Մահացել է Կամո Ուդումյանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարական հանձնաժողովը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 84-րդ տարում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար, արտաքին գործերի նախկին նախարար, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կամո Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Շամշադինի շրջանի Բերդ գյուղում' ծառայողի ընտանիքում:
1950 թ. գերազանցությամբ ավարտվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1947-1957 թթ. եղել է ԵՊՀ կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ, քարտուղար, ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, կատարել գիտական աշխատանք:
1957-1959 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի համակարգման խորհրդի գիտական քարտուղար, այնուհետեւ' պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:
1959–1962 թթ. Հայաստանի կոմկուսի Շամշադինի շրջանի առաջին քարտուղարն էր:
1962-1963 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1964-1967 թթ.' ռեկտոր:
1963-1964 թթ.' ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրեն:
1967-1972 թթ.' Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար:
1972-1975 թթ.' Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար:
1975 -1979 թթ.' Նեպալում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան:
1979-1987 թթ.' Լյուքսեմբուրգում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան:
1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ-ում, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում:
Կամո Ուդումյանը ընտրվել է Հայկական ԽՍՀ 7-8-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1975 թթ.):
1975 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Պատմական գիտություններ դոկտոր Կամո Ուդումյանը մի շարք մենագրությունների հեղինակ է:
Կամո Ուդումյանը պարգեւատրվել է ԽՍՀՄ «Պատվո շքանշան», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության «Մեծ խաչի» ասպետ էր:
ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորվել է կառավարական հանձնաժողով' ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Սգո արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին' ժամը 12:00, Կամերային երաժշտության տանը: