Վ. Գալստյան. «Բալետն աստվածային է»

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների ոսկե մեդալակիր, բալետմայստեր, մենապարող Վիլեն Գալստյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որը տարբերվեց դասական պարի հագեցած պարային ծրագրով ու հետաքրքիր մոտեցմամբ: Պարարվեստում ունեցած բուռն գործունեության, նոր բեմադրությունների ու անցած ուղու մասին Վիլեն Գալստյանը պատմեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

- Համերգային ծրագիրը հենց սկզբից տարբերվեց իր յուրօրինակությամբ: Այն անտարբեր չթողեց ներկաներից եւ ոչ մեկին: Ի՞նչ տպավորություններ ունեք Ձեր հոբելյանական երեկոյից:

- Անկեղծ ասած, երբեք չեմ սիրել հոբելյաններ տոնել, վերամբարձ ոճով գովեստի խոսքեր լսել իմ հասցեին կամ գովազդել ինձ. դա իմը չէ: Խոսքերի փոխարեն այդ ամենը կարելի է պարի լեզվով ներկայացնել: Կարծում եմ` դա հանդիսատեսը գնահատեց: Երեկոյի կազմակերպման գաղափարը պատկանում էր երեխաներիս` բալետի մենապարող Դավիթին եւ օպերային մեներգչուհի Ջուլիետին: Նրանք լցված էին ինձ շնորհավորելու մեծ ցանկությամբ, իհարկե, նաեւ ընկերներս, կոլեգաներս, աշակերտներս…

-Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ հոբելյանի առթիվ լավագույն նվերը Արգենտինայում Ձեր կողմից բեմադրված «Սպարտակ»-ն էր: Կպատմե՞ք այդ մասին:

- Կնոջս` բալետի պարուհի Նադյա Դավթյանի հետ մեկնեցինք Արգենտինա` այնտեղի Պետական օպերային թատրոնի հրավերով: Սպարտակի եւ Կրասսի դերերը մարմնավորելու համար հատուկ Պետերբուգից հրավիրված էին հրաշալի մենապարողներ, որոնք ունեին ընդամենը երկու շաբաթ ժամանակ իրենց բարդ դերերը սովորելու համար: Երկու ամիս տեւած աշխատանքից հետո բեմադրությունը պատրաստ էր: Երեք պրեմիերաներ խաղացին Պետերբուրգից հրավիրված պարողները, իսկ հաջորդիվ արգենտինացիները, ովքեր իսկապես տպավորված էին «Սպարտակ»-ից, առաջարկեցին կրկին համագործակցել: Նրանց այն հարցին, թե ինչ կցանկանայի կրկին բեմադրել այնտեղ, պատասխանեցի` «Խենթացնող ջազային բալետ»:

- Անդրադառնալով ջազինԳիտեմ, որ Պարարվեստի ուսումնարանի 80-ամյակի կապակցությամբ, պատրաստվում էիք կոմպոզիտոր Չի Կորեայի ջազային երաժշտության տակ բեմադրություն կատարել:

- Այսօր ամբողջ աշխարհում ջազային երաշտության ներքո բալետային բեմադրությունները մեծ պահանջարկ ունեն: Այդ գաղափարը շարունակական է, եւ ես, օգտվելով Գարսիա Լորկայի ու Շեքսպիրի պոեզիայից, զուգահեռներ տանելով նրանց միջեւ, փորձում եմ ինչ-որ նոր, հետաքրքրական բան ստանալ: Կարեւորն այն է, որ չձանձրացնես հանդիսատեսին, որպեսզի նա անտարբեր չլինի այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում բեմում, եւ որ ասելիքդ այժմեական լինի: Ո՞վ գիտի, միգուցե հաջողվի Չի Կորեային էլ հրավրել ներկայացման պրեմիերային:

- «Սպարտակ»-ը բեմադրել են աշխարհահռչակ բեմադրիչներ` Յուրի Գրիգարովիչ, Իգոր Մայիսեեւ եւ այլք, ինչպիսի՞ն էր Ձեր «Սպարտակ»-ը:

- Ես բեմադրել եմ այն երեք անգամ` Երեւանում, Ուրուգվայում եւ Արգենտինայում, վերջինս նաեւ իր կառուցվածքով տարբերվեց: «Սպարտակ»-ն այն բալետն է, որտեղ երբեք չես կարող վերջակետ դնել: Գրիգարովիչի բեմադրած «Սպարտակ»-ը իսկապես սենսացիա էր խորհրդային իրականության մեջ 40 տարի առաջ, բայց այսօր այն արդեն այլ դինամիկա է պահանջում: Ժամանակը թելադրում է իրենը, եւ պետք է քայլես համընթաց, փորձես նորը արարել, չկրկնվել եւ զարգացնել բալետը: Դա դժվար է, երբեմն` ռիսկային, բայց անհրաժեշտություն է բալետում, այլապես հանդիսատեսին ոչնչով չես զարմացնի:

- Ունեք բեմադրական հարուստ փորձ, Ձեր բեմադրությունները պահանջված են եւ սիրված, ինչի՞ց է կախված բեմադրության հաջողությունը:

- Յուրաքանչյուր բեմադրության մեջ կյանք պետք է ներդնել, եւ դա մեծ ջանքեր է պահանջում: Երբեք միջակություն, կեղծիք չեմ սիրել. եթե մի բան անում եմ, ապա անում եմ լավ կամ չեմ անում ընդհանրապես: Բեմադրության հաջողությունը կախված է բեմադրիչից, կատարողը տվյալ դեպքում լավ գործիք է, այդպես է նաեւ երաժշտության մեջ, սակայն վերջնական հաջողության համար անհրաժեշտ է, որ ոչինչ կեղծ չլինի, բարձրակարգ պար ցուցադրվի: Բալետ բեմադրելը դժվար աշխատանք է. այն միաժամանակ երաժշտության, գրականության, նկարչության, պարարվեստի իմացության եւ վառ երեւակայության համադրություն է:

- Առաջիկայում ի՞նչ նոր բեմադրություններ սպասի հանդիսատեսը:

- Տարիների ընթացքում նկատել էի, որ հայ կնոջը մարմնավորող մենապարեր չկան հայկական դասական պարարվեստում: Այդ պատճառով որոշեցի հայկական, գեղեցիկ մենապարեր բեմադրել, տաղանդավոր աշակերտուհիներիցս մեկի` պարուհի Լիանա Հակոբյանի կատարմամբ: Այդ պարերն արդեն արժանացել են մրցանակների միջազգային մրցույթներում, դրանցից առաջինը բոլորին քաջ հայտնի «Հարճ»-ը` գեղեցիկ պարուհի Նազենիկի եւ Տրդատ թագավորի մասին պոեմի պարային մարմնավորումն էր, «Բաղվանչի»-ն` ժամանակակից թեմատիկա ունեցող բեմադրություն, ուր գլխավոր հերոսուհու ամուսինը զոհվում է Արցախյան պատերազմում: Այնուհետեւ բեմադրեցի «Սայաթ-Նովա», որը իսկապես մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում, եւ վերջինը` Հովհաննես Թումանյանի «Ախթամար» լեգենդը, որը պատրաստ է, բայց դեռ չի հանձնվել հանդիսատեսի դատին: Այն, կարծում եմ, կտարբերվի իր փայլուն դրամատուրգիայով եւ երաժշտությամբ: Նաեւ մեծ հաճույքով կցանկանայի վերականգնել տարիներ առաջ Տիգրան Մանսուրյանի հետ համատեղ իրականացված «Ձյունե թագուհին» բալետը, որի դեկորացիաներն այն ժամանակ պատրաստել էր հանրահռչակ բեմանկարիչ Էնար Ստենբերգը եւ նրա կինը` Նատալյա Պովագոն:

- Ձեր որդին` Ձեր արվեստի շարունակողը, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, տաղանդավոր եւ խոստումնալից բալետի պարող է: Կա՞ արդյոք ինչ-որ բան, որ Ձեզ չի հաջողվել իրագործել բալետում, բայց հաջողվել է նրան:

- Իմ տղան արդեն անում է այն, ինչ ինձ ժամանակին չի հաջողվել: Նա սովորել է Լոնդոնի Թագավորական դպրոցում, հրաշալի հնարավորություն ունի շփվելու բալետային համաշխարհային մեծության բեմադրիչների հետ եւ անցնելու դասական եւ մասնավորապես մոդերն պարի դպրոցը, որը մենք չունենք: Եվ ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր նա այնտեղ ստացած իր ողջ գիտելիքներն ու փորձը կբերի Հայաստան:

- Որքան էլ զարմանալի թվա, բայց այսօր երիտասարդության հետաքրքրությունը կարծես թե աճել է դասական պարի նկատմամբ, այդ մասին են վկայում նաեւ լեփ-լեցուն դահլիճները, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մեր երիտասարդների մեծ մասը շատ տաղանդավոր է, առաջադեմ եւ աստիճանաբար զարգացման ճանապարհին է: Մեզ էսթետիկա է պետք, ո՞րտեղ, եթե ոչ բալետում, այն կա. բալետն ինքնին բարձրագույն ճաշակի հետ հաղորդակցվելու միջոց է, այն ի սկզբանե եղել է թագավորական, աստվածային երեւույթ: Պատահական չէ, որ արտասահմանում այդքան գնահատում ու սիրում են արվեստի այս տեսակը: Բալետը թափթփուկների տեղ չէ, այն իսկապես անչափ գեղեցիկ է:

- Դուք բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր եք, ոսկե մեդալակիր. շարքը երկար կարելի է շարունակել: Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը կյանքում:

- Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ երկու երեխաներն են, ինչպես նաեւ կինս: Իմ ողջ սերը, կրակը այրվում է նրանց` իմ ընտանիքի մեջ: Ուրախ եմ, որ նրանք կան, այլապես ես շատ տխուր կլինեի:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Հայերեն Русский