին, որը բորսայական կապիտալիզացիայով իր սեկտորում զիջում է միայն Google-ին եւ Amazon-ին, ռուսաստանյան Digital Sky Technologies հիմնադրամի (Facebook-ի եւ Twitter-ի բաժնետեր) կամ «Յանդեքս» ռուսաստանյան որոնողական համակարգի մասին, որն այս տարի Google-ի ժամանակներից ի վեր լավագույն արդյունքների է հասել Nasdaq-ում IPO-ի ընթացքում: Մի խոսքով' այս ամենը մտածել է տալիս, որ վաղվա Համացանցն արեւելյան ուժեղ կոլորիտ կունենա:

(Le Monde, Ֆրանսիա) Տոմա Գոմար, Ժյուլիեն Նոսետի)

Տոմա Գոմարը Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) ռազմավարական զարգացման գծով տնօրենն է, Ժյուլիեն Նոսետին' IFRI-ի գիտաշխատող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում