ՀՀ նախագահը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը
15 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Իսկ մինչ այդ, հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երեւանյան այցից եւ համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի եւ Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը եւ չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երեւանում ՀՀ նախագահի եւ հայ հանդիսատեսի կողմից:
Խոսելով իր ծրագրերի մասին՝ աշխարհահռչակ տենորը նախագահ Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը' Լոս Անջելեսում
Անկախության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ, ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելի' հայրենակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Ես հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ այսօր մենք միասին ենք եւ ուզում եմ բոլորիդ շնորհավորել մեր ընդհանուր հայրենիքի, համայն հայության հայրենիքի' Հայաստանի Հանրապետության քսանամյակի կապակցությամբ:
Այս մեծ տոնը նշվեց եւ դեռ շարունակում է նշվել աշխարհի տարբեր անկյուններում' ամեն տեղ, որտեղ գոնե մեկ հայ կա: Սրանք իսկապես հիշարժան եւ գեղեցիկ օրեր էին բոլորիս համար:
Սեպտեմբերի 21-ի հայկական հեռուստաեթերը լեցուն էր Հայաստանի մարզերից և աշխարհի չորս կողմերից ներկայացվող հուզիչ ու շատ տպավորիչ տեսանյութերով: Եվ ինչպես չհուզվես, երբ դիտում ես ասենք, հենց ձեր' լոսանջելեսյան համայնքի տոնակատարությունների մասին պատմող սյուժեները: Ինչպես չփառավորվի հոգիդ, երբ անկախ հայրենիքի կենաց թասը բարձրացնող տղաներն ի լուր աշխարհի բարձրաձայնում են, որ հայոց հողի հանդեպ որևէ ոտնձգության դեպքում հեռու Ամերիկայից էլ ժամեր անց կհայտնվեն պաշտպանական դիրքերում: Դիտում ես ու մտքում կրկնում. «Տղե՛րք, ձեր ցավը տանեմ»:
Միտք ու զգացում, որ հասկանալի են յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա լինի: Առանձնահատուկ երջանկության րոպեներ եմ ապրում միշտ, երբ արտասահմանյան այցերիս ընթացքում տեսնում եմ եռագույնը հպարտությամբ բարձրացրած մեր երիտասարդներին ու երեխաներին: Դա նշանակում է, որ աշխարհի երեսին չկա այնպիսի ուժ, որը կկարողանա այդ երիտասարդներին այլեւս երբեւէ կտրել իրենց հայկական օջախից: Դա նշանակում է, որ ծնվելով եւ կայանալով մեկ այլ երկրի, լեզվի, մշակույթի պայմաններում, նրանք կարողացել են պահպանել հայի ոգին, որն իրենց հաստատապես բերելու է Հայաստան:
1991թվականին իրականություն դարձավ ողջ հայ ժողովրդի երազանքը: Արդեն երկու տասնամյակ շարունակ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մե՛ր անկյունը, մե՛ր պետությունը' Հայաստանի Հանրապետությունը: Կառուցում ենք հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք, դիմակայելով աղետ ու պատերազմ, շրջափակում ու ճգնաժամ: Կառուցում ենք, մեծով ու փոքրով, համայն հայության ջանքերով:
Այս կարճ ժամանակաշրջանում փորձել ենք ստեղծել պետականության հիմքերը, ամրացնել ժողովրդավարությունը, կայացնել քաղաքացիական հասարակությունն ու ազատ տնտեսությունը, ինտեգրվել միջազգային հանրությանը: Փորձել ենք մերը դարձնել ամենայն նորն ու լավագույնը, պահպանելով մեր ավանդականը' հայկականը: Եվ հասցրել ենք ոչ միայն սովորել աշխարհից, այլև աշխարհին տալ մեր մտքի սլացքն ու մեր հոգու ջերմությունը:
Ասել, թե 20 տարում հասել ենք կատարելության, իհարկե չի կարելի, սակայն ամեն ինչ համեմատության մեջ է գնահատելի: Պատմության համար ակնթարթ, բայց մեզ համար երկար, բարդ, բայցև շատ հետաքրքիր 20 տարիները եղան կորուստների, փնտրտուքի, հաջողությունների ու նվաճումների տարիներ: Այսօր ունենք կայացած պետական կառավարման համակարգ, ունենք բանակ, որով ուղղակի կարելի է հպարտանալ եւ մենք հպարտանում ենք, թափ հավաքող քաղաքացիական հասարակություն եւ ժամանակակից պետության բոլոր հաստատությունները: Սակայն ձեռք բերածով գոհանալ անկարելի է: Եվ շարունակում ենք ամրացնել մեր պետությունը' ամեն օր, քայլ առ քայլ ու հետեւողականորեն:
Սիրելի՛ բարեկամներ,
Վերջերս Երեւանում Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես առաջարկեցի հետեւյալ բանաձեւը. «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը' Սփյուռքի համար եւ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը հայրենիքի համար»:
Այսօր արդեն իրականություն է դարձել երկքաղաքացիության ինստիտուտը: Այստեղ ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր կրում են նաև Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ըստ էության, վերացրել ենք այն հոգեբանական պատնեշը, որը շատ սփյուռքահայերի խոչընդոտում էր Հայաստանում լիարյուն ապրելու եւ գործելու:
Նայենք մեր շուրջ. բազմաթիվ են Հայաստան վերադարձած կամ մեր հայրենիքի կյանքում աշխույժ ու անմիջականորեն մասնակցող սփյուռքահայերը: Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և տեղափոխվել անծանոթ, երևակայական թվացող հայրենիք: Սակայն այսօր ունենք բազմաթիվ թևավորող օրինակներ: Մեր հայրենակիցներից շատերն են ճաշակել հայրենիքում ապրելու եւ գործելու ոգեւորությունը: Ցավոք նրանցից ոմանք ճաշակել են և հիասթափությունների դառնությունը: Պիտի սովորենք մեր ոգևորիչ օրինակների դասերը: Սակայն առաջին հերթին պետք է ազատ ու բաց քննարկենք հենց դառնությունների պատճառները: Քննարկենք միասին, քանի որ թերությունը մատնանշելը գործի կեսն է միայն: Անհրաժեշտ է համատեղ փնտրել դրանց վերացման ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:
Հայաստանն իրականում երևակայական, ռոմանտիկ հայրենիք չէ: Հայաստանը հողեղեն է' իր բերկրանքներով եւ իր դժվարություններով: Մենք ահռելի առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ հայտնի թերություններ: Իսկ ո՞վ մեզ կարող է օգնել հաղթահարել այդ թերությունները, եթե ոչ մեր հայրենակիցները:
Ես հրավիրում եմ բոլորիս բաց եւ շիտակ խոսակցության: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք բոլոր թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները' առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու:
Իսկ խնդիրներ դեռ շատ ունենք: Մենք դեռ չենք հասել կայուն խաղաղության ու ստիպված ենք ահռելի միջոցներ ծախսել մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամբիոններում արշավ է տանում մեր երկրի դեմ, որին պարտավոր ենք հակազդել: Մեր փոքրիկ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին անբարենպաստ ազդակների հանդեպ, ու մենք մեծ ջանքեր ենք գործադրում պաշտպանելու համար մեր տնտեսավարողներին, ապահովելու մեր տարեցների գոնե նվազագույն կարիքները: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, շարունակում է մնալ կոռուպցիան, եւ մենք շարունակում ենք պայքարել խորհրդային տարիներից ժառանգած ու վերջին տասնամյակներում նոր երանգներ ստացած այդ երևույթի դեմ գրեթե բոլոր ոլորտներում' կրթությունից մինչև քաղաքաշինություն, սոցիալական ապահովության ոլորտից մինչև գյուղատնտեսություն:
Այս բոլոր խնդիրները մերն են ու լուծումներն էլ մենք պետք է գտնենք: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարող ենք գտնել անհրաժեշտ լուծումները: Դրա համար մենք ունենք ներուժ եւ կամք: Ունենք կարևոր պատմական հիշողություն և դասեր, որ պարտավոր ենք քաղել մեր իսկ անցյալից: Հայաստանի Հանրապետության ստեղծումը նախորդ դարասկզբին սեփական ուժերով մեր դարավոր երազանքն իրողություն դարձնելու մեր զորության փայլուն ապացույցն էր: Մայիսի 28-ը նաև մեր առջև ամենամեծ ու ամենդաժվար խնդիրներ դնելու եւ համատեղ լուծելու մեր կարողության ապացույցն էր: Այդ զորության արմատները ձգվում են դարերի խորքից: Եվ այդ զորության ծառը ծաղկում ու պտղավորվում է ամեն անգամ, երբ մենք դրսևորում ենք հավատ սեփական ուժերի հանդեպ, հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն, ներողամտություն և վստահություն:
Մեր դարի խորհրդանիշը ազատությունն է: Ազատություն, որը ձեռք ենք բերում մրցելով ու գործակցելով: Մրցում են անհատները, մրցում են տնտեսավարողները: Մրցում են տնտեսություններն ու պետությունները: Եվ որքան մրցունակ ենք մենք, այնքան մեծ է ազատությունը, որ կարող ենք վայելել:
Մենք' որպես ազատատենչ մարդիկ, որպես քսանամյա ազատ ու անկախ պետականություն նվաճած ժողովուրդ, շարունակում եւ շարունակելու ենք մրցել: Մրցում ենք բոլոր ուղղություններով ու բոլորի հետ: Եվ այս շարունակական մրցության մեջ արդյունքի հասնելու միակ գրավականը մեջքիդ ամրությունն է, հաղթանակի համար հետդ մեկտեղ պայքարող ընկերոջ ու արյունակցի մեջքի հպումը զգալը: Ես հավատում եմ, որ խելահեղ այս մրցակցության մեջ մենք մեջք մեջքի ենք: Մեջք մեջքի՝ ստեղծելու ու կառուցելու համար: Մեջք մեջքի՝ մեր ազատությունը պաշտպանելու համար: Ավելի ազատ լինելու համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Վստահ եմ' մեր ընդհանուր հայրենիքի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը նոր ուժ եւ հզորություն է տալու թե' մայր հայրենիքին, թե' սփյուռքին: Նպաստելու է հայապահպանության գործին սփյուռքի բոլոր գաղթօջախներում, որտեղ էլ դրանք լինեն: Մեզ օր առաջ է մոտեցնելու Արցախի խնդրի արդար լուծմանը: Ամրապնդելու է մեր անկախ պետականության հիմքերը: Զորացնելու է մեր հարատեւության ծառի արմատներն ու փարթամացնելու մեր ազատության ու անկախության սաղարթը:
Ասում եմ սա ամենայն համոզվածությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է հայ ժողովրդի հարատեւության միակ իրական երաշխավորը: Որեւէ այլ ուժ այդ պատասխանատվությունը մեր փոխարեն չի ստանձնելու:
Սփյուռքի նախարարության ջանքերով հաճախ են կազմակերպվում համահայկական մասնագիտական հավաքներ, որոնք հնարավորություն են ստեղծում աշխարհասփյուռ մեր ճարտարապետների, իրավաբանների, ֆինանսիստների եւ ամենատարբեր մասնագիտությամբ հայերի փորձն ու գիտելիքները ծառայեցնել համահայկական խնդիրների լուծմանը: Սա շատ արդյունավետ ու գործնական ձևաչափ է, որ պետք է շարունակենք ու կատարելագործենք:
Հայաստանի միակ եւ ամենակարեւոր հարստությունը ազատ կամքով օժտված իր արժանապատիվ զավակներն են: Իսկ Հայաստանի զավակներն այսօր աշխարհասփյուռ են: Մեր երկրի արդիականացման և զարգացման առաջին օժանդակողները կարող են լինել հենց սփյուռքի ներկայացուցիչները: Եվ ես կասկած չունեմ, որ մեր համատեղ քայլերով մենք ճիշտ ճանապարհով կտանենք Հայաստանը դեպի նոր ձեռքբերումներ ու ազատության նոր հանգրվաններ:
Հայաստանը կա, երազային չէ, նոր-նոր ոտքի կանգնող փոքրիկ, բայց հպարտ երկիր է հեռավոր լեռներում: Երկիր, որն այսօր մրցության է մտել աշխարհի մեծերի ու հզորների մրցադաշտում: Երկիր, որը դժվար խնդիրների է բախվում, նոր ու կարևոր կառույցներ է ձևավորում, ունի հաջողություններ, բայցեւ շատ ավելի մեծ նպատակներ: Դրանք մեր բոլորիս նպատակներն են:
Հայաստանը մեր բոլորի, մեր ծնողների ու պապերի երազած երկիրն է, մեր զավակների ու թոռների տունը, որի հիմքերը մենք ենք հետեւողականորեն ամրացնում: Հայաստանն անկեղծորեն սիրում է իր բոլոր զավակներին ու երբեք խտրականություն չի դնում նրանց մեջ:
Իրողություն դարձած մեր երազանքը քսան տարեկան է: Քսան տարեկան է այսօր ազատ ու անկախ Հայաստանը: Եվ այսօր հայի համար չկա ավելի մեծ հպարտություն եւ հրճվանք:
Կեցցե' Հայաստանը եւ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այդ տոնի կապակցությամբ:
Շնորհակալ եմ»:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով ԵՒ շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգեւների մի մասը նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճեանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Սինան Սինանյանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Թեւան Առուստամյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: