Հասարակական

Ոստիկանությունը շարունակում է բացահայտել վնասազերծված ավազակախմբի հանցավոր գործունեությունը

8 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը շարունակում է բացահայտել վնասազերծված ավազակախմբի հանցավոր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանոթյունը շարունակում է Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի հանցավոր գործունեությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Դեռեւս սեպտեմբերի 22-ի երեկոյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ ավազակախումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի են հանվել ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները:

Սեպտեմբերի 23-ին' ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմել է փախուստի: Մեքենան բախվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը: Վարորդը եւ ուղեւորը, թողնելով ավտոմեքենան, դիմել են փախուստի եւ կրակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:

Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվել, վնասազերծվել եւ բերման է ենթարկվել Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր է ընկել եւ մահացել: Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվել է թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ: Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ' փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով: Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած եւ մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերել են մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:

Շարունակելով օպերատիվ գործողությունները' ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին: Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է թմրանյութ:

Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվել է իրազեկման շրջանակը եւ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվել է:

Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է եւ առգրավվել մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն են կատարել մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ' 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ' 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ' 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ' 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն:

Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկել է եւ համակարգել օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվել եւ անմիջապես զեկուցվել են ոստիկանության պետին:

Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման են ենթարկել նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվել եւ առգրավվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ' լիցքավորված ութ փամփուշտով:

Նույն վայրից բերման է ենթարկվել նաեւ նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ' դեղնականաչավուն զանգվածով:

ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ (բանդա)' ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին:

Օղակը հանցավոր խմբի շուրջ սեղմվել էր, սակայն չէր թուլանում գործողության օպերատիվ կառավարման լարվածությունը: Չէր կարելի աչքաթող անել ոչ մի մանրուք:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի' Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ' երկու փամփշտակալով' 13 փամփուշտով եւ վեց պարկուճով: Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ մի շարք այլ բնակարաններում ու տներում: Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաեւ Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:

Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի' Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի' նրան պատկանող բնակարանից' «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ' փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում