ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետներն ակնկալում Էին, որ անդրկասպյան գազամուղի կառուցման հարցի շուրջ ընթացող զարգացումների պայմաններում լարվածությունը Կասպից ծովում էլ ավելի կմեծանա: Սեպտեմբերին տեղի ունեցող իրադարձությունները հաստատում են, որ դիմակայությունը ոչ միայն աճում է, այլեւ ձեռք Է բերում նոր երանգներ, եւ բացառված չեն անսպասելի զարգացումներն այս հարցում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ռուսական գազի մենաշնորհատեր «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց Բալթիկ ծովի հատակով Ռուսաստան-Գերմանիա' «Nord Stream» կոչվող գազմուղի առաջին ճյուղի աշխատանքների ավարտի մասին: Այդ գազամուղը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այսպիսով շրջանցում է Ուկրաինան եւ թուլացնում կախվածությունը ուկրաինական տարանցումից, ինչպես նաեւ գազի սակագնի շուրջ Ռուսաստան-Ուկրաինա անվերջանալի ձգվող վեճերից: Սեպտեմբերի 6-ից սկսվել է խողովակաշարը տեխնիկական գազով լցնելու գործընթացը, ինչը կավարտվի 4 շաբաթից, իսկ գազամուղի առաջին հատվածը ողջ հզորությամբ կսկսի գործել հոկտեմբերից:
Մոտ 60 տոկոսով պատրաստ է նաեւ «Nord Stream» 2-րդ գիծը, որը շահագործման կհանձնվի 2012թ-ին' հնարավորություն տալով Ռուսաստանին 50 տարվա ընթացքում տարեկան մոտ 55 մլրդ խորանարդ մետր գազ առաքել Գերմանիա: Հիշեցնենք, որ գազամուղի հիմնական բաժնետերն է «Գազպրոմ» ընկերությունը' 51% մասնաբաժնով, գերմանական «E.ON» եւ «BASF» ընկերությունները' 31%, 9-ական տոկոսներ ունեն հոլանդական «Gasunie» եւ ֆրանսիական «Gaz de France Suez» ընկերությունները: Ելույթ ունենալով գազամուղի բացման արարողության ժամանակ' Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ «այսպիսով ազատվում են տարանցիկ երկրների թելադրանքից»: Պուտինը հատկապես նկատի ուներ Ուկրաինան, որը, ըստ ռուս փորձագետների, փորձում է չարաշահել տարանցիկ իր մենաշնորհը գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում (դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման 80%' մոտ 100-120 մլրդ խ/մ տարեկան, բաժին է ընկնում Ուկրաինային):
Հյուսիսային հոսքի առաջին հատվածի գործարկման մասին հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան ձեռնամուխ եղավ իրականացնել Հարավային հոսք' «South Stream» գազամուղի կառուցման շուրջ պայմանագրերի կնքմանը: Մասնավորապես եվրոպական էներգետիկ 2 հսկաներ' գերմանական «Wintershall Holding»-ը եւ ֆրանսիական «EDF»-ը մաս կազմեցին South Stream-ին' ստանալով այդ գազմուղի ակցիանների 15-ական տոկոսները: Այսպիսով' Հարավային հոսքում «Գազպրոմ»-ը շարունակում է տիրապետել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 50%-ը, իտալական «ENI»-ին' 20%, գերմանական «Wintershall Holding» եւ ֆրանսիական «EDF» համապատասխանաբար 15-ական տակոս: Եվրոպական այդ հսկաների մուտքը ռուսական այս նախագիծ վկայում է, որ «South Stream»-ը «Nord Stream»-ի կառուցումից հետո ավելի իրական է դառնում եւ վայելում է եվրոպական խոշոր էներգետիկ ընկերությունների աջակցությունը: Բացի այդ, Հարավային եւ Հյուսիսային հոսքեր նախագծերի իրականացման դեպքում Ռուսաստանը կկարողանա տարեկան մինչեւ 115 մլրդ խ/մ գազ առաքել դեպի Եվրոպա' կտրուկ կերպով նվազեցնելով Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքով իր առաքումների ծավալները, վերջիններիս զրկելով ոչ միայն ռազմավարական նշանակության լծակներից, այլեւ հսկայական եկամուտներից:
Այսպիսով, Ռուսաստանը դեպի Եվրոպա գազի առաքման հարցում շարունակում է իր ռազմավարությունը' դուրս մղելով միջնորդ երկրներին եւ բարձրացնելով էներգետիկ առաքումների իր անվտանգությունը: Ռուսաստանի այս քայլերը ողջունվում, սակայն չեն փոխում Եվրամիության էներգետիկ նոր ռազմավարության սկզբունքները, որոնց հիմքում այլընտրանքային նոր գազմուղի կառուցման տրամաբանությունն է: Այսինքն' ակնկալել, թե NABUCCO գազամուղը չի կառուցվի, անիմաստ է, քանի որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն այդ գազամուղի, այլեւ Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ Կասպից ծովի ընդերքով խողովակաշարի կառուցման շուրջ:
2011-ի սեպտեմբերի 12-ին Եվրամիությունը լիազորեց Եվրահանձնաժողովին իր անունից բանակցություններ սկսել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ Կասպից ծովի ընդերքով գազամուղի կառուցման հարցի շուրջ: Եվրամիությունն այդ որոշումը ընդունեց նախօրեին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված մեկ այլ' «ԵՄ էներգետիկ քաղաքականություն. արտասահմանյան գործեընկերների ներգրավում» որոշման շրջանակներում, որի համաձայն' Եվրոպան պետք է ակտիվացնի իր գործունեությունը էներգետիկ նոր գործընկերներ ձեռք բերելու եւ այլընտրանքային աղբյուրներից օգտվելու հարցում: Եվրամիության որոշումը միանշանակ չի ընդունվել տարածաշրջանում: Եթե Թուրքմենստանի եւ Ադրբեջանի կողմից այն, ինչպես եւ սպավում էր, դրական արձագանքի է արժանացել, ապա Ռուսաստանը եւ Իրանը իրենց դժգոհությունն են հայտնել Եվրամիության այդ որոշման կապակցությամբ:
Մասնավորապես, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ զարմանք է հայտնել, որ դեպի Կասպից ծով ելք չունեցող Եվրամիության ղեկավարությունը որոշում է ընդունել միջնորդ հանդիսանալ մերձկասպյան երկու երկրների բանակցային գործընթացում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ 2007-ի հոկտեմբերի 16-ին ափամերձ երկրների միջեւ ստորագրված համատեղ հռչակագրում շեշտվում է, որ «Կասպից ծովի հետ կապված բոլոր հիմնական որոշումներն ընդունվում են բացառապես ափամերձ հինգ երկրների համատեղ պայմանագրերով»:
Շատ փորձագետներ, անդրադառնալով Եվրամիության որոշմանը, շեշտում են, որ վերջինս ցանկանում է թուլացնել իր կախվածությունը ռուսական գազից' միաժամանակ լավ հասկանալով, որ տեսանելի ապագայում Եվրոպայում գազի պահանջարկը շարունակաբար աճելու է, հետեւաբար այլընտրանքնային աղբյուրների բացակայության պարագայում ռուսական գազից կախվածությունը էլ ավելի է մեծանալու:
Կարող ենք նաեւ նշել, որ Եվրամիության որոշումը էլ ավելի կմեծացնի Կասպից ծովի շուրջ առկա լարվածությունը եւ ռազմական մրցակցությունը, ինչն արդեն իսկ առկա է տարածաշրջանում: Այս հարցում Իրանի դիրքորոշումը, ինչպես եւ սպասվում էր, ամբողջովին համընկնում է Ռուսաստանի հետ Մոսկվայում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել է, որ «Իրանը հասկանում է Ռուսաստանի անհանգստությունը' կապված Կասպից ծովի ընդերքով գազամուղի կառուցման Եվրամիության ծրագրերի հետ»: Դեսպանը նշել է, որ Եվրամիության որոշումը խաթարում է ափամերձ երկրների ջանքերը ընդհանուր հայտարարի գալ եւ ստորագրել հնգակողմ պայմանագիր Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի շուրջ:
Չնայած Ռուսաստանի եւ Իրանի կոշտ դիրքորոշմանը' Եվրամիությունը հաստատակամ է իր որոշման մեջ, եւ բացառված չէ, որ արդեն հոկտեմբերին Եվրամիության միջնորդությամբ բանակցություններ կսկսվեն Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ անդրկասպյան գազամուղի կառուցման հարցի շուրջ: Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլան Կոբիան «Gas Infrastructure World Caspian-2011» միջազգային համաժողովում հայտարարել է, որ «այդ խողովակաշարը կանցնի Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ջրային տարածքներով եւ այդ պատճառով միայն այդ երկրներն ու Եվրամիությունը կարող են պարզություն մտցնել գազամուղի կառուցման հարցում»: Վերջինս չի ընդունում նաեւ Կասպից ծովի համար հնարավոր բնապահպանական վտանգի մասին Ռուսաստանի եւ Իրանի զգուշացումները' պնդելով, որ դրանք ընդամենը քաղաքական շահարկումներ են:
Ինչեւէ, ամփոփելով կարող ենք ասել, որ Կասպից ծովում Եվրամիության գործունեության ակտիվության փորձերն էլ ավելի կլարեն իրավիճակը' պայքարի մեջ ներքաշելով նաեւ ոչ ափամերձ այլ երկրներին' ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնք այս հարցում ունեն հակադիր կարծիքներ: Այս լարվածությունը կողմերին հնարավորություն չի տա ընդհանուր հայտարարի գալ Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի շուրջ արդեն 20 տարի տեւող բանակցություններում: Մեծ տերությունների ներքաշումը սրվող հակամարտության մեջ կարող է սպառնալիք լինել տարածաշրջանի մյուս երկրների, հատկապես Թուրքմենստանի եւ Ադրբեջանի համար, որոնք կհայտնվեն թե' Արեւմուտքի, եւ թե' Արեւելքի հզոր ճնշման ներքո:
Արմեն Մանվելյան
Պատմական գիտութունների թեկնածու
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ