8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվանից սկսած Երեւանի հյուսիսային մասում` Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում, կգործի նոր կրթօջախ, որը կներկայանա ուսման նոր ձեւաչափով եւ Հայաստան կբերի կրթության նոր մշակույթ: Այդ դպրոցի ստեղծման պատմության, ինչպես նաեւ դրա առավելությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի հետ:
-Պարո’ն Սահակյան, ի՞նչը Ձեզ ստիպեց մտածել դպրոց հիմնելու մասին:
-»Այբ» կրթական հիմնադրամի ամենամեծ ծրագիրը միշտ էլ եղել է դպրոցի ստեղծումը, որը երբեք ինքնանպատակ չի եղել: Այստեղ դրված խնդիրը շատ ավելի լայն է, քան պարզապես դպրոց ստեղծելը. այն նոր սերունդ ձեւավորելու մեջ է, սերունդ, որը պետք է լինի կրթված, ունենա համապատասխան արժեքային համակարգ, հստակ տեսլական, պատասխանատվություն իր, երկրի եւ, ընդհանրապես, հայության ապագայի համար: Եվ այդ նպատակին հասնելու ճանապարհը մենք տեսանք դպրոցի միջոցով: Պետք էր ստեղծել դպրոց, որտեղ կարելի կլիներ դաստիարակել նման սերունդ:
-Նոր ուսումնական տարում կգործի միայն «Այբ» ավագ դպրոցը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Նախ ասեմ, որ կրթօջախը ապագայում կլինի եռաստիճան` տարրական, միջին եւ ավագ դպրոցներով, սակայն դպրոցի կառուցման ծրագիրը կազմված է մի քանի փուլերից: Առաջին փուլով մենք կառուցեցինք ավագ դպրոցը, որպեսզի կարողանան ցույց տալ, թե ինչպիսի արդյունք կամ ինչպիսի երեխաներ կարող ենք ունենալ: Եվ համաշխարհային փորձը նույնպես ցույց է տալիս, որ դպրոցաշինության ճիշտ ճանապարհը վերեւից ներքեւն է: Այս սեպտեմբերի 1-ից կգործի միայն ավագ դպրոցը, իսկ հետագայում ծրագրում ենք կառուցել միջին եւ տարրական դպրոցները:
-Ըստ Ձեզ` ի՞նչ կտա «Այբ» դպրոցը հայ աշակերտին:
-»Այբ» դպրոցն ավարտող աշակերտը կունենա հստակ պատկերացում իր հետագա մասնագիտության եւ կրթության վերաբերյալ: Իսկ դա հենց ավագ դպրոցի հիմնական խնդիրն է` աշակերտին տալ մասնագիտության գիտակցված ընտրության հնարավորություն, որակյալ կրթություն՝ հետագա համալսարանական կրթությունը շարունակելու համար: Բացի դա, «Այբ»-ի շրջանավարտները բուհ ընտրելու շատ մեծ հնարավորություն կունենան` լինի դա հայաստանյան բուհերի, թե աշխարհի լավագույն բուհերի շրջանում: «Այբ» դպրոցում աշակերտը կշփվի իր հասակակիցների ու մարդկանց հետ, ովքեր հավատում են, որ կյանքում հաջող զարգացման ու կայացման լավագույն ու միակ ճանապարհը որակյալ կրթությունն է:
-Դուք նշեցիք, որ դպրոցը հնարավորություն կտա աշակերտին իր կրթությունը շարունակել աշխարհի լավագույն բուհերում: Կա՞ն ինչ-որ առավելություններ «Այբ» ավագ դպրոցն ավարտող երեխաների համար` բուհ ընդունվելիս:
-Այնքանով, որ աշակերտը կլինի բավականչափ մրցունակ ընտրելու իր ցանկացած բուհը եւ հաջողությամբ հանձնելու իր ընդունելության քննությունները: Չկա որեւիցե այլ առավելություն մեր դպրոցն ավարտող երեխաների համար, որովհետեւ բուհ ընդունվում են մրցութային կարգով: Եվ երբ մենք ասում ենք, որ երեխան պատրաստ կլինի ընդունվելու իր ցանկացած բուհը, նկատի ունենք՝ պատրաստ իր գիտելիքներով եւ կարողություններով:
-Ինչպե՞ս է անցկացվել երեխաների ընտրության գործընթացը: Քանի՞ երեխա է մասնակցել քննությոններին եւ նրանցից քանի՞սը արդեն իրենց կրթությունը կշարունկեն «Այբ»-ում:
-Երեխաների ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ դպրոց ընդունվելու քննություններին մասնակցում էին չափազանց խելացի երեխաներ: Քննություններին մասնակցած 147 երեխաները առաջին փուլում կատարեցին տրամաբանությանը վերաբերող թեստային առաջադրանքներ, ինչպես նաեւ հայերենով գրեցին վերլուծական էսսե` կոնկրետ թեմայով: Մենք ցանկանում էինք, որ երեխաները գրեին ոչ թե շարադրություն «Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդները» ծեծված թեմայով, այլ որպեսզի աշխատնքը լիներ առավել գեղարվեստական, վերլուծական: Երկրորդ փուլ անցած երեխաները մասնակցեցին «մասնագիտական առարկաների» քննության: Օրինակ, եթե երեխան ցանկանում էր սովորել դպրոցի բնագիտական հոսքում, ապա նա քննություն հանձնեց «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիա» եւ «Կենսաբանություն» առարկաներից: Իսկ վերջում` քննությունները հաջող հանձնած երեխաներն անցան հարցազրույցի փուլ, որի արդյունքերով էլ ձեւավորվեցին ընդունվածների վերջնական ցուցակները եւ պարզ դրձավ, որ նոր ուսումնական տարում «Այբ» ավագ դպրոցում կսովորի 70 երեխա:
-Քննություններին մասնակցեցին Հայաստանի տարբեր դպրոցներում սովորող երեխաներ: Ինչպե՞ս կբնութագրեք նրանց ընդհանուր գիտելիքի մակարդակը:
-Ընդհանուր բնութագիր դժվարանում եմ տալ, քանի որ քննությանն արդեն մասնակցում էին ընտրված երեխաներ: Իրականում մենք ոգեւորված էինք յուրքանչյուր երեխայի արդյունքով եւ ընտրում էինք լավագույններից լավագույնին:
-Իսկ ի՞նչ եղանակով են ընտրվել դասավանդող ուսուցիչները:
-Ուսուցիչների ընտրությունն առավել բարդ եւ երկարատեւ գործընթաց էր, քանի որ մենք ի սկզբանե մեր առջեւ նպատակ չէինք դրել ուսուցիչներ ընդունել այլ դպրոցներից եւ այդպիսով թուլացնել դրանք: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի դպրոց բերենք այնպիսի մարդկանց, ովքեր այսօր ինչ-ինչ պատճառներով դպրոցում չեն: Մենք ունեցանք միայն մեկ ուսուցիչ, որը ստիպված եղավ թողնել իր նախկին աշխատանքը այլ դպրցում: Ունենք նաեւ ուսուցիչներ, ովքեր ժամանել են արտերկրից:
-Որքա՞ն է կազմում ուսման վճարը տարեկան: Վճարունակ կամ չվճարունակ լինելը որեւէ կերպ ազդե՞լ է երեխայի ընտրության վրա:
-»Այբ» ավագ դպրոցում ուսման մեկ տարվա վճարը տարեկան կազմում է 2մլն 250 հազար դրամ: Գումարի այդ չափը հաշվարկվել է ըստ մեր գործարար ծրագրի: Դա այն գումարն է, որը մենք տարեկան պատրաստ ենք ծախսել յուրաքնաչյուր երեխային որակյալ կրթություն տալու համար: Երեխաների ընդունելության ժամանակ մենք չգիտեինք նրանց ծնողների ֆինանսական կարողությունների մասին, եւ աշակերտները ընտրվել են միայն գիտելիքների հիման վրա: Միայն ընդունելությունից հետո այն ծնողները, ովքեր գտնում էին, որ ամբողջությամբ կամ մասամբ չեն կարող վճարել ուսման համար, դիմեցին «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողով եւ ստացան կրթաթոշակ: Ի դեպ, ընդունված երեխաների 72 տոկոսը «Այբ»-ից կստանան կրթաթոշակներ: Կարող ենք վստահաբար նշել, որ չի եղել որեւէ երեխա, ով դպրոցից դուրս է մնացել անվճարունակ լինելու պատճառով, եւ չի եղել մեկը, ով դպրոցում է հայտնվել միայն վճարունակ լինելու շնորհիվ:
-Բոլորին է հայտնի, որ դպրոցաշինության գործընթացը մի շարք դժվարությունների հետ է կապված: Չի՞ եղել մի պահ, երբ հիասթավել եք այդ ամենից:
-Բացարձակապես ոչ: Մենք հավատում ենք, որ այն, ինչ անում ենք, ճիշտ է: Չի եղել մի պահ, երբ սկսել ենք կասկածել, որ այն ինչ մենք ասում ենք, չենք կարողանա իրականություն դարձնել: Եվ սեպտեմբերի 1-ին բացվող «Այբ» դպրոցը մեր վստահության լավագույն ապացույցն է:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի