Բացվեց Մատենադարանի գիտական նոր մասնաշենքը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի գիտական նոր մասնաշենքը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, նախարարներ, Մատենադարանի բարերարներ, հայագետներ, այլք: Նավակատիքի արարողության ծեսը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոսը, որից հետո Ս. Սարգսյանը շրջեց Մատենադարանի նոր շենքում, ծանոթացավ վերականգնման լաբորատորիաներին, դիտեց արխիվային պահոցները եւ աշխատասենյակները: Նախագահը մասնակցեց ձեռագրատան խորանում հնագույն ձեռագրի տեղադրման արարողությանը: Ներկայացվեց ՀՀ նախագահի' Մատենադարանին նվիրած շքեղ ձեռագրի սլայդ-շոուն: Այնուհետեւ ցուցադրվեց նոր մասնաշենքի կառուցման տեսաֆիլմը:

Ինչպես նշեց Ս. Սարգսյանը, Մաշտոցի անունը կրող Մատենադարանի վերաբացման աշխատանքների ամփոփումը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ է: Նրա խոսքով' Երեւանը հարուստ է գեղեցիկ ու խորհրդանշական շինություններով, սակայն իր էական եւ բովանդակային կշռով Մատենադարանն անգերագնահատելի է:

«Մատերադարանը մեր ամեն ինչն է' լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը: Մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխն Մատենադարանն է: Աշխարհում կան այլ հայկական մատենադարաններ, հայոց ձեռագրերի հավաքածուներ' Երուսաղեմում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Վիեննայում եւ հայ մշակույթի մյուս կարեւոր օջախներում: Սրանք բոլորն էլ անգնահատելի գանձեր են»,-ասաց նախագահը: Ըստ նրա' Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի շնորհիվ «մատենադարան» բառն իսկ դարձավ հատուկ անուն: Ս. Սարգսյանի խոսքով' պատահական չէ, որ մատենադարան ասելիս բոլորն առաջին հերթին պատկերացնում են հենց այս փառահեղ շինությունը:

«Մատենադարանը մեր ազգային հարստությունն է, որը դարձել է հայոց ինքնության ամենաամուր ձեռքը: Այս վայրից ձեռքը վերահսկում է ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլեւ մեր ողջ մայրաքաղաքի ու ժողովրդի հիշողությունն ու նկարագիրը: Սուրբ Մեսրոպի սխրանքով հայ ժողովրդի ինքնագիտակցությունը ստացավ հարատեւ եւ ամուր միջոց իր հիշողությունը սերնդեսերունդ փոխանցելու համար»,-ասաց Ս. Սարգսյանը' մեջբերելով Պ.Սեւակի հետեւյալ խոսքերը' «Հիմա արդեն մեզ չեն պեղում, այլ մենք ենք պեղում, մեզ չեն հիշում, այլ մենք ենք հիշում, մեզ չեն վկայում, մենք ենք վկայում' հասնելով ուրիշ ժամանակների»:

Նախագահը նշեց, որ մենք այն սակավաթիվ ազգերից ենք, որ կարող ենք հպարտանալ 1600-ամյա պատմություն ունեցող կատարյալ գրով, որ հարատեւել է դարեր եւ այսօր էլ մեր գոյության հիմքերից է:

«Մեր դպրության հազարավոր ձեռագիր մատյաններ այստեղ են պահվում: Հաջորդ տարի մենք նշելու ենք առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը: Ինչպես Հակոբ Մեղապարտի եւ մյուս առաջին հայ տպագրիչների շնորհիվ մենք կարողացանք ժամանակին եւ բարձր մակարդակով իրականացնել անցումը ձեռագիր մատյանից տպագիր գրքին, այնպես էլ այսօր մենք պետք է պատրաստվենք թվային աշխարհում մեր մշակութային ժառանգությունը պահպանելու գործին»,- նշեց Ս. Սարգսյանը' ավելացնելով, որ վերանորոգված Մատենադարանում ստեղծված են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Նախագահի խոսքով' Մատենադարանը նաեւ գիտական եւ հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են իսկական նվիրյալներ, ովքեր դիմացան անցած տարիների դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային խնդիրներին եւ իրենց օրնիբուն աշխատանքով պահեցին այս կարեւորագույն հաստատությունը: Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին' նշելով, որ այս նոր մասնաշենքը եղել է երկար տարիների երազանք բոլորի համար: Այն այսօր իրականությւոն է ու դա ժողովրդի եւ պետության ամրության ցուցանիշն է: Նախագահը վստահություն հայտնեց, որ Մատենադարանի հանդեպ այսուհետ եւս չի նվազելու ուշադրությունը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Մատենադարանը որեւէ չափանիշով չզիջի աշխարհի լավագույն միջնադարագիտական եւ ձեռագրագիտական կենտրոններին: Ես շնորհակալություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանին եւ այս գործին աջակցություն ցուցաբերած բոլոր բարերարներին: Այս օրինակն ապացուցում է, որ մեր օրերում եւս կան մեր մեծ բարեգործների ավանդույթները շարունակողներ, ովքեր պատրաստ են աջակցել մեր մշակութային կենտրոնների զարգացմանը»,-ասաց ՀՀ նախագահը: Նրա խոսքով' մասնավոր եւ պետական հատվածի նմանատիպ համագործակցությունը դեռեւս զարգանալու է:

Դիմելով Ս. Համբարձումյանին' նախագահն ասաց. «Երանի այն հային, ով Մատենադարան է կառուցում»: Նա շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր գտել են լավագույն լուծումները եւ իրենց մտքի ու բազկի ուժով, քրտինքով ու նվիրված աշխատանքով օծել են այս շինության յուրաքանչյուր քարը:

Ս. Սարգսյանի խոսքով' Մատենադարանի նորակառույց շենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դարձավ 20-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը' շարունակելով նրա սկսած գործը' հավատարիմ մնալով նրա ստեղծած շենքի ոգուն ու տրամաբանությանը:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահը, Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտի կապակցությամբ, Ս. Սարգսյանի հրամանագրերով մի խումբ անձինք պարգեւատրվել են կառավարական բարձր պարգեւներով:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրեց ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Սերգեյ Համբարձումյանը պարգեւատրվեց Պատվո շքանշանով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Պարգեւատրվեցին նաեւ այլ բարերարներ, Մատենադարանի գիտաշխատողներ:

Հայերեն English Русский