Ա. Սիմոնյան. «Նոր ուսումնական տարում կշարունակի արդիական մնալ կրթության որակի ապահովման հարցը»
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ նոր սպասելիքներ եւ հույսեր է բերում: «Արմենպրես»-ը Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ զրուցեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
-Պարո’ն Սիմոնյան, ի՞նչ սպասելիքներ ունեք նոր ուսումնական տարուց:
- Սպասելիքներն այս ուսումնական տարում, ինչպես միշտ, կապվում են լավ առաջին կուրս ունենալու հետ, սպասելիքներ, որ կուրսը կառանձնանա բարձր առաջադիմությամբ, դպրոցական նստարանից բերած բարձր գիտելիքներով, թեեւ այս տարի բարձր առաջադիմություն ասվածը մի փոքր հարաբերական է: Այս տարվա առաջին կուրսեցիները նախորդ տարիների շրջանավարտներ են, ինչպես նաեւ վերջերս բանակից զորացրվածներ, որոնք պարապելու, գիտելիքներն ամրակայելու ժամանակ գրեթե չեն ունեցել: Հուսանք, որ այս տարի համալսարան ընդունված մեր ուսանողները շատ չեն զիջի այն ուսանողներին, որոնք հաջորդելու են նրանց: Սպասելիքների մեջ, իհարկե, մտնում է նաեւ սովորական, ընթացիկ գործերի շարունակութունը, որն իրականացվում է ըստ «ԵՊՀ ռազմավարական ծրագրի»: Իհարկե, այդ առումով անելիքները շատ են, եւ պետք է ամեն ինչ անենք, որ ծրագրի կետերը բարեհաջող կերպով իրականություն դառնան:
Նոր ուսումնական տարում կշարունակի արդիական մնալ կրթության որակի ապահովման հարցը: Հաջորդ խնդիրը գիտակրթական ներուժի պահպանման եւ զարգացման հարցն է: Մի խնդիր, որ վերջին տարիներին մի շարք դժվարությունների է հանգեցնում այն պատճառվ, որ երիտասարդ մասնգետների հոսք կա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա բնական գործընթաց է, բայց մենք կուզենայինք, որ դա լիներ մի փոքր քիչ: Պետք է ապահովել երիտասարդ կադրերի բնականոն մուտքը ԵՊՀ, որպեսզի սերնդափոխության գործընթացն անցնցում անցնի: Համալսարանում պետք է լինի 2-3 սերունդների լավ համադրում:
- Այս տարվա առաջին կուրսեցիների գիտելիքների մասին մի փոքր մտավախություն արդեն հայտնեցիք: Իսկ չե՞ք կարծում, որ մի քանի տարի հետո հայ հասարակությունը մտավախություն կունենա դիմելու այդ մասնագետներին` ապագա իրավաբաններին, ուսուցիչներին եւ այլոց:
- Այս առումով ես վախենալով չեմ նայում ապագային: Հանրակրթությունն այսօր ունի մի շարք խնդիրներ եւ բնականաբար, հանրակրթություն-բուհ զույգի գործունեությունից է կախված նաեւ երկրի ապագան: Բայց պետք է նշել, որ ընդհանուր մասսայի մեջ սովորողների մակարդակը, իհարկե, ընկել է, բայց շատ լավ ուսանողների թիվը չի պակասել: Մենք ունենք փայլուն ուսանողներ եւ երբեմն զարմանում ես, թե ինչ աստիճանի գիտելիքների եւ հմտությունների պաշար ունեցող երիտասարդներ կան, որոնք նաեւ տարբերվում են նախոդ սերունդներից այնքանով, որ գիտեն, թե ինչ են ուզում, ավելի առաջ են նայում, իրենց ուժերն ու հնարավորությունները կարողանոմ են ճիշտ գնահատել: Այս տեսակետից մենք վախենալու բան չունենք;
-Արդեն ավանդույթ է դարձել, որ ԵՊՀ ընդունված ուսանողները մասնակցում են «Երդման արարողության»: Ինչքանո՞վ եք դա կարեւորում, եւ ինչքանո՞վ է դա օգնւմ ապագա համալսարանականի ձեւավորմանը:
- Իհարկե, այս տարի նույնպես կանցկացվի առաջին կուրսեցիների «Երդման արարողությունը», բայց այն կանցկացվի ավելի նեղ, փոքր, սիմվոլիկ կերպով: Այդ արարողությունը հնարավորություն է տալիս առաջին կուրսեցուն իրեն զգալ համալսարանական ընտանիքի մաս հենց սկզբից, տոգորվել համալսարանական ոգով, որը ես շատ կարեւոր եմ հմարում: Ինչպես նաեւ, դա հնարավորություն է տալիս ընդգծել առաջին կուրսի նշանակությունը համալսարանի համար:
-Պարո’ն Սիմոնյան, նախորդ տարի ԵՊՀ-ն համագործակցության բազմաթիվ հուշագրեր կնքեց Հայաստանի մի շարք ավագ դպրոցների հետ: Ինչքանո՞վ եք կարեւորում բուհ-դպրոց համագործակցության անհրաժեշտությունը, եւ արդյոք ծրագիրը կլինի շարունակական:
- Ես իրականում շատ եմ կարեւորում այս գործընթացը: Նախորդ տարի բացի ԵՊՀ-ից, մյուս պետական բուհերն էլ պայմանագրեր կնքեցին ավագ դպրոցների հետ: Սա կարեւոր քայլ եմ համարում ոչ միայն բուհ-հանրակրթություն կապերը ամրապնդելու գործում, այլեւ` հանրակրթությունը զարգացնելու, ավագ դպրոցը առաջ տանելու, բարեփոխումները բարեհաջող հանգրվանի հասցնելու ճանապարհին: Եվ շուտով ամենայն հավանականությամբ մենք կունենանք ավագ դպրոց, որը կլինի հենակետային մեզ համար: Դա շատ կարեւոր է աշակերտներին մասնագիտական կողնորոշման հարցում օգնելու համար, ինչպես նաեւ չեմ բացառում, որ հենակետային ավագ դպրոցների աշակերտների հետ ԵՊՀ-ի դասախոսական կազմը լրացուցիչ, ինտենսիվ աշխատանք կիրականացնի: Վերջին հաշվով յուրաքանչյուր բուհ պայմանագրեր է կնքում, նկատի ունենալով այդ դպրոցներից իր ուսանողական համակազմը համալրլու գործընթացը: Այդ մտադրությունը նաեւ մեզ համար լրացուցիչ աշխատանքի ճակատ է բացում` մեթոդական, կազմակերպչական աշխատանքների: Շահում են երկու կողմերն էլ, սակայն, ընդհանուր առմամբ, շահում է հասարակությունը: Մենք գոհ ենք առաջին արդյունքներից:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի