Հասարակական

Մ. Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանի դեմ գանգատի վերջնական տարբերակը շուտով կներկայացնեն ՄԻԵԴ

2 րոպեի ընթերցում

Մ. Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանի դեմ գանգատի վերջնական տարբերակը շուտով կներկայացնեն ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանի դեմ գանգատի վերջնական տարբերակը շուտով կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք համոզված են, որ Ադրբեջանը ոտնահարել է Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայով երաշխավորված մի շարք, այդ թվում' Սարիբեկյանի կյանքի իրավունքը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը կորած անասուններին փնտրելիս նախորդ տարի մոլորվել էր եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանական կողմը տարածել էր հաղորդագրություն, թե իբր Մանվելն անցել է սահմանը եւ հանձնվել իրենց, իսկ ավելի ուշ տեղեկացրել' իբր երիտասարդն ինքնասպան է եղել: Սակայն, երբ ադրբեջանական կողմը վերադարձրել էր Մանվելի դին, դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ նրա մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան:

Սարիբեկյանի մահվան փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունն ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազին' պարզելու' արդյոք Ադրբեջանի քննչական մարմինները կատարում են քննություն: Ադրբեջանի գլխավոր դատախազը չի պատասխանել նույնիսկ Ռուսաստանի գլխավոր դատախազի միջնորդությունից հետո:

«Դատախազությունն իր կողմից տուժողի հարազատներին կտրամադրի բոլոր անհրաժեշտ նյութերը' գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է լինելու ոչ միայն այս գործով, այլեւ ընդհանրապես բոլոր գործերին, որոնք վերաբերում են արտասահմանում մեր քաղաքացիների իրավունքների եւ շահերի պահպանմանը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում