Ռ.Սիկորսկի. «Վարշավայի գագաթաժողովը կհաստատի նոր` հավակնոտ ուղենիշներ»
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009թ. Եվրոպական միության անդամ պետություններից Շվեդիան եւ Լեհաստանը հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում էր ԵՄ արեւելյան հարեւան-երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ առավել խորացված համագործակցություն: Առաջիկա օրերին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Արեւելյան գործընկերության գագաթաժողովը. դրան ընդառաջ Արեւելյան գործընկերության հաջողությունների եւ խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ին բացառիկ հարցազրույց է տվել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
- Պարո’ն նախարար, Լեհաստանը Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկն էր: Նախաձեռնության մեկնարկից ի վեր որո՞նք են առավել շոշափելի արդյունքները:
-Արեւելյան գործընկերության առավել շոշափելի արդյունքների թվին կարելի է դասել 2010 թվականից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ 2010-2011թվականներին Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ գործողությունների ծրագրի ընդունումը: Այս երկու երկրներն էլ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման ճանապարհին են, իսկ 2011 թվականի սկզբին Վրաստանն է սկսել վիզային ռեժիմի դյուրացման կենսագործումը:
Ձեռքբերումների թվում է նաեւ այն, որ ԵՄ-ն մեծացրել է արեւելյան գործընկերներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը. 2013 թվականին նախատեսվում է տրամադրել հավելյալ ֆոնդեր: Իրականացվում են համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման աշխատանքներ, որոնց ֆինանսավորումը արեւելյան բոլոր գործընկերների համար մինչեւ 2013 թվականը կհասնի 173 մլն եվրոյի: Եվրոպական ներդրումային բանկը Արեւելյան գործընկերության դյուրացման եւ իր արտաքին մանդատի շրջանակներում Արեւելյան Եվրոպայի երկրների համար մատչելի դարձրեց 5.2 մլրդ եվրո: Մի շարք առաջնային նախաձեռնությունների հետ մեկտեղ Արեւելյան գործընկերության շրջանակներում հաստատվեցին համագործակցության զարգացման բազմակողմ ճանապարհներ:
- Ինչո՞վ է այս նախաձեռնությունը փոխադարձաբար շահավետ Հայաստանի եւ ԵՄ-ի համար:
-Արեւելյան գործընկերությունն առաջարկում է Արեւելյան Եվրոպայի երկրներին ԵՄ-ի հետ քաղաքական եւ տնտեսական աստիճանական ինտեգրման հավակնոտ մի ծրագիր, ինչպես նաեւ եվրոպական արժեքների, չափանիշների եւ նորմերի վրա հիմնված շուկայական տնտեսության ու ժողովրդավարության հիմնման, արդիականացման, առանձնահատուկ աջակցության ընդլայնված մեխանիզմներ: Որպես այսպիսի համագործակցության արդյունք, ԵՄ-ն խրախուսում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ մայրցամաքի կայնությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը:
-Ի՞նչ ակնկալիքներ ունի Լեհաստանը Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովից:
- Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հավելյալ ազդակ կհաղորդի նախաձեռնությանը եւ կհաստատի նոր` հավակնոտ ուղենիշներ դրա հետագա իրականացման համար: Լեհաստանն ակնկալում է, որ գագաթաժողովը կվերահաստատի ԵՄ պատրաստակամությունը` ճանաչելու Արեւելյան գործընկերնեի եվրոպական ձգտումները:
Այն նաեւ պետք է հաստատի ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, ինչպես նաեւ այս տարի ԵՄ-ի եւ Մոլդովայի ու ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը:
Գագաթաժողովը պետք է վիզային ռեժիմի վերացումը հասանելի նպատակ դարձնի այն բոլոր գործընկերների համար, ովքեր կհամապատասխանեն ԵՄ-ի կողմից հստակորեն սահմանված անհրաժեշտ պայմաններին: Այն նաեւ պետք է ճանապարհ բացի շահագրգիռ Արեւելյան գործընկերների համար ԵՄ-ի ներքին շուկա ամբողջական ինտեգրման ճանապարհին եւ հաստատի ԵՄ-ի ու գործընկեր երկրների միջեւ տնտեսական տարածք: Վարշավայի գագաթաժողովը պետք է խորացնի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկ արդյունաբերությունը եւ անվտանգությունը, գյուղատնտեսությունը եւ այլն:
Այն պետք է դյուրացնի Արեւելյան գործընկերների մասնակցությունը ԵՄ ծառայություններին եւ ծրագրերին, ինչպես օրինակ` ուսուցումն ամբողջ կյանքի ընթացքում` ներառյալ նաեւ «Էրասմուս» ծրագիրը:
Վարշավայի գագաթաժողովը պետք է հաստատի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, որով ԵՄ-ի հետ ինտենսիվ եւ լայն համագործակցության մեջ ներռաված գործընկերները կստանան ԵՄ-ի հավելյալ աջակցությունը:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Ձեր կարծիքով` ե՞րբ է հնարավոր համաձայնագրի ստորագրումը:
-2010 թվականին մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող դինամիկ բանակցությունները կարելի է գնահատել բավարարող: Այնուամենայնիվ, համաձայնագրի ամենաբարդ գլուխները, որոնց թվում է ազատ առեւտրի գոտու հաստատումը, դեռեւս առջեւում են: Ակնհայտ է, որ այս գործընթացը, որն այսքան շատ բարդ դրույթներ ունի, որոնք պետք է ներառվեն Հայաստանի օրենսդրության մեջ, դեռեւս որոշակի ժամանակ է պահանջում: Լեհաստանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ Հայաստանին ավելացնելու իրենց ջանքերը բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով: Այս համատեքստում ստեղծվեց ԵՄ-ի համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանի վարչարարական համակարգի ունակությունները:
-Հուլիսի 28-29-ը Լեհաստանի նախագահն այցելեց Հայաստան: Ըստ Ձեզ` ի՞նչ ազդեցություն ունեցավ այս այցը հայ-լեհական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա:
-Կարեւոր է հիշել, որ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու` Հայաստան կատարած պաշտոնական այցին նախորդել են 2010 թվականին վարչապետ Դոնալդ Տուսկի եւ արտգործնախարարի` իմ այցերը: Այս երեք իրադարձությունները ցույց են տալիս Լեհաստանի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը Արեւելյան գործընկերության անդամ երկիր է եւ մենք կցանկանանք տեսնել ձեր` եվրոպամետ ջանքերի հաջողությունները: Լեհաստանը նաեւ շատ է ցանկանում ընդլայնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ. անցած տարի այս ոլորտում ստորագվել է միջկառավարական համաձայնագիր: Նախագահի այցի ընթացքում հայտարարվեց, որ լեհական ընկերություններից մեկը ապահովելու է կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր հայերի համար: Հուսով ենք, որ նման հաջողություները ճանապարհ կհարթեն այլ ընկերությունների համար եւս, որոնք գործարար հարաբերություններ սկսեն իրենց հայ գործընկերների հետ:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի