Հարցազրույց

Ժ.Սոարեշը պատրաստ է քննարկումների բոլոր շահագրգիռ կողմերի հետ` ԼՂ հակամարտության կարգավորման համար

6 րոպեի ընթերցում

Ժ.Սոարեշը պատրաստ է քննարկումների բոլոր շահագրգիռ կողմերի հետ` ԼՂ հակամարտության կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 9-ին` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, վեհաժողովի նախկին նախագահ, պորտուգալացի Ժոաո Սոարեշը նշանակվեց Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ: Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը Ժոաո Սոարեշի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը:

-Բանակցությունների ներկայիս փուլը խիստ կարեւոր է: Կարծում եմ` լավ հիմքեր կան զգուշավոր լավատեսության համար: Ներկայում առկա է աճող ընկալումն այն հարցում, որ ստատուս-քվոն լավ չէ կողմերից եւ ոչ մեկի համար, եւ որ ժամանակը չի աշխատում որեւէ մեկի օգտին: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացը թեւակոխի հաջորդ փուլ:

-Խոսակցություններ կան այն մասին, որ Մինսկի խմբի ձեւաչափն անարդյունավետ է: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նման խոսակցություններին:

-ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն հնարավոր ձեւաչափն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: ԵԱՀԿ-ն` իր ընդգրկուն անվտանգության հայեցակարգով եւ անդամակցության լայն շրջանակով, լավագույնս կարող է օժանդակել Հայաստանին եւ Արբեջանին այս հակամարտության լուծման գործում: Այնուամենայնիվ, Մինսկի խումբը ստեղծված չէ կողմերից մեկին լուծում պարտադրելու համար: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան: Լուծումը պետք է լինի փոխզիջման տեսքով, ուստի` երկու կողմերն էլ կարիք ունեն հրաժարվելու իրենց որոշ պահանջներից: Սա բարդ գործընթաց է, եւ հակամարտության կողմերի համար բավականին ցավոտ: Սակայն խաղաղ լուծումն առաջընթացի միակ կենսական ուղին է:

-Հակամարտության կարգավորման գործընթացում ո՞րն է Լեռնային Ղարաբաղի դերը: Չեք կարծում, որ այն պետք է դառնա բանակցային կողմ:

-Լեռնային Ղարաբաղի բնակչության երկխոսությունն այնտեղից արտագաղթած ադրբեջանական բնակչության հետ շատ կարեւոր է: Բուն բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը լավագույնն է բոլոր կողմերի համար. առավել վաղ տեղի ունեցած քննարկումների ընթացքում որոշվել է, որ բանակցություններին պետք է մասնակցեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այս փուլում ձեւաչափի փոփոխությունը սխալ կլինի: Որպես հատուկ ներկայացուցիչ` ես բաց կլինեմ քննարկումների համար հակամարտության երկու կողմերում` բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

-Բացի նախագահների մակարդակով շփումներից, ի՞նչ այլ շփման հնարավորություններ եք տեսնում, որոնք կարող են օժանդակել խնդրի կարգավորմանը: Այս առումով ի՞նչ դեր կարող են խաղալ խորհրդարանականները:

-Երկու նախագահները եւ արտաքին գործերի նախարարները պատասխանատվություն են կրում բանակցությունների համար, սակայն տարբեր «խաղացողներ» ունեն տարբեր դերեր, հատկապես այն պահից ի վեր, երբ համաձայնութունը ձեռք կբերվի: Խորհրդարանի ներկայացուցիչները կարող են ուղղակի կապեր ապահովել քաղաքական համակարգերի եւ այն ընտրողների միջեւ, որոնց իրենք ներկայացնում են: Այսպիսով` նրանք վճռական դեր են խաղում ցանկացած համաձայնության համար հանրային աջակցության ապահովման առումով: Խորհրդարանականները պատասխանատու են ժողովրդին` քաղաքական որոշումների հետ հաղորդակից դարձնելու առումով: Այս կերպ խորհրդարանի անդամները կարող են հիմք պատրաստել խնդրի լուծման եւ դրա իրականացումն առաջ մղելու համար:

-Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք հասարակական մակարդակում որեւէ հաշտեցում, այն պարագայում, երբ Ադրբեջանը դեռ շարունակում է օգտագործել ռազմատենչ հռետորաբանություն եւ սեփական հասարակությանը պատրաստում պատերազմի:

-Հաշտության եւ վստահության կառուցումը ցանկացած հակամարտության կարգավորման «ողնաշարն» է, եւ ես կարծում եմ, որ դրանք իրենցով կարող են բերել հռետորաբանության փոփոխության: Հաղորդակցությունը կարեւոր եւ հզոր քաղաքական գործիք է, եւ կարծում եմ, որ երբեմն ժողովուրդները թերագնահատում են բառերի դերը: Հուսով եմ, որ երկու կողմերի հետ էլ կքննարկեմ բորբոքիչ հռետորաբանությունից զերծ մնալու հարցը:

-Ի՞նչ կարող են կողմերը սպասել Ձեր տարածաշրջանային այցից:

-Ես բազմաթիվ անգամներ այցելել եմ Հարավային Կովկաս, իսկ ամենավերջին այցս 2010թ-ի գարնանն էր, երբ աշխատում էի որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այսպիսով լավ կապեր ունեմ տարածաշրջանում, ինչի վրա էլ կարող է հիմնվել իմ աշխատանքը: Հուսով եմ, որ կկարողանամ բոլոր երեք երկրներում էլ շարունակել քննարկումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, հատկապես` չլուծված հակամարտությունների առումով: Իմ մանդատը ներառում է ԵԱՀԿ ԽՎ-ին եւ նախագահին պարբերական զեկույցների ներկայացում, եւ ես կարիք կունենամ լսելու բոլոր կողմերին` հավասարակշռված զեկույցներ պատրաստելու համար: Կարծում եմ` վեհաժողովում հակամարտությունների վերաբերյալ առավել լայն քննարկումներն առաջ մղելու կարիք կա, եւ հուսով եմ, որ իմ տարածաշրջանային այցերը կօգնեն ապահովելու այդ քննարկումների անցկացումը:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում