ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների 5-րդ համաժողովը` Երեւանում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 24-28-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 5-րդ համաժողովը` «Նոր իրողություներին ընդառաջ» խորագրով: Այն կազմակերպվում է Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությանբ եւ ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
«Առաջին ֆորումը յուրօրինակ տեսական վերլուծությունն էր` գրականության եւ հրատարակչական գործի, երկրորդն ուղղված էր թարգմանչական, հրատարակչական, տեղեկատվական քաղաքականության ձեւավորմանը, իսկ երրորդ եւ չորրորդ ֆորումները լիովին նվիրված էին ավելի հստակ գործնական խնդիրներին»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին` նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` հավելելով, որ ֆորումը յուրօրինակ հարթակ է հետխորհրդային տարածքում մասնակիցների միջեւ փորձի փոխանակման եւ նոր ծրագրերի իրագործման համար:
Ի դեպ, համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ Ասիայի 17 երկրներից շուրջ 70 թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ եւ ոլորտի այլ մասնագետներ:
«Ֆորումը նպաստում է գրական, թարգմանչական, հրատարակչական միջմշակութային կապերի ամրապնդմանը հետխորհրդային տարածքում` չնայած տարածաշրջանում առկա քաղաքական եւ տնտեսական հակասություններին»,- շեշտեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն երեք կլոր սեղաններ` «Ժամանակակից ազգային գրականությունների, թարգմանության եւ հրատարակման հիմնասխնդիրներ», «Էլեկտրոնային գիրք. իրականություն եւ հեռանկարներ», «Գրական գործակալների դերն ու նշանակությունը թարգմանական եւ հրատարակչական գործում» խորագրերով:
«Ավանդույթ դարձած ֆորումը նպաստում է մշակութային հարաբերությունների եւ տեղեկատվական փոխանակմանը` տարեցտարի ընդլայնելով իր ձեւաչափն ու աշխարհագրությունը»,- նկատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:
Այս օրերին հասմաժողովի շրջանակներում Մատենադարանում կբացվի «ԱՊՀ երկրների մշակութային ժառանգություն ցուցահանդեսը», կցուցադրվեն գրքեր եւ տպագիր նյութեր` նվիրված ԱՊՀ երկրների մշակույթին, պատմությանը, ազգային արհեստներին:
Պաշտոնական բացման ընթացքում տեղի ունեցավ նաեւ ուկրաինացի գրող, թարգմանիչ Միրոն Նեւտերչուկի «Հայաստանի պոեզիան» գրքի, ինչպես նաեւ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչներ» ՀԿ նախագահ Սերգեյ Մուրադյանի ներկայացմամբ ռուսական պոեզիայի տողացի թարգմանությունների շտեմարանի շնորհանդեսները: