8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3,3 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 35,6տոկոսը: Թեմայի վերաբերյալ պտտվող տարբեր խոսակցությունների եւ կանխատեսումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի հետ:
-Պարո'ն Մարգարյան, նախորդ տարի արձանագրված արտաքին պետական պարտքի ցուցանիշը պակաս էր 2010թ-ի համար ի սկզբանե ակնկալվող 40 տոկոսի սահմանագծից: Սակայն որոշ փորձագետներ այդ ցուցանիշն անհանգստացնող են համարում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք:
-Երբ 2009-2010 թվականներին արտաքին պետական պարտքի կտրուկ աճ տեղի ունեցավ, այն մեծ անհանգստություն առաջացրեց մի խումբ մարդկանց շրջանում, որոնք այս ասպարեզում քիչ գիտելիք ունեին: Բայց պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը մշտապես հետեւել է պարտքի կառավարելիության խնդրին, եւ դա եղել է առաջնային հարց: Մենք ընդունում ենք բազմաթիվ միջազգային պարտավորություններ, որպեսզի հասկանալի լինենք բոլոր վարկատուների եւ բոլոր նրանց համար, ում համար Հայաստանը գրավիչ է ներդրումային տեսանկյունից: Առաջինը, որ խորհուրդ կտայի' հետեւել այն չափորոշիչներին, որոնք բնութագրում են պարտքը: Այդ չափորոշիչները մշակվել են Համաշխարհային բանկի կողմից եւ ընդունված են աշխարհի բոլոր երկների կողմից: Դրանք ցույց են տալիս պարտքի բեռի ծանրությունը տվյալ երկրի համար: Ըստ այդ չափորոշիչների' երկրները դասվում են նվազ, միջին եւ բարձր պարտքային բեռ ունեցող: Ընդհանրապես, վտանգավոր են համարվում այն երկրները, որոնք բարձր պարտքային բեռ ունեն: Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր ցուցանիշերով ներկայում կամ նվազ, կամ միջին պարտք ունեցող երկրների շարքում է: Իսկ այդ բոլոր միջին ցուցանիշերը դրա նվազագույնի վրա են: Մենք արտաքին պետական պարտքը գնահատում ենք նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ. մեզ մոտ այն 34-35 տոկոս է, որը բավականին ցածր ցուցանիշ է համարվում ամբողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետության համար թույլատրելի տոկոսը ՀՆԱ-ի 60 տոկոսն է, իսկ մենք փորձելու ենք չանցնել 50 տոկոսը: Մենք, ամեն դեպքում, մշակում ենք մի քանի սցենարներ' վատագույնից մինչեւ լավագույն: Բոլոր այդ սցենարների համար պարտքային քաղաքականությունն ընտրվում է այնպես, որ 50 տոկոսի սահմանագիծը կամ չհատենք, կամ հատելուց էլ' շատ կարճ ժամանակով: Մինչ այսօր մեր կառավարությունը հետեւել է այդ վարքագծին եւ չի էլ պատրաստվում դրանից շեղվել:
-Որքա՞ն է ակնկալվում այս տարեվերջին ՀՆԱ/արտաքին պետական պարտք հարաբերակցությունը:
-Այս տարեվերջին նախատեսվում է, որ արտաքին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 35.9 տոկոսը: Ընդհանրապես պարտքի հետ կապված այդ բոլոր ցուցանիշերն արձանագրված են պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում, որը պաշտոնական փաստաթուղթ է եւ մտնում է միջնաժամկետ պարտքային ծրագրի մեջ: Այն ամեն տարի թարմացվում է եւ կազմվում առաջիկա երեք տարիների համար: Հիմա գործում է 2012-2014 թվականների համար ռազմավարությունը: Այդ թվականների ծրագրով արտաքին պարտքի համար նախատեսված է մինչեւ 30 տոկոս, իսկ ընդհանուր պարտքի ցուցանիշը կլինի 35-36 տոկոսի շրջակայքում: Սա դեռ նախագիծ է եւ կարող է փոփոխություններ կրել, բայց դրանք շատ չնչին կլինեն: Ի միջի այլոց, 2013-2014 թվականներին պարտքերի մարման պիկ ժամանակաշրջան է լինելու, այսինքն' մարումների ծանրաբեռնվածությունն այդ տարիներին ավելի մեծ է լինելու, քան հաջորդող կամ նախորդող տարիներին: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ տարիներին սկսվում է ռուսական պարտքի մարումը, որը 2009թ-ին ենք վերցրել եւ նախատեսվում է Արժույթի միջազգային հիմնադրամից ներգրավված միջոցների միանգամյա մարումը: Դրանք նույնպես ներառված են մեր բոլոր հաշվարկների մեջ: Դրանք բյուջեի համար շատ մեծ լարվածություն չեն առաջացնի. պարտքային բեռը կմեծանա, բայց բյուջեի համար ճնշող չի լինի: Մեզ մոտ կա մի մտավախություն. երբ խոսում են պարտքի մասին, միշտ ավելի մեծ թիվ են ասում, քան բյուջեից սպասարկվող պարտքն է: Պետք է միշտ հիշել, որ այդ պետական պարտքը բաղկացած է երկու բաղադրիչներից' պարտք, որը ներգրավում է կառավարությունը, եւ որը մարվում է բյուջեի միջոցների հաշվին եւ պարտք, որը ներգրավում է Կենտրոնական բանկը' ինքն էլ այն իր միջոցներից մարելով: Ապրիլի 30-ի դրությամբ' մեր պետական ամբողջ պարտքը 3 մլրդ 949 մլն դրամ է, որից արտաքին պարտքը 3 մլրդ 442 մլն դրամ, որից կառավարության արտաքին պարտքը 2 մլրդ 854 մլն դրամ է, մնացածը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է: Քանի որ Կենտրոնական բանկը շուկայական պայմաններով է գումարներ ներգրավում, իսկ մենք արտոնյալ պայմաններով, ապա մարումների մեջ նրանց չափաբաժինն ավելի մեծ տեսակարար կշիռ է ունենում: Հետեւապես հայտարարել, թե բյուջեի հաշվին են այդ ամբողջ պարտքերը մարվում, սխալ է:
-Արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, արտահանման հետ հարաբերակցությամբ' միջին: Այս տարվա առաջին եռամսյակում արտահանման ծավալների' նկատված աճի, եւ տարվա ընթացքում արտահանման ծավալների նպատակային ավելացման պարագայում հնարավո՞ր է արդյոք հարաբերակցության փոփոխություն:
-Իմ կարծիքն այս հարցում մի փոքր կողմնակալ կլինի. պարտքի կառավարչի տեսանկյունից միշտ հաճելի է, որ ՀՆԱ աճն ավելի բարձր լինի, քան արտաքին պետական պարտքինը: Կարծես' առաջիկա տարիներին կարողանալու ենք նման իրավիճակում հայտնվել, որովհետեւ ներկայիս վարվող տնտեսական քաղաքականությունը տնտեսական աճ ձեւավորող քաղաքականություն է: Եվ իմ կանխատեսումներով' այդ միտումը շարունակական կլինի:
-Ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել արտաքին պետական պարտքի նախաճգնաժամային ցուցանիշը:
-Նախաճգնաժամային փուլում ՀՆԱ/արտաքին պետական պարտք հարաբերակցությունը 15-16 տոկոս էր: Դա, հավանաբար, հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մենք հավելուրդով աշխատենք, այսինքն' բյուջեն դեֆիցիտի փոխարեն հավելուրդով աշխատի: Առաջիկա երկու-երեք տարիների ռազմավարությունը մշակելիս պարզ երեւում է որ մենք գնում ենք ե'ւ դեֆիցիտի կրճատմանը, ե'ւ ՀՆԱ/ պարտք հարաբերակցության կարգավորմանը: Բայց ասել, որ մենք նման թիրախ ենք ընտրել, որ պարտքը կազմի ՀՆԱ-ի 15 տոկոսը, նման հարց դեռ չի բարձրացվել:
-Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի վարկային պարտավորությունների վերաձեւակերպում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:
-Վերաձեւակերպում մենք արդեն իսկ արել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Դա մշտական գործընթաց է, եւ ցանկացած պարտքի կառավարիչ մշտապես զբաղված է դրանով' իր պարտքի պորտֆելի վիճակը բարելավելով: Վերաձեւակերպել' նշանակում է վարկի պայմանները բարելավել, տոկոսադրույքը մեղմացնել, արտոնյալ ժամկետներ ստանալ, վճարման ժամանակացույցը հետաձգել: Օրինակ' 2009թ-ին ԱՄՀ-ից ստացված վարկը երկու մասից է բաղկացած, որից առաջինն այլ պայմանով ստացանք, մյուս մասը վերաձեւակերպելով' ավելի լավ պայմաններով: Դա մշտական գործընթաց է, որին էլ մենք ձգտում ենք:
Հարցազրույցը` Լուսինե Մարտիրոսյանի