Հարցազրույց

Մ. Հակոբյան. «Ամռանը խնդրահարույց է հատկապես միրգ-բանջարեղենի եւ ոչ ոգելից խմիչքի վաճառքը»

5 րոպեի ընթերցում

Մ. Հակոբյան. «Ամռանը խնդրահարույց է հատկապես միրգ-բանջարեղենի եւ ոչ ոգելից խմիչքի վաճառքը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան պարենային շուկայի վստահելիության աստիճանը հաճախ խնդրահարույց է դառնում տարբեր դիտարկումների ընթացքում: Մասնավորապես, նկատվող բարձր ջերմաստիճանային պայմաններում քաղաքացիների զգուշավորությունը սրվում է, շուկայի բացը' ընդգծվում: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Սպառողների ազգային ակադեմիայի, «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի հետ:

- Տիկի'ն Հակոբյան, որո՞նք են հայաստանյան պարենային շուկայի առավել խոցելի ճյուղերը: Խոցելիությունը պայմանավորվա՞ծ է եղանակային պայմաններով:

- Դրանք մրգի եւ բանջարեղենի ուղղություններն են: Հատկապես հիմա, երբ անսովոր բարձր ջերմաստիճանի պայմաններում են վաճառվում, շատ հաճախ' անմիջապես արեւի տակ: Մեր գործունեությունը մեզ ապացուցել է, որ որոշակի վերահսկողությունն ուղղակի անհրաժետություն է: Պետք է մշտապես ստուգվեն վաճառվող պտուղ-բանջարեղենի սնուցման եղանակները, պարունակող նյութերը, պարզվեն աճեցման հանգամանքները, ընթացքը, խնամքը: Հակառակ դեպքում, մրգի ու բանջարեղենի վաճառքը նույնպես յուրովի վտանգ է դառնում առողջության համար:

- Ըստ ընթացիկ տարվա 6-7 ամիսների ընթացքում ստացված դիմումների' ո՞ր ճյուղում է ամենամեծ բացը նկատվում, ո՞ր ճյուղն է ամենից շատ դառնում քաղաքացիների բողոքի առարկա:

- Կարող եմ նշել լիմոնադների արտադրության ճյուղը հանրապետությունում, առհասարակ' զովացուցիչ ըմպելիքները: Ստուգայցերի ժամանակ էլ այս ոլորտում շատ բացեր, մեծ թերություններ ենք նկատում: Խորհուրդ եմ տալիս հատկապես այս արեւային-չորային կլիմայական պայմաններում խուսափել խմիչքից, որը վաճառվում է բացօթյա պայմաններում' արեւի տակ:

- Իսկ ո՞ր ոլորտներն են, Ձեր դիտարկմամբ, առավել բարվոք վիճակում:

- Մսամթերքի շուկան, օրինակ, կարգավորել ենք: Այժմ չեք գտնի մի երշիկ, որի պիտակավորման վրա արտադրանքի հստակ բաղադրությունը գրանցված չլինի, ինչպես նաեւ առկա է տեղեկատվություն արտադրողի մասին: Բավական բարելավել ենք նաեւ կաթ-կաթնամթերքի ճյուղը: Այս առումով այսօր արդեն եւս կարող ենք վստահ լինել, որ որակյալ սնունդ ենք օգտագործում' պատշաճ պայմաններում վաճառվող: Հրուշակեղենն է բավականին վստահելի եւ որակյալ: Մասնավորապես, մերը' հայրենական արտադրությանը, որի պահպանման ժամկետները կարճ են, իսկ արտադրանքը' մշտապես թարմ: Մինչդեռ եվրոպական տարբեր երկրներից ներկրված քաղցրեղենը սովորաբար ունենում է մինչեւ մի քանի ամիս պիտանելիության ժամկետ, սակայն երբեք չենք իմանում' ինչ պայմաններում է պատրաստված, որքանով է ապահով, ինչ ճանապարհով է հասել Հայաստան, ինչ պայմաններում: Տեղական արտադրանքի վրա այժմ արդեն առկա է արտադրողի մասին տեղեկություն:

- Սննդամթերքով պայմանավորված ի՞նչ հիվանդություններ են Ձեզ հայտնի, որ առավել լայն տարածում են գտնում ամռանը:

- Օրինակ' կարտոֆիլային հիվանդությունը: Այն հատկապես ամռանն է տարածվում: Բարեբախտաբար, սակայն, այդ հարցը լուծվել է, եւ հիվանդության տարածումն այլեւս սպառնալիք չէ հայաստանյան սպառողի համար: Ներդրվել են հատուկ պատրաստուկներ, որ փչելու եղանակով բացառում են կարտոֆիլային հիվանդությունն ու դրա տարածումը:

- Ամենախնդրահարույց ճյուղերից ո՞րը կառանձնացնեք, որ ձեր կազմակերպության գործունեության ընթացքում միշտ առկա է եղել հայաստանյան շուկայում:

- Իհարկե, հացի խնդիրը: Մարդ կարող է սննդի ինչ-որ տեսակներից հրաժարվել, սակայն հացից' ոչ: Սա ազգային խնդիր է, եւ այս մասով ազգային ծրագիր է պետք մշակել: Բացի քաշից, գնից, դրանց համապատասխանությունից կամ անհամապատասխանությունից, պետք է կարեւորենք նաեւ պատրաստման գործընթացը: Օրինակ' հավելումները' վիտամին կոչվածները: Արդեն հասել ենք այն բանին, որ դրանք եվրոպական երկրներից ներկրեն: Երբ գնում ենք ստուգայցերի, մեզ ցույց են տալիս' ներկրված Բելգիայից կամ Գերմանիայից, բայց արտադրամասերի մի որոշ քանակություն դեռ պահպանվում է, որ շարունակում է այդ հավելումները ձեռք բերել Թուրքիայից, Պարսկաստանից. անորակ են, էժանագին: Երբեմն էլ հավելումներն օգտագործում են մի քանի անգամ ավել, քան պետք է:

Ամառվա այս շոգին էլ խորհուրդ կտամ մեր ազգի սիրած տաք հացը չվերցնել պոլիէթիլենային այդ տոպրակներով, որոնք հացի տաքությունից եւ շոգից թրջվում են, մանրէները փոխանցում հացին:

Հարցազրույցը' Նելլի Դավթյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում