Հ. Ղազանչյան. «Դրամատուրգիան պետք է թատրոնում ծնվի»
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի ճգնաժամի մասին խոսակցություններից անգամ «մահախոսականներ» են ծնվում, չնայած դրան` քիչ չեն ներկայացումները, որ լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում, արվեստի այս տեսակն ունի դեռ հավատարիմ երկրպագուներ, որ ոչ միայն գնում են թատրոն, այլեւ պահանջում բարձրակարգ ներկայացումներ: «Արմենպրես»-ը թատրոնի ներկա վիճակի, հասարակության նորօրյա թատերական ճաշակի մասին զրուցեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:
-Պարո’ն Ղազանչյան, հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե հայկական թատրոնը վաղուց «մահացել է»: Ըստ Ձեզ` նման խոսակցությունների համար հիմքեր կա՞ն:
- Հարցն ընդգրկուն է եւ մինչեւ դրա պատասխանին անցնելը, ցանկանում եմ միանգամից ասել, որ հայկական թատրոններն այսօր բեմադրում են հետաքրքիր ներկայացումներ: Իսկ թե արդյոք որքանով են այդ ներկայացումները հետաքրքրում հայ հասարակությանը, պետք է վերլուծություն կատարել: Խորհրդային ժամանակաշրջանում, որն այսօր շատ է քննադատվում, հասարակությունն իր համար ստեղծեց կուռքեր, որոնցից էին Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Սոս Սարգսյանը, Մետաքսյա Սիմոնյանը եւ այլ հայտնի դեմքեր: Այդ ժամանակաշրջանում նրանց էր առաջնություն տրվում, արվում էին հրաշալի հեռուստաներկայացումներ, հասարակությունը նրանց էր միշտ տեսնում եթերում, գնահատում: Իսկ ովքե՞ր են այժմ հայտնվում հեռուստաեթերում` հիմնականում ապաշնորհ մարդիկ, որոնք չգիտեն` ինչ է հումորը, բայց հումորով են զբաղվում, չգիտեն` ինչ է դերասանությունը, բայց դերասանությամբ են զբաղվում: Նրանք հաճախ նույնիսկ համապատասխան կրթություն էլ չունեն: Հենց այդ մարդիկ են Ամանորին ողջունում հայ ժողովրդին, նրանք են այժմ նկարահանվում գովազդներում, իսկ մենք` թատրոնի մարդիկ, գովազդից կտրված ենք, որովհետեւ դա շատ թանկ հաճույք է: Ցավով պետք է արձանագրել, որ բախտավոր մարդիկ էին Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, որ այս դարում չապրեցին: Հիմա նրանք ոչ մեկին հարկավոր չէին լինի: Սակայն, չնայած այդ ամենին, թատրոնն այնուամենայնիվ կա, դժվարին պայմաններում, բայց աշխատում է, եւ մենք մեծ հույս ունենք, որ ժամանակները փոխվելու են:
- Դուք խոսեցիք ժամանակին մեծ հետաքրքրություն առաջացրած հեռուստաներկայացումներից: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոխհարաբերության մեջ են այսօր թատրոնն ու կինոն: Դրանք բացասո՞ւմ, թե՞ լրացնում են միմյանց:
- Եթե խոսքն իսկական կինոյի մասին է, ապա բացասման մասին երբեք խոսք անգամ չի կարող լինել: Թատրոնն ու կինոն իրար միշտ լրացրել են, եւ նույնիսկ ամենահայտնի գործիչները կինո գնում են թատրոնից, օրինակ` մեր ամենահանրահայտ ռեժիսորները` Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան:
- Որո՞նք են ժամանակակից թատրոնի ժանրային առանձնահատկությունները: Ի՞նչ տեսակ ներկայացումներն են այսօր առավել պահանջված:
- Այս հարցում ոճն այդքան էլ մեծ նշանակություն չունի: Ես տարբերակում եմ լավ ներկայացում կամ վատ: Լավ հանդիսատեսը գալիս է դիտելու լավ ներկայացում, եւ այստեղ ժանրային որեւէ սահմանափակում չկա: Իսկ ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, որ տարածված մոնոներկայացումներն այնպիսի թափ են առել, որ կարող են ետ մղել այլ տեսակների:
-Իսկ ո՞րն է հանդիսատեսի պահանջը: Նախընտրում են ժամանակակի՞ց պիեսներ, թե՞ դասական ստեղծագործությունների հիման վրա ստեղծված:
- Այսպիսի սահմանազատում դնելը եւս չափազանց դժվար է. երկուսն էլ: Ժամանակակից պիեսների առումով ընտրությունն այսօր մեծ չէ: Նոր դրամատուրգներ հայտնվում են, սակյան դրանք մեծ մասամբ պատահական անուններ են: Իմ խորին համոզմամբ` դրամատուրգիան պետք է թատրոնում ծնվի: Եթե դու թատրոնը գիտես, թատերական օրենքները գիտես բեմում, արդյունքում շատ արժեքավոր պիես է ծնվում: Իսկ շատ-շատերը կարծում են` եթե երկխոսություններով գրեցին, պիես է:
-Պարո’ն Ղազանչյան, թեեւ շատ է քննադատվում թատրոնի ներկա վիճակը, այնուամենայնիվ թատերական փառատոնները ոչ միայն չեն պակասում, այլեւ ավելանում են: Սա ինչպե՞ս կբացատրեք:
- Թատերական փառատոնի անցկացումն իմաստ ունի, եթե մասնակցության համար բերվում են հետաքրքիր ներկայացումներ: Եթե մասնակից երկրների քանակով ենք «վախեցնում» փառատոնների ընթացքում, իսկ իրականում ինքնագործունեություն է, ավելի լավ է` այդ փառատոնը չլինի: Եթե մենք փառատոնների ընթացքում կարողանում ենք թեկուզ 1-2 հանրահայտ անուն բերել, դա արդեն մեծ ձեռքբերում է, եւ փառատոնի անցկացումը` արդարացված:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի