9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամագիտությունը Հայաստանում ոչ շատ ուսումնասիրված գիտություն է: Դրամների առաջացման, հայկական դրամների առանձնահատկությունների, մեր երկրում այս գիտությա զարգացման եւ այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց դրամագետ Ռուբեն Վարդանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի լույս է տեսել իր իսկ հեղինակած «Սիլլոգե. Հռոմեական դրամների Հայաստան» գիրքը, որը մաս է կազմում համաշխարհային դրամագիտական հանդեսների շարքի:
- Ե՞րբ են հատվել ամենահին հայկական դրամները:
- Ամենահին հայկական դրամները Ծոփքում են թողարկվել. դրանք մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսով են թվագրվում եւ պղնձից են: Մեծ Հայքում 1-ինը Տիգրան Մեծն էր, որ սկսեց դրամներ թողարկել: Գրականության մեջ կհանդիպեք Տիգրան 1-ին, Արտաշես 1-ին, դրանք, սակայն, ճիշտ չեն. ոչ մեկից դրամներ չունենք: Մեզ հայտնի դրամաթողարկողը Տիգրան Մեծն է:
- Կարո՞ղ ենք նշել, թե Հայկական լեռնաշխարհի հնագույն դրամների ո՞ր տոկոսն է մեզ հասել:
- Ցավոք, չենք կարող ասել: Օրինակ, վերջին տարիներին արդեն հաշվվում է, որ աշխարհում կա մոտ 100 հազար կիլիկյան դրամ, այսինքն` տարբեր հավաքածուներում, մասնավոր անձանց մոտ եւ այլն: 30 տարի առաջ նշվում էր 50 հազար: Կիլիկյան դրամները շատ են, արտաշեսյաննները` քիչ, ու մեր ամենամեծ ցավն է, որ շատ քիչ տեղեկություններ ունենք, թե այդ դրամները որտեղից են հայտնաբերվում, ինչ միջավայրում, ինչ հնագիտական կոնտեքստում: Շատ չնչին մասի (տոկոս չեմ կարող ասել) դեպքում է, որ մենք գիտենք` այս դրամները հայտնաբերվել են այս վայրում, հնագիտական այս ենթատեքստում: Մեծ մասը «անանձնագիր» դրամներ են: Դրամը կասեր շատ բան, եթե իմանայինք` որտեղից է գտնվել:
- Կա՞ն մշակված քարտեզներ, թե հիմնականում որ վայրերից են դրամներ հայտնաբերվում:
- Չէ, այդպիսի հատուկ քարտեզ չկա: Հիմնականում անտիկ դրամները հայտնաբերվում են Արտաշատից, թեեւ այլ տեղերից էլ կան:.
- Աշխարհին հայտնի հնագույն դրամները ո՞ր թվականով են թվագրվում եւ որտե՞ղ են հատվել:
- Աշխարհի հնագույն դրամները հատվել են Լիդիա թագավորությունում, մոտավորոպես նույն ժամանակ՝ Էգեյան կղզում, հետո արդեն դրամն արագ տարածվեց հունական աշխարհում, երբ շատ քաղաք-պետություններ կային, յուրաքանչյուրն իր դրամն էր թողարկում: Ալեքսանդր Մակեդոնացուց հետո սկսվեցին թագավորական թողարկումները հելլենիստական թագավորություններում: Տիգրան Մեծի պետությունը եւս հելլենիստական էր:
-Դրամի հատումն արքայի համար ի՞նչ կարեւորություն ուներ. այն պարտադիր պայմա՞ն էր, թե՞ կատարվում էր թագավորի ցանկությամբ:
-Ոչ, պարտադիր չէր, ցանկալի էր: Դրամի հատումը տնտեսական եւ՝ քարոզչական նշանակություն ունի: Թագավորները, եթե հնարավորություն ունեին, թողարկում էին դրամներ, այսինքն՝ անգամ եթե տվյալ երկրում դրա կարիքը չկար, ամենափոքր քանակով քարոզչական նպատակներով կարող էին թողարկել: Ի միջի այլոց, դրամների թողարկումը նաեւ կապված է եղել պատերազմների հետ: Դրամ հատվել է՝ վճարելու համար ռազմական գործողությունները: Դրամ են հատել նաեւ զարգացած առեւտրական հարաբերություններ ունեցող երկրները, որտեղ դրամն օգտագործվել է ամենօրյա գործարքներում: Եթե արքան հնարավորություն ուներ դրամ հատելու, ասենք, ոսկուց, հատում էր, եթե չուներ այդքան ոսկի, ապա թողարկում էր արծաթե կամ պղնձե դրամներ: Հայաստանում եւս դրամները արծաթից եւ պղնձից են հատվել:
-Ե՞րբ են առաջացել թղթադրամները, եւ ի՞նչ գործոններով պայմանավորված:
- Բավական ուշ: Թղթադրամները ստեղծվել են միջնադարում՝ Չինաստանում, Մոնղոլիայում եւս եղել են: Թղթադրամը ստեղծվել է ոչ թե՝ որպես փող, այլ իբրեւ փողի փոխարինող: Այն ինքը որեւէ արժեք չունի: Թղթադրամի վրա գրվում է՝ սա այսքան արժե, եւ դու կարող ես դա փոխարինել իսկական փողով՝ մետաղով: Այն ծագել է իբրեւ «մուրհակ», հետո արդեն մեր ժամանակներում ուղղակի դարձել է առավել հարմար միջոց. սկզբունքը՝ պետությունը երաշխավորում է թղթի արժեքը: Թղթադրամն առավել հարմար է կիրառման առումով, նրա թողարկումն առավել մատչելի է: Հիմա արդեն ոչ մի երկրում թանկարժեք մետաղներից շրջանառու դրամ չեն թողարկում, միայն` հուշադրամներ:
- Հայկական դրամներն ի՞նչ առանձնահատկություններ ունեն:
-Հայկական դրամներն ինքնատիպ եւ լավն են: Դրանք, սակայն, ունեն ընդհանրություններ հելլենիստական շրջանի մյուս դրամների հետ: Դրամի մի դարձերեսում արքայի պատկերն է, մյուսում՝ դիցաբանական որեւէ խորհրդանիշ: Մեր պատկերագրությունը, հայկական թագն արդեն ճանաչելի են:
-Փորձառու դրամագետն ի՞նչ հատկանիշներով կարող է տարբերել իսկական հայկական դրամները կեղծվածից:
-Դա դժվար չէ, եթե գիտես, ճանաչում ես դրամները: Եվրոպայում հայտնի կեղծողներ են եղել, ովքեր, սակայն, ասել են, որ իրենք կեղծել են: Եղել են նաեւ մարդիկ, ովքեր կեղծել եւ ներկայացրել են իբրեւ իսկական, դա արդեն հանցագործություն է: Սա, սակայն, այնքան չի վնասում, որքան հնագիտական հուշարձանները փորփրելը: Կան մարդիկ, ովքեր, մետաղորսիչներից օգտվելով, փորձում են դրամներ գտնել՝ այդ կերպ հնագետ-դրամագետներին կտրելով տեղեկատվության աղբյուրից եւ փչացնելով հուշարձանները:
- Դրամագիտությունը Հայաստանում ե՞րբ է սկիզբ առել:
-Հայկական դրամագիտությունը սկիզբ է առել Եվրոպայում: 17-րդ դարից արդեն իմացել են հայկական դրամների մասին: Հետագայում, արդեն 19-րդ դարում ավելի շատ գրքեր են հրատարակվել, որտեղ առանձնացվում էին հայկական դրամները: Սփյուռքում են շատ հայտնի դրամագետները, հիմա էլ կան: Զարեհ Պտուկյանը շատ հետաքրքիր հոդվածներ, գրքեր ունի հրատարակած, Ե. Ներսիսյանը, որ հիմա խմբագրում է հայ դրամագիտական հանդեսը Լոս-Անջելեսում: Կարելի է ասել, որ Խաչատուր Մուշեղյանից է սկսվել դրամագիտությունը Հայաստանում, ով լուրջ դրամագետ էր:
- Ի՞նչ նվաճումներ կան այս ոլորտում:
- Հայաստանի պատմության թանգարանում դրամագիտական ֆոնդ կա: Այստեղ հենց թանգարանի հիմնման օրից կուտակվել են հին դրամներ` տարբեր աղբյուրներից՝ հնագիտական պեղումներ, նվիրատվություններ, գնումներ: Բավական մեծ ֆոնդ ունենք. միայն մետաղադրամները մոտ 90 հազար են: Ունենք նաեւ մեդալներ, շքանշաններ, կնիքներ, նամականիշներ: Դրանք այնքան էլ չեն կապվում դրամագիտության հետ, հատկապես նամականիշները, բայց ավանդաբար մեզ մոտ են պահվում, այդ նամականիշները, թղթադրամները:
-Երիտասարդներին որքանո՞վ է հետաքրքրում այս ոլորտը:
-Ցավոք, չի հետաքրքրում: Գուցե, պատճառներից մեկն էլ ոչ բարձր աշխատավարձն է: Ինքս միշտ ասում եմ՝ եթե կլինեն այս ոլորտով հետաքրքրվող լուրջ երիտասարդներ, ուղարկեք ինձ մոտ: Դեռեւս դիմողներ չկան, սակայն:
-Լավ դրամագետն ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա:
-Կարողանալ աշխատել սիստեմատիկ, համակարգված: Այս ոլորտը, ինչպես եւ ցանկացած աշխատանք, համակարգված մոտեցում է պահանջում:
-Ո՞րն է այս ոլորտի առանձնահատկությունը Ձեզ համար, ի՞նչն է Ձեզ գրավում այստեղ:
-Այն, որ հնարավորություն կա հետազոտական աշխատանքով զբաղվելու, ինչ-որ բան հայտնաբերելու: Հետաքրքիր է, երբ դու ցանկություն ունես ինչ-որ բան պարզելու: Չեմ սիրում, երբ գիտությունը դարձնում են գաղափարախոսություն: Պիտի փորձես պարզել իսկությունը, գտնել օրինաչափություններ:
-Դրամները հատող ժողովրդի մասին ի՞նչ կարող են պատմել:
-Սա պատմագիտության ճյուղերից մեկն է: Անշուշտ, դրամները կարող են պատմություն ներկայացնել: Երբեմն դրամի միջոցով ինչ-որ ժամանակագրություն է ներկայացվում, երբեմն՝ պատմակն տվյալներ: Մենք բավական շատ ենք կորցրել, սակայն հուսով ենք «գետնի տակ ինչ-որ բան մնացել է», եւ եթե դրանք գոնե հնագետների կողմից գտնվեն, ապա նոր բան կստանանք: Ուսումնասիրելու շատ բան կա. այստեղ նյութն անսպառ է:
Հարցազրույց` Հայկանուշ Թորոսյանի