Ապօրինի ծառահատումներ` Գուգարքի անտառտնտեսությունում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել են Վանաձորի մի բնակչի «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան' բեռնված 220 սմ երկարության, տարբեր տրամաչափի սոճենու 18 գերաններով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ «ԿամԱԶ»-ի ուղեւորը հայտարարել է, որ փայտանյութն ինքն է ապօրինի հատել Գուգարքի անտառտնտեսության «Խնձորուտ» անտառպետության տարածքում:
Փայտանյութն առգրավված է:Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի մի բնակչի ' իր վարած «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի բոխենի եւ հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով:
«ՈւԱԶ»-ի վարորդը հայտարարել է, որ ծառերը հատել է Գուգարքի անտառտնտեսության «Եղեգնուտ» անտառպետության տարածքից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:Պատճառված վնասի չափը պարզվում է:
Դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Սիսիանի բաժնի եւ բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ծառայողներն էլ սեպտեմբերի 25-ին Շամբ գյուղի ջրամբարի տարածքում ապօրինի ձկնորսություն կատարելու համար բերման են ենթարկել նույն գյուղի մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել է 15 կարաս եւ ձկնորսական ցանց:Կատարվում է քննություն: