Գ. Բաղիյան.«Առկա են անասնագլխաքանակի եւ անասնաբուծական մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու հուսալի նախադրյալներ»
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է 2011 թվականի գերակա ճյուղ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում մի քանի ուղղություններով, կյանքի են կոչվում խոշոր ծրագրեր ոլորտի զարգացման նպատակով: Նախարարության կողմից անասնաբուծության ոլորտում իրականացվող ծրագրերի եւ անասնաբուծության վիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի հետ:
-Պարո'ն Բաղիյան, ինչպե՞ս է գնահատվում անասնաբուծության վիճակը, եւ ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել տարվա ընթացքում:
-Ներկայում անասնաբուծության ոլորտում նկատվում են անասնագլխաքանակի ավելացման կայուն միտումներ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2011թվականի հունիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 1.5 հազարով, խոզերինը' 3.5 հազարով, իսկ ոչխարներինն ու այծերինը' գրեթե 23 հազարով: Անասնաբուծության ոլորտում առկա դրական տեղաշարժերը հուսալի նախադրյալներ են' 2011 թվականին արձանագրելու նախորդ տարվանից բարձր ցուցանիշեր' թե' անասնագլխաքանակի, եւ թե' անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման առումով:
Ակնկալվում է, որ միայն անասնագլխաքանակի ավելացման շնորհիվ 2011թվականին նախորդ տարվանից ավելի կարտադրվի գրեթե 3 հազար տոննա միս, եւ մսի արտադրության տարեկան ծավալը կկազմի 127 հազար տոննա, իսկ կաթի արտադրությունը կավելանա 8-9 հազար տոննայով եւ կկազմի 610 հազար տոննա:
-Անասնաբուծության ոլորտում իրականացվող ծրագրերից որո՞նք կառանձնացնեիք, եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվել այդ ուղղությամբ:
-Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2011թ-ին արտերկրից կներմուծվեն եւ հանրապետության առաջատար ֆերմերային տնտեսություններին կհատկացվեն ավելի քան 200 գլուխ տոհմային երինջներ: Այդ կենդանիները տարաժամկետ վճարման կարգով կհատկացվեն ֆերմերներին, եւ վերջիններս կենդանու արժեքը կհատուցեն 4 տարվա ընթացքում:
Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, հանրապետություն է ներկրվել 1 222 գլուխ բարձրարժեք տոհմային երինջ: Անհրաժեշտ է փաստել, որ ներկրված տոհմային կենդանիներն ունեն բարձր մթերատվություն:
Նախարարությունը մշակել է «Հայաստանում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ», որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Հայեցակարգում, ըստ մարզերի, վերլուծվում է արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, որից ելնելով եւ մարզերի բնատնտեսական հնարավորությունների համապատասխան' սահմանվել են ոչխարների օպտիմալ գլխաքանակները 2011-2020 թվականների համար: Հայեցակարգով նախատեսվում է աստիճանաբար սահմանափակել ոչխարների գլխաքանակի աճը Արարատի եւ Արմավիրի մարզերում, որտեղ խիստ սահմանափակ են արոտները եւ ավելացնել ոչխարների գլխաքանակը Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում: Այնտեղ կան ընդարձակ արոտավայրեր, իսկ արոտավայրերի ծանրաբեռնվածությունը նվազել է 3-4 անգամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որի շրջանակներում առաջիկա տարիներին հանրապետության 6 մարզերի 55 գյուղական համայնքներում նախատեսվում է իրականացնել արոտների բարելավմանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված համալիր միջոցառումներ: Այդ նպատակով ընթացիկ տարում Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 40 համայնքներում կազմակերպվել են շուրջ 80 հանդիպումներ եւ ժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են արոտների կառավարմանն ու անասնապահության զարգացմանը միտված համայնքային ծրագրերը:
Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն արոտավայրերի ճանապարհները, կստեղծվեն կենդանիների ջրելատեղեր, անասնապահների կացարաններ, իսկ առանձին տեղերում կիրականացվեն էլեկտրամատակարարման եւ ֆերմերների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ:
-Խոսեցիք կաթի արտադրության ծավալների մասին, իսկ ինչպիսի՞ գնային քաղաքականություն է իրականացվում կաթի մթերման ոլորտում այս տարի:
-Եթե տարիներ առաջ կաթի մթերումն իրականացվում էր մինչեւ 90 դրամի սահմաններում, ապա այսօր կատարվում է 140-150 դրամի սահմաններում: Տեղեր կան նույնիսկ մթերումներ են կատարում 170 դրամով: Սա, բնականաբար, ունի իր ազդեցությունն անասնապահության զարգացման վրա: Գյուղացիների հետ ունեցած իմ զրույցները ցույց են տվել, որ նրանց մոտ կա շահագրգռություն անասնագլխաքանակն ավելացնելու հարցում: Ուրախալի է այն,որ երինջներն են ավելացել, դա նշանակում է' վաղը, մյուս օրը հորթի թվաքանակն ու կաթի ծավալները կավելանան:
-Ի՞նչ խնդիրներ կան կենդանիների պատվաստման գործում, եւ որքանո՞վ են դրանք լուծելի:
-Անասնաբուժական պրոֆիլակտիկ միջոցառումներն ուղղված են կենդանու առողջության պահպանմանը: Իրականացվում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիր», որը բաղկացած է 2 բաղադրիչից' համայնքային անասնաբույժների աշխատավարձի վճարում, որը կազմում է 510 մլն դրամ եւ պատվաստանյութերի ձեռքբերում, որը կազմում է 490 մլն դրամ: Տարեսկզբից Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության կառույցը վերափոխվեց եւ վերանվանվեց Սննդամթերքի անվտանգության ծառայություն, որին միացավ նաեւ բուսասանիտարիայի տեսչությունը: Հաշվի առնելով որոշ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանները' ծառայության կառուցվածքային փոփոխությունը ձգձգվեց որոշ ժամանակահատված, ընդհուպ մինչեւ այսօր: Այսօր էլ դեռ շարունակվում են կառուցվածքային փոփոխությունները: Ելնելով այս հանգամանքից' պատվաստանյութերի, ախտահանիչ նյութերի ձեռքբերումն ուշացավ: Եթե նախորդ տարիներին աշխատանքն իրականացվում էր մարտ-ապրիլ ամիսներին, ապա այս անգամ պատվաստանյութերի ձեռքբերումը տեղափոխվեց մայիսի կեսեր:
Գյուղատնտեսության նախարարությունը մոբիլիզացրել է իր բոլոր ուժերը եւ մարզպետարանների, համայնքնապետարանների հետ միասին համապատասխան միջոցառումներ է իրականացնում' բացը լրացնելու համար: Առաջին կիսամյակի համար արդեն անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր ձեռք են բերվել: Դրանք տեղափոխվել են համայնքներ: Պայմանագրեր են կնքվել շուրջ 850 անասնաբույժների հետ: Ճիշտ է' կան դժվարություններ, քանի որ անասուններն արոտավայրեր են տեղափոխվում, սակայն բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են պատվաստումներն իրականացնելու համար:
-Պատվաստանյութերի ձեռքբերումն ուշացնելու հետեւանքով արդյո՞ք կենդանիների շրջանում եղել են բռնկումներ:
-Որոշ համայնքներում ունեցել ենք բռնկումներ, սակայն դրանք փոքր են եղել, եւ ժամանակին համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ հնարավոր է եղել մարել դրանք' կանխելով հետագա տարածումը: Անհանսգստանալու խնդիր չկա:
-Անասնաբույժների աշխատավարձերի վճարման հետ կապված խնդրի լուծումն ի՞նչ փուլում է:
-Խնդիրը համարում եմ լուծված: Ճիշտ չեն այն խոսակցությունները, թե ընդհանրապես վճարումներ չեն կատարվում: Արդեն 4 ամսվա աշխատավարձերը փոխանցված են: Անասնաբույժները մայիսի աշխատավարձը կստանան հունիս ամսվա ընթացքում:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի