Կանխվել է 31-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 25-ին'կեսօրին, Երեւանի մի քաղաքացի սպառնացել է ցած նետվել Դավթաշենի կամրջից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով կանխվել է Երեւան քաղաքի 16-րդ թաղ. թիվ 25 շենքի բնակիչ,1980թվականին ծնված Արթուր Զարգարյանի ինքնասպանության փորձը: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից Ա.Զարգարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Սեպտեմբերի 25-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւան քաղաքի Աճառյան փողոցում' Առինջ տանող ճանապարհին, բախվել են թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ պետհամարանիշի եւ «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 պետհամարանիշի ավտոմեքենաները,ինչի հետեւանքով «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1957 թվականին ծնված Աշոտ Մինասյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ'1990 թվականին ծնված Արթուր Հայրապետյանը,1971 թվականին ծնված Գայանե Խաչատրյանը, 1975 թվականին ծնված Գեղամ Աբելյանը, 1968 թվականին ծնված Գրետա Ալեքսանյանը, 1961 թվականին ծնված Սերգեյ Ադիլյանը եւ 1971թվականին ծնված Գոհար Ալեքսանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: