ՀՀ նախագահին ԱՄՆ-ում շնորհվել է «Էլլիս կղզի» պատվո մեդալ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել' 1915թ. Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել եւ ուղեկցել են Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին նախագահ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը' ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգեւատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:

Նշելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, Նասեր Կազեմինին ասել է. «Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում' ազատ եւ ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարեւորը' նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարեւանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգեւի համար եւ նշել. «Այսօր ես հուզմունքով եւ հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի' այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը' ԿԱԷԿ կողմից մեդալով պարգեւարտվելու կապակցությամբ, ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգարժա'ն պարոն Նասեր Կազեմինի,

Տիկնա'յք եւ պարոնա'յք,

Առաջին հերթին խորին շնորհակալություն եմ հայտնում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիային' Էլլիս կղզու պատվո նշանով ինձ պարգեւատրելու համար, ինչպես նաեւ այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ներկայացրել են իմ թեկնածությունը: Մեծ պատիվ եմ համարում սա եւ գիտակցում եմ, որ այս պարգեւին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն եմ:

Պատվո նշանը կրում է մի անուն, որն ամբողջ աշխարհում արդեն ավելի քան մեկ դար է հույսի, ազատության հնարավորությունների, արժանավայել կյանքի զորեղ խորհրդանիշներից է: Էլլիս կղզով' խոսքի եւ խղճի ազատության, տնտեսական նոր հնարավորությունների հույսով ու ակնկալիքով Միացյալ Նահանգներ մուտք են գործել պատերազմների, արհավիրքների, չքավորության պատճառով իրենց հայրենիքը լքած միլիոնավոր, իսկ այսօր այստեղ իմացանք՝ 12 մլն. գաղթականներ ու տարագիրներ: Պատահական չէ, որ հենց այս կղզու հարեւանությամբ է վեր խոյացել ու յուրատեսակ փարոսի վերածվել ամերիկյան ոգին լավագույնս մարմնավորող Ազատության արձանը:

Էլլիս կղզով են անցել նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: Ժամանել են, հաստատվել, նոր կյանքի հիմք դրել և շատ արագ դարձել Միացյալ Նահանգների լավ քաղաքացիներ, ձեւավորելով ամուր ազգային համայնքներից մեկը, համայնք, որ զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կյանքում: Այսօր ես հուզմունքով եւհպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ:

Ազգային բազմազանությունը Միացյալ Նահանգների մեծության եւ հզորության աղբյուրներից մեկն է, նրա անսպառ հարստությունը: Միավորված եւ տոգորված լինելով այս պետության հիմնադիր-հայրերի' ազատության, իրավահավասարության, օրինապաշտության վեհ գաղափարներով, ազնիվ ու հպարտ ամերիկացիներ լինելով հանդերձ, ազգային համայնքների ներկայացուցիչները միևնույն ժամանակ նաև իրենց ազգային ինքնությունը, լեզուն, սովորույթները պահպանելու եւ զարգացնելու բոլոր հնարավորություններն ունեն: Ամերիկահայությունն այն համայնքներից է, որ կարողացել է ամերիկյան հասարակությանն ինտեգրվելը ազգային ինքնության հետ միահյուսելու վառ օրինակ դառնալ:

Երախտագիտության խոսք եմ ուղղում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիացիային' մի կազմակերպության, որն իր գործունեությունը նվիրել է Միացյալ Նահանգների կյանքում ազգային համայնքների ներդրման ուսումնասիրմանն ու ժողովրդայնացմանը: Սա հատկապես կարեւոր է այն համայնքների դեպքում, որոնք չեն սերում խոշոր երկրներից կամ հանրություններից, բայց, այդուհանդերձ, բազմադարյան հարուստ մշակույթի ու մտավոր լուրջ ներուժի կրողներ են:

Եվ շատ կարեւոր է, որ կազմակերպությունը ղեկավարում է լայնախոհ ու փորձառու անձնավորություն: Պարո'ն Կազեմինի, օգտվելով առիթից հրավիրում եմ Ձեզ եւ Ձեր ազնիվ տիկնոջն այցելելու Հայաստանի Հանրապետություն, որը, որպես անկախ պետություն, ընդամենը երեկ նշեց իր անկախության 20-ամյակը:

Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այս բարձր պատվի համար, եւ թող Աստված օրհնի բոլորիդ»:

Պարգեւատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն' ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի:

Հայերեն English Русский

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի