Հարցազրույց

Ա. Ղարիբյան. «Հայագիտության հեղինակությունն օրավուր աճում է»

7 րոպեի ընթերցում

Ա. Ղարիբյան. «Հայագիտության հեղինակությունն օրավուր աճում է»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008թվականին: Այն ունի 8 ստորաբաժանում: Ինստիտուտի ձեռքբերումների, առաջիկա քայլերի, հայագիտության դերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ԵՊՀ գիտակազմակերպական բաժնի վարիչ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալիկ Ղարիբյանի հետ:

- Ինչպիսի՞ն է հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ մեզ մոտ եւ աշխարհում:

- Պետականության կայացմանը զուգահեռ, մենք պիտի կարեւորենք հայագիտության տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքները' սկսած հենց հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքից: Հայագիտության հեղինակությունն օրավուր աճում է: Անկախ պետականության կայացմանը զուգահեռ, է'լ ավելի է մեծանում հայագիտության նշանակությունը: Իսկ հետաքրքրությունը տարբեր շերտերի մոտ կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ: Իմ կարծիքով' գիտական շրջանակներն այսօր մեծ անելիք ունեն հայագիտության տարբեր ոլորտներում' սկսած ցեղասպանագիտությունից, ավարտած առօրյա խնդիրներին առնչվող գիտական տարբեր մոտեցումներով:

- Ինստիտուտի ձեռքբերումները նաեւ մեր երկրի սահմաններից դուրս ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

- Իհարկե, նման աշխատանքներ տարվում են: «Բանալին» հիմնականում մեր ինստիտուտի կայքն է հանդիսանում: Մենք նաեւ հոդվածներ ունենք, որոնց մասին թեեւ չենք խոսում, սակայն տարբեր լեզուներով' ռուսերեն, անգլերեն, տպագրվում են հոդվածներ: Կցանկանայի նշել նաեւ մեր վիրտուալ հայագիտության բաժնի մասին, որը, փաստորեն, զբաղվում է հիմնականում Ադրբեջանի, Թուրքիայի կողմից հրապարակվող հակահայկական նյութերի, իրենց կողմից տարածվող տեղեկատվության, գիտական հրատարակությունների մոնիթորինգով: Այդ ամենն արդեն իսկ ամփոփվել է, եւ մենք համապատասխան մասնագիտական բազա ունենք, դրանք կուղղորդվեն, եւ լիարժեք պատկերացում կազմելուց հետո մենք կսկսենք ոչ թե հակադարձել, այլ մեր խոսքն ասել այդ ուղղությամբ: Իմ կարծիքով' դա լրացուցիչ խթան կլինի տեղեկատվության ճիշտ ներկայացման տեսանկյունից: Անձամբ ես անգլերեն երկու հոդված ունեմ, ռուսերեն հոդվածներ եւս: Խոսքն աստիճանաբար ուղղելու ենք դրսի լսարանին, նաեւ ցանկալի է, որ աշխարհասփյուռ հայությանը հասանելի լինի այն գրականությունը, որը մեզ մոտ տպագրվում է,այսինքն' աշխատանքները, որոնք կատարվում են, արտացոլվեն նաեւ հայերեն: Հետագայում պլանավորվում է նաեւ համագործակցություն դրսի հայագիտական կառույցների հետ: Ինստիտուտը նորաստեղծ է, դեռ երեք տարվա պատմություն ունի' երկուսից մի քիչ ավել, եւ այդ աշխատանքները բավական խոստումնալից են:

- Ինչպիսի՞ համագործակցություն կա Հայաստանից դուրս գործող կենտրոնների հետ:

- Որպես այդպիսին' մինչեւ ինստիտուտի ստեղծումն այն գործել է ԵՊՀ-ում' որպես հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն: Կենտրոնի կապերը շատ մեծ են եղել, ունեցել ենք բազմաթիվ երկրների գիտական կառույցների հետ համագործակցություն' հայագիտական կենտրոններից սկսած' մինչեւ արտասահմանյան գիտական կենտրոնների հետ: Օրինակ' մեր հնագիտական լաբորատորիան համատեղ պեղումներ է իրականացնում իսպանացիների հետ, իսկ քարտեզագրության լաբորատորիան' ֆրանսիական հայտնի ընկերությունների հետ: Պարբերաբար այցելություններ են իրականացվում: Մենք գիտաժողովներ ենք կազմակերպել Լեռնային Ղարաբաղի խնդրով' «ԼՂՀ անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով: Այն միջազգային բնույթի է եղել,որն անցկացվել է Ստեփանակերտում: Կա, իհարկե, եւ ակտիվորեն շարունակվում է համագործակցությունն, օրինակ, Ռուսաստանի տարբեր համալսարանների հետ. մեր ինստիտուտի տնօրենը Վոլգոգրադի համալսարանում հիմնեց հայագիտական կենտրոն, որտեղ արտացոլվեցին նաեւ մեր կողմից կատարված աշխատանքները, մենք նրանց նաեւ նյութերով ենք օժանդակում, համագործակցում ենք Ուրալի համալսարանի եւ շատ բուհերի հետ, ինչպես նաեւ արտասահմանյան ու տեղական շատ կառույցների հետ: Մենք ակտիվորեն փորձում ենք համագործակցել հայագիտական ուղղվածություն ունեցող ներհայաստանյան մյուս կառույցների հետ' Պատմության ինստիտուտի, ակադեմիայի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի նախարարության, համատեղ գիտաժողովներ, քննարկումներ ենք իրականացնում: Բացի այդ, Հայոց բանակի ստորաբաժանումներում հայագիտական ինստիտուտի աշխատակիցները տարբեր կարգի միջոցառումների են մասնակցում' դասախոսություններից սկսած մինչեւ քննարկումներ, գիտաժողովներ եւ այլն: Կուզենայի շեշտել նաեւ հակահայկական տեղեկատվությանը վերաբերող, հիմնականում' ադրբեջանական, ինչ-որ տեղ նաեւ թուրքական քարոզչության թեմայի շուրջ Պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի հետ կազմակերպված համահայկական գիտաժողովը, որը փաստորեն, ամփոփեց Հայաստանում այս ոլորտում կատարվող աշխատանքները: Ակտիվ մասնակցություն ունեցավ ոչ միայն Երեւանի պետական համալսարանը, այլեւ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը' իր աշխատակիցներով: Նյութեր հրապարակվեցին, եւ դրանք շատ կարեւոր են ոլորտում պատկերացում կազմելու համար:

- Իբրեւ ամփոփում' ի՞նչը կնշեք' որպես ինստիտուտի ամենամեծ ձեռքբերում, եւ որո՞նք են լինելու առաջիկա քայլերը:

- Ամենամեծ ձեռքբերումն, ըստ իս, այն է, որ կառույցը, որպես այդպիսին, կայացել է, եւ կարծում եմ' արդեն թիմը համախմբած կարողանում է ներդաշնակ աշխատանքներ տանել: Առաջիկա քայլերը լինելու են' որքան հնարավոր է ինստիտուտի աշխատանքի կատարողականն արդյունավետ դարձնել մի շարք ոլորտներում, որոնք գիտության եւ պետականության տեսանկյունից շատ հրատապ են, հատկապես' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, նպաստել եւ պետական քաղաքականությանը համահունչ Արցախյան հիմնախնդրում ունենալ դերակատարություն, հասարակության մեջ մեծացնել հայագիտության դերը, հասկացնել, որ դա ազգային ինքնության պահպանման խնդիր է:

Հարցազրույցը` Հայկանուշ Թորոսյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում