Ա. Գրիգորյան. «Չի կարելի մեղադրել երիտասարդներին, որ չեն հետաքրքրվում դասական երաժշտությամբ, արվեստով»
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աստիճանաբար ավելանում է երիտասարդների թիվը դասական համերգներում: Արդյո՞ք երիտասարդներն սկսել են ավելի շատ գնահատել դասական երաժշտությունը, ի՞նչ «մշակութային» ապագա են խոստանում մեզ երիտասարդ երաժիշտները. այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի հետ:
- Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին երիտասարդների ակտիվ հոսք է նկատվում: Արդյո՞ք երիտասարդների շրջանում առհասարակ մեծացել է հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ, թե՞ նրանց այստեղ բերողը խաչատրյանական երաժշտությունն է:
- Այդ հարցն իսկապես ակտուալ է: Ընդհանրապես, երիտասարդների հետ պետք է աշխատել, որպեսզի այդ հոսքը լինի: Երիտասարդները գտնվում են կյանքի այն ժամանակահատվածում, երբ ինչ-որ չափով ուղղորդվելու կարիք ունեն: Եթե կարողանում ես որեւէ բան նրանց մատուցել իրենց լեզվով, հետաքրքրություն առաջացնել, ապա վերջիններիս կողմից անպայման քայլ է արվում: Երբեք պետք չէ նստել եւ սպասել` երիտասարդն արդյոք կայցելի թանգարան, կլսի դասական երաժշտություն, թե ոչ: Մեր օրերում ցանկացած երիտասարդ շատ ավելորդ ինֆորմացիա է ստանում` եւ համացանցի, եւ հեռուստատեսության միջոցով: Այդ տեղեկատվության հետ, իհարկե, դժվարությամբ, բայց պետք է մրցակցել: Մեզանից յուրաքանչյուրը պետք է կիրառի իր հնարավորությունները: Մենք օգտագործում ենք թանգարանի կարողությունները: Չեմ կարող ասել` հնարավոր է մեծ արդյունքների հասնել, ամեն դեպքում` քայլեր պետք է անել, եւ չի կարելի մեղադրել երիտասարդներին, որ չեն հետաքրքրվում դասական երաժշտությամբ, արվեստով: Նշանակում է` ժամանակին ճիշտ չի մատուցվել. դա գալիս է ընտանիքից, դպրոցից, միջավայրից: Ինքս շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ լսարանում մեծ տոկոս է կազմում երիտասարդությունը: Ես կարծում եմ` պետք է աշխատել ոչ թե երիտասարդների, այլ հատկապես երեխաների հետ: Ունենք բազմաթիվ ծրագրեր դպրոցականների հետ: Հուլիսին հետաքրքիր ծրագիր էինք իրականացնում: Ամեն ուրբաթ մեզ մոտ հյուրընկալվում էին դպրոցականներ. վերջիններս այն երեխաներն էին, որոնց ծնողները կարծում են` արձակուրդը ոչ միայն հանգստի համար է, այլեւ նոր գիտելիքների ձեռքբերման: Այստեղ կազմակերպվում էին ամենատարբեր խաղեր, արվեստի, երաժշտության դասընթացներ: Համոզված եմ` այդ երեխաները եւս կլինեն մեր հետագա այցելուները: Այսինքն` եթե երեխան մտնում է թանգարան, մասնակցում ինչ-որ միջոցառման` լինելով ոչ թե պասիվ դերում, այլ անմիջական մասնակիցը, նրա մոտ արթնանում է հետաքրքրություն հետագայի համար:
- Ասում են` հանճարներն ազգություն չունեն, այդուհանդերձ, խաչատրյանական երաժշտության ինչ առանձնահատկություններ են, որ հայ մարդուն հիմք են տալիս` նրան դասելու հայ կոմպոզիտորների շարքին:
- Հանճարներն ազգություն չունեն, քանի որ հասկանալի են ցանկացած ազգության ներկայացուցչի համար, բայց, իհարկե, ստեղծագործությունների հիմքում դրված է իրենց ազգայինը: Խաչատրյանի երաժշտությունը` առաջին նոտայից մինչեւ վերջինը, մեզ համար ազգային է: Նախեւառաջ` այն հիմնված է ազգային մոտիվների վրա: Մենք տեսնում եւ զգում ենք այդ ազգայինը, պարտադիր չէ, որ ինքներս մեզ համար այդ բացատրենք: Օտար ազգի ներկայացուցչի համար խաչատրյանական երաժշտությունը միջոց է դառնում հայ մարդու յուրահատկության բացահայտման. ապացույցը մի շարք անվանի մարդկանց խոսքերն են, թե` Խաչատրյանի երաժշտության միջոցով մենք ճանաչեցինք Հայաստանը, եւ դա շատ արժեքավոր է:
- Ինչպիսի՞ն է ոլորտի ներկան եւ դրանով պայմանավորված` նաեւ ապագան: Կա՞ն արդյոք Խաչատրյանին արժանի հետնորդներ:
- Պետք է կատարվի սերնդափոխություն, այլապես կանգ է առնում ցանկացած դինամիկա կամ առաջընթաց: Ներկայում ստեղծագործում են բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, բայց թե նրանց ստեղծագործութունները կմնան արդյոք դարերում, ինչպես արդեն վստահաբար կարող ենք ասել` մնացել է Խաչատրյանի ժառանգությունը, այսօր ասելը դժվար է, իհարկե:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք այս ասպարեզում նոր քայլեր անողներին:
- Առաջին հերթին` նրանք պետք է շատ նվիրված լինեն եւ անչափ սիրեն իրենց գործը, որովհետեւ սա այն մասնագիտությունն է, որը լցնում է մարդու կյանքը սկզբից մինչեւ վերջ: Դու ոչ մի տեղ կանգ չես առնում, որեւիցե պահի չես կարող վստահաբար ասել, որ հասել ես այն բարձունքին, որտեղ պետք է կանգ առնես, այսինքն` պետք է աշխատես անընդմեջ եւ անընդհատ` մինչեւ կյանքիդ վերջը: Պետք է պատրաստ լինել այդ դժվարություններին հենց ի սկզբանե: Եթե ընտրում ես գործիք, որին պիտի նվիրվես, դա մեծ աշխատանք է պահանջում, որը շատ դեպքերում անշնորհակալ է: Եթե մյուս մասնագիտությունների դեպքում հաճախ կարելի է հասնել բարձունքի եւ վաստակել դրանով միջոցներ, ապա սա բեւեռայնորեն տարբեր բնագավառ է: Այստեղ դու պետք է հասկանաս, որ նվիրվել ես այս մասնագիտությանը, որովհետեւ չես կարող զբաղվել այլ մասնագիտությամբ: Ուղղակի պետք է անընդհատ աշխատել, ուսումնասիրել մեծերի փորձը եւ ձեռքբերումները, կանգ չառնել. դա է ամենակարեւոր խորհուրդը, իսկ թե ինչի կհասնես, դժվար է ասել նույնիսկ այն դեպքում, եթե որոշակի ճանապարհ արդեն իսկ անցել ես:
- Մի փոքր կպատմեի՞ք Ձեր անձնական կարիերայի հետ կապված ծրագրերի մասին:
- Կան պայմանավորվածություններ, հրավերներ` թե շատ կոնկրետ, թե ոչ այնքան ստույգ: Մոտ ապագայում համերգներ ունենք: Օգոստոսի 18-ին, ինչպես նաեւ 24-ին` «Գաֆէսճեան» կենտրոնի հետ համատեղ շատ հետաքրքիր ծրագիր ենք պատրաստում, որի մեկ մասն ամբողջությամբ ֆրանսիական երաժշտություն է, մասնավորապես` Կլոդ Դեբյուսի կհնչի, մյուս մասը հայ կոմպոզիտորների` Տերտերյանի, Բաբաջանյան իեւ այլոց ստեղծագործություններ են: Սեպտեմբեր ամսին ունենք պայմանավորվածություն հյուրախաղերի, որոնք տեղի կունենան Վրաստանում: Թբիլիսիում կայանալիք այդ համերգը նվիրված կլինի Հայաստանի անկախության 20-ամյակին: Ինչ վերաբերում է ավելի հեռու շրջագայություններին, դեռեւս հստակ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դրանք ավելի մեծ խնդիրների հետ են կապված լինում, բայց ունենք հրավերներ տարբեր երկրներից: Հուսով ենք` դրանք իրականություն կդառնան:
- Ինչպե՞ս է հաջողվում գայթակղությանը կուլ չգնալ, մնալ եւ ստեղծագործել հայրենիքում:
- Երեւի թե պետք է մեկ անգամ որոշել, որ այդ քայլին չես դիմի, որովհետեւ իրոք գայթակղությունը շատ մեծ է լինում, հատկապես աշխատանքի ձեռքբերման առումով: Երբ տեսնում ես, որ քո մասնագիտության մեջ կարող ես շատ մեծ քայլեր անել եւ աշխատել մեծ երաժիշտների հետ, ապա հաստատ այդ գայթակղությանը դիմանալը եւ քայլ չանելը խիստ դժվար է: Ես մեծ ծրագրեր ունեմ Հայաստանում եւ դրանք անպայման պետք է իրականացնեմ, այլապես չեմ կարող զբաղվել իմ մասնագիտությամբ որեւէ այլ երկրում: Մենք ստեղծել ենք Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ, ու թեեւ դժվարությամբ, սակայն փորձում ենք ինչ-որ քայլեր անել:
Հարցազրույցը` Հայկանուշ Թորոսյանի