Ճգնաժամը՝ ճգնաժամ, իսկ միջուկային սպառազինությունների մրցավազքը շարունակվում է
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային տերությունները հաջորդ մի քանի տարիների ընթացքում պատրաստվում են վիթխարի գումարներ տրամադրել իրենց միջուկային զինանոցների արդիականացման համար' չնայած շարունակվող ճգնաժամին: Միայն ԱՄՆ-ն, British American Security Concil-ի (BASIC) զեկույցի համաձայն, այդ ժամանակաշրջանում նոր միջուկային զենքի զարգացման եւ արտադրության բնագավառում կներդնի 700 միլիարդ դոլար:
Միջուկային զինանոց ունեցող մնացած բոլոր երկրները նույնպես պլանավորում են զգալիորեն արդիականացնել եւ մեծացնել իրենց միջուկային զենքի հզորությունը:
BASIC-ը նաեւ նախազգուշացնում է, որ մի շարք երկրներ փոխում են իրենց կարծիքը միջուկային մարտագլխիկներով հրթիռների վերաբերյալ, որոնք մինչ օրս համարվում Էին ամենից առաջ ռազմավարական, ահ ներշնչող զինանոց:
Խոսքն ամենից առաջ Ռուսաստանի եւ Պակիստանի, նաեւ' Ֆրանսիայի եւ Իսրայելի մասին Է:
Զեկույցն ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Պակիստանը եւ Հնդկաստանը, օրինակ, զարգացնում են ավելի փոքր եւ թեթեւ միջուկային մարտագլխիկներ, ինչի շնորհիվ հրթիռները դրանցով կարող են ավելի մեծ տարածություն անցնել:
Իսրայելն իր հերթին զարգացնում Է իր ստորջրյա նավատորմը՝ հանդերձված հարթ հետագծով միջուկային հրթիռներով: Բացի այդ, իսրայելցիներն իրենց հրթիռային ծրագրի շնորհիվ ապագայում, հավանաբար, կմշակեն նաեւ սեփական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն ունակ կլինի կրելու միջուկային մարտագլխիկ:
Բոլոր միջուկային տերությունները, չնայած այն խոսակցություններին, թե աշխարհում չպետք Է միջուկային զենք լինի, արդիականացանում եւ ընդլայնում են իրենց ռազմական ատոմային հնարավորությունները՝ այդ գործողություններն արդարացնելով նրանով, որ իրենց պոտենցիալ հակառակորդներն անում են նույն բանը:
Ռուսաստանը միայն նոր հրթիռային համակարգերի մշակման բնագավառում ցանկանում Է ներդնել 70 միլիարդ դոլար, որովհետեւ երկյուղ Է կրում ամերիկյան հակահրթիռային վահանից եւ ԱՄՆ-ի «Արագ գլոբալ հարված» ծրագրից, որը պետք Է ԱՄՆ-ին թույլ տա մեկ ժամում ոչ միջուկային զենքով հարված հասցնել աշխարհի ցանկացած կետի:
PGS-ն կլինի միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային հրթիռների կոնվենցիոն նմանակը: ԱՄՆ-ի ռազմական պլաններից երկյուղում Է նաեւ Չինաստանը, որը, բացի դրանից, վախենում Է իր վիթխարի հարեւանի՝ Հնդկաստանի ուժգնացող մարտական ներուժից:
Իսկ Հնդկաստանին իր հերթին նոր միջուկային զենքի բնագավառում ներդրումների Է դրդում Պակիստանի եւ Չինաստանի հանդեպ վախը, իսկ Պակիստանը նույն այդ ժամանակ իր ռազմական միջուկային ծրագիրն արդարացնում Է Հնդկաստանի կոնվենցիոն գերակշռությամբ:
BASIC-ի մշակած վերլուծության համաձայն՝ Միացյալ Նահանգները հաջորդ տասը տարում պատրաստվում Է ռազմական միջուկային համակարգերի համար տրամադրել 700 միլիարդ դոլար, եւս 92 միլարդ՝ նոր միջուկային մարտագլխիկների համար, ինչպես նաեւ պատրաստվում Է կառուցել 12 նոր սուզանավ՝ հանդերձված միջուկային բալիստիկ հրթիռներով:
Ռուսաստանը մինչեւ 2020 թվականն իր միջուկային եռյակի կատարելագործման համար կտրամադրի 70 միլիարդ դոլար, կտեղաբաշխի նոր միջմայրցամաքային հրթիռ՝ մի քանի միջուկային մարտագլխիկներով, եւ կպատրաստի նոր սերնդի սուզանավեր, որոնք հանդերձված կլինեն թռիչքի հարթ հետագծով հրթիռներով եւ բալիստիկ հրթիռներով:
Մոսկվան նաեւ ցանկանում Է իր միջուկային հրթիռների տասը բրիգադների հանդերձման մեջ ներառել գործողության փոքր շառավղով հրթիռ, որը կարելի կլինի զինել միջուկային մարտագլխիկով:
Չինաստանն ինտենսիվորեն ստեղծում Է գործողության միջին եւ մեծ շառավղով հրթիռների շարժական զինանոց, որոնք կարող են կրել մի քանի միջուկային մարտագլխիկ, կառուցում Է հինգ սուզանավ, որոնք հանդերձված կլինեն բալիստիկ հրթիռներով:
Հնդկաստանը զարգացնում Է նոր սերնդի «Ագնի» հրթիռները, որոնք արձակվում են ցամաքից, որպեսզի հնարավոր լինի հարված հասցնել Պակիստանի ցանկացած կետի եւ Չինաստանի ամենատարածական մարզերին, ներառյալ Պեկինը: Եվ, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը ցանկանում Է կառուցել հինգ սուզանավ, որոնք կարողանան կրել բալիստիկ միջուկային հրթիռներ:
Իր միջուկային ներուժը մեծացնում Է նաեւ Ֆրանսիան, որը տեղաբաշխել Է չորս նոր սուզանավ՝ հանդերձված բարելավված հրթիռներով, որոնք ունեն գործողության ավելի մեծ շառավիղ եւ ավելի հզոր մարտագլխիկներ: Փարիզը նաեւ արդիականացնում Է իր ռմբակոծիչները, որոնք զինված են ատոմային ռումբերով:
Դեռ ավելին՝ BASIC-ն ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արդյունքում բոլոր միջուկային տերություններում Էլ միջուկային զինանոցի բնագավառում իրական ներդրումներն ակնհայտորեն շատ ավելի մեծ կլինեն:
(Aktualne.cz, Չեխիա) Վացլավ Վիտակ