Ներկայացվեց «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր ներկայացվեց «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցը: Այն կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ներկա էին պատգամավորներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը, զեկույցը կազմվել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են եվրոպացի նախկին պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ: Զեկույցում շեշտադրում է կատարվել մի քանի կարեւոր հարցերի վրա, մասնավորապես' բազմամշակութային ուղղությունների, դրանց զարգացումների, միգրացիայի եւ այլն:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ զեկույցը սկզբունքորեն շատ լավ է կառուցված, այն առումով, որ հստակորեն արտացոլում է խնդիրների հիմքերը, իսկ պատճառները քննարկման առարկա են: Զ. Մնացականյանի խոսքով' զեկույցում շեշտը տեղափոխվում է անհատական իրավունքների ուժեղացման վրա:

«Առաջնահերթ խնդիր է համարվում օրենքի գերակայությունը: Եթե մարդը պատրաստ է ապրել տվյալ հասարակության հետ, ուրեմն պարտավոր է ընդունել օրենքները: Դա, իհարկե, չի նշանակում մերժել սեփական ինքնությունը»,-ասաց փոխնախարարը:

Այն հարցին, թե որքանով է զեկույցն առնչվում Հայաստանի հասարակությանը, Զ. Մնացականյանը նշեց, որ միգուցե անմիջական կապը նկատելի չէ, սակայն Հայաստանը համարվում է նույն արժեքային ընտանիքի անդամ: Հայաստանում նույնպես ապրում են փոքրամասնություններ, տարբեր ինքնություն ունեցող քաղաքացիներ: Հայաստանը նաեւ այն երկիրն է, որն ունի եվրոպական տարբեր պետություններում ապրող իր քաղաքացիները:

Հայերեն Русский