Դիվանագիտական դպրոցի առաջին լավագույն շրջանավարտները վերապատրաստվում են ամերիկյան Թաֆթս համալսարանում
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի առաջին 25 շրջանավարտներից 12-ն ընդունվել են նախարարություն աշխատանքի` որպես կրտսեր դիվանագետներ: Դիվանագիտական դպրոցի ներկայիս գործունեության եւ առաջիկա ծրագրերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ:
-Պրն Գաբրիելյան, արդեն մոտ երկու տարի է` գործում է Դիվանագիտական դպրոցը: Ինչպիսի՞ հաջողություններ է վերջինս գրանցել:
-Ընդհանրապես ուսումնական որեւէ հաստատության հաջողությունների մասին կարելի է խոսել միայն տարիներ շարունակ կայուն արդյունքներ արձանագրելու` շրջանավարտների, նաեւ գիտահետազոտական աշխատակիցների, եթե այդպիսիք կան, հաջողությունների դեպքում: Այդ առումով չափազանց վաղ է ամփոփումներ անելը, քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) գործում է 2010թ. փետրվարից: Դպրոցի գործունեության առաջնային նպատակն է դիվանագիտական կադրերի պատրաստումը` բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, ինչից եւ դպրոցը սկսել է իր գործունեությունը: 2011թ. սկզբին դպրոցն ունեցավ իր առաջին 25 շրջանավարտները, որոնցից 12-ը, որոնք ունեին լավագույն ցուցանիշներ, ընդունվեցին աշխատանքի Արտաքին գործերի նախարարություն` որպես կրտսեր դիվանագետներ: Կարող եմ գոհունակությամբ ասել, որ նրանք ոչ միայն արդեն հաջողությամբ ավարտել են սահմանված փորձաշրջանը, այլ հաջողությամբ մասնակցել են ԱՄՆ Թաֆթս համալսարանի` Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի հատուկ դասընթացի մրցույթին, եւ այժմ այնտեղ լրացուցիչ վերապատրաստում են անցնում: Կարծում եմ` սա արդեն գնահատական է մեր դպրոցին, որովհետեւ ընտրվածների բացարձակ մեծամասնությունը մեր շրջանավարտներն են: Հաճելի է նաեւ ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարներից լսել, որ նրանք գոհ են մեր սաների պատրաստվածությունից: Ես վստահ եմ, որ ամեն տարի մենք կատարելագործելու ենք մեր ուսումնական գործընթացը եւ մեր ունկնդիրներին տալու ավելի շատ բան ենք ունենալու: Այս տարվա մարտից մեկնարկեց դիվանագիտական կադրերի պատրաստման 2011թ. դասընթացը: Այժմ դպրոցն ունի 25 ունկնդիրներ, որոնց դասավանդելու համար Հայաստան են ժամանում միջազգային հարաբերությունների, դիվանագիտության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր բուհերից: Դպրոցն ունկնդիրներին հնարավորություն է ընձեռում նաեւ շփվելու Հայաստանի եւ արտերկրի գործող փորձառու դիվանագետների եւ պետական գործիչների հետ` այսպիսով ապահովելով տեսական դասախոսությունների եւ գործնական հմտությունների ուսուցման համադրումը: Սա, կարծում եմ, մեր դպրոցի ամենամեծ առավելությունն է այլ ուսումնական հաստատությունների համեմատ. ունկնդիրները կարողանում են անմիջապես շփվել իրենց ապագա մասնագիտության ոլորտի բազմափորձ մասնագետների հետ եւ անմիջական շփման, հարցուպատասխանի, քննարկումների միջոցով ավելի լավ պատկերացում կազմել իրական դիվանագիտության եւ կառավարման մասին: Շատ եմ կարեւորում նաեւ այն հանգամանքը, որ նրանց հնարավորություն ենք տալիս լսելու տարբեր երկրների եւ տարածաշրջանների ներկայացուցիչների, տեղեկանալու նույն հարցի մասին տարբեր կարծիքների եւ դիրքորոշումների, ձեռք բերելու առավել ընդգրկուն աշխարհայացք, ինչը բացառիկ կարեւոր է լավ դիվանագետ լինելու համար:
Շրջանավարտները ստանում են ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ավարտական վկայականներ:
Դպրոցի գործունեության մյուս կարեւոր խնդիրն է դիվանագետների, ինչպես նաեւ պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաuտումը, որի մեկնարկը կլինի այս տարի:
Դպրոցի նպատակներից է նաեւ միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մաuնակցելը: Այս ուղղությամբ էլ արդեն քայլեր ձեռնարկել ենք. այլ երկրների դիվանագիտության ոլորտի կրթական նմանատիպ հաստատությունների հետ մի շարք ուղղություններով համագործակցություն նախատեսող փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվում, կապեր ենք հաստատում գործընկեր այլ հաստատությունների եւ մասնագետների հետ, թեեւ անելիքներն այստեղ դեռ առջեւում են:
-Արդյո՞ք արդարացված է այն նպատակը, որը դրվել է դպրոցի ստեղծման հիմքում:
-Նպատակը, իհարկե, արդարացված է, այլ հարց է, թե որքանով ենք մենք կարողանում իրագործել մեր առջեւ դրված խնդիրները: Դրա մասին ես չէ, որ պետք է դատեմ, թեեւ պետք է կրկնեմ, որ չնայած դրական արձագանքներ շատ ունենք, այնուամենայնիվ հիմնավորված եւ համոզիչ վերլուծության համար մեկ տարին դեռեւս չափազանց քիչ ժամանակ է:
-Ի՞նչ հեռանկարներ են սպասվում դպրոցի շրջանավարտներին:
-Ինչպես հայտնի է` Դիվանագիտական դպրոցի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ծառայության համակարգը բարձրորակ կադրերով ապահովելն է: Մեր անցած տարվա 25 շրջանավարտներից լավագույնները տարվա ընթացքում դրսեւորած առաջադիմության, ԱԳՆ-ում անցած պրակտիկայի եւ մի քանի փուլանոց ավարտական քննության արդյունքներով ընդունվեցին ԱԳՆ աշխատանքի: Դպրոցի հիմնումն արդեն ցույց է տալիս, որ կառավարությունը գիտակցում է դիվանագիտական բարձր պատրաստվածությամբ կադրերով համակարգն անընդհատ թարմացնելու, ամրապնդելու անհրաժեշտությունը, եւ մենք հուսով ենք, որ ամեն տարի ԱԳՆ կհատկացվեն որոշակի քանակի աշխատատեղեր, որոնք ըստ իրենց ցուցանիշների` կզբաղեցնեն մեր շրջանավարտները: Նրանց, ովքեր չեն ցանկանա աշխատել ԱԳՆ-ում, կամ մրցույթով չեն անցնի, մեր տված գիտելիքները,կարծում եմ, պետք կգան նաեւ առնչվող այլ ոլորտներում: Լավ մասնագետների, ժամանակակից գիտելիքներ եւ հմտություններ ունեցող անձանց պահանջարկ միշտ կա եւ լինելու է:
-Առաջիկա ընդունելությունների ծրագրում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:
-Եթե նկատի ունեք ընդունելության քննությունները, ապա որեւէ նշանակալից փոփոխություն չի նախատեսվում: Քննությունները կանցկացնենք ինչպես այս տարի: Սակայն դրա համար դեռեւս ժամանակ կա, եթե դպրոցի կառավարման խորհուրդը որեւէ փոփոխության անհրաժեշտություն տեսնի եւ մտցնի, ապա այդ մասին նախօրոք դիմորդներին տեղյակ կպահենք, թեեւ, կրկնում եմ, այս պահին նման ծրագրեր չկան:
Եթե նկատի ունեք ուսումնական ծրագրում հնարավոր փոփոխություններ, ապա դրանում եւս մեծ փոփոխություններ չեն նախատեսվում. մենք ունենք մի քանի տարվա համար հաստատված ուսումնական ծրագիր: Դա շատ կարեւոր է, այն առումով, որ ի սկզբանե փորձում ենք մշակել հնարավորինս ընդգրկուն եւ հստակ նպատակներ ունեցող ծրագիր եւ ապահովել դրա շարունակականությունը, վստահ լինելով, որ տարբեր տարիների մեր ունկնդիրներին մատուցվող գիտելիքների առումով հետեւողական ենք: Սա, իհարկե, չի նշանակում քարացած ծրագիր. դրանում փոփոխություններ, իհարկե, հնարավոր են, եթե առաջանա որեւէ առարկային առավել մեծ ուշադրություն դարձնելու կարիք, կամ ընդհանրապես արտաքին հարաբերությունների, դիվանագիտության ոլորտի դասավանդման պրակտիկայում ներմուծվեն արդիական նոր հասկացություներ կամ առարկաներ: Այդ դեպքում, իհարկե, ժամանակից չպետք է հետ մնանք, այլապես չենք լինի Դիվանագիտական դպրոց: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կկարողանաք ունենալ մեր ավանդույթները, եւ ժամանակակից գիտելիքներ տրամադրող հաստատության համբավ:
Հարցազրույցը` Հասմիկ Փայտյանի